Հարցազրույց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միության փոխատենապետուհի, «Տաթև գիտակրթական համալիր» ՍՊԸ-ի «Մանանա» ուսումնական կենտրոնի մենեջեր Կիմա Գասպարյանի հետ:
Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, Ս. Ծննդյան ութօրէքի շրջանում ենք, ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոնը:
Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի: Մեզ եւ ձեզ մեծ աւետիս: Քրիստոնյաներիս համար մեծագույն և ուրախալի տոներ են Ս. Ծննդյան և Հարության տոները: Ս. Ծննդյան իրադարձությունն աշխարհի քաղաքակրթության պատմությունը բաժանեց երկու մասի: Ս. Ծնունդով է սկիզբ դրվում մեր հոգևոր կյանքը, մեր փրկության ճանապարհը: Ամեն տարի հունվարի 6-ին Փրկիչը վերստին ծնվում է մեր մտքում և սրտում: Մսուրը, ուր ծնվեց Քրիստոս, մեր սիրտն է: Աստված ընտրեց երկիրը որպես մարդկության հետ հանդիպման մի վայր, Նա մարդացավ, որպեսզի Իր սուրբ և առաքինի կյանքի օրինակով մարդկանց աստվածանալու հնարավորություն տա: Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնն ինձ համար հոգին նորոգելու, զգաստության և հավատի ամրության մի տոն է: Ս. Ծննդյան օրը ես հաշվետու եմ իմ Փրկչին իմ ապրած կյանքի համար:
Այսօր, մեր հասարակության մեջ իրականություն այն է, որ ամանորյա տոնախմբությունն ինչ-որ չափով ստվերում է Ս. Ծննդյան տոնն ու նրա նախապատրաստության՝ պահեցողության շրջանը: Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս Ս. Ծննդյան տոնի խորհրդին հաղորդ դարձնել ընտանիքի անդամներին, հարազատներին, աշխատակիցներին և ծանոթներին:
Քրիստոսի Ծննդյամբ Տարեմուտը դարձավ հունվար ամիսը: Ամանորյա տոնակատարության սեղանները բազմազան ուտեստներով ծանրաբեռնելը և սեղանների առատությամբ մրցավազքի մեջ մտնելը ոչինչ չի տալիս մարդուն, բացի ագահությունից, որկրամոլությունից, բղջախոհությունից, նախանձից և հարբեցողությունից: Այս դեպքում խախտվում է մարդկային ներդաշնակությունը, մարդը հայտնվում է աստվածային պատկերից դուրս՝ կարևորելով արտաքին և ոչ ներքին՝ հոգևոր պատրաստությունը: Ամանորը և Ս. Ծնունդը հարկ է դիմավորել պահքով, որն ապաշխարության՝ սեփական անձի քննության, սեփական մեղքերը տեսնելու և զղջալու մի շրջան է՝ ողորմածության առաքինությամբ ուղեկցվող: Տարեմուտը և Ս. Ծնունդն այս կերպ դիմավորելը հաճելի է Աստծուն և մեզ համար փրկարար: Ինքնամաքրման և բարեգործության մեջ է կայանում քրիստոնեական ուրախությունը: Ինձ շրջապատող մարդկանց Ս. Ծննդյան խորհրդին հաղորդ եմ դարձնում իմ օրինակով, քանի որ քրիստոնեությունը կենսակերպ է, և քրիստոնյան իր միջավայրի համար աղը և լույսը պետք է լինի: Արդեն երեք տարի է ինչ Ս. Ծննդյան պահեցողությամբ տոնը վերարժևորելու և լիակատար կերպով նշելու լավագույն առիթն եմ ունենում: Շատ անգամներ մտերիմներիս, ծանոթներիս հրավիրում եմ մասնակցելու Ս. Պատարագի, ուխտագնացությունների, ներկայացնում եմ տոների պատմություններն ու խորհուրդները, առիթների դեպքում աղոթագիք կամ որևէ այլ հոգևոր գրականություն նվիրում՝ վստահ լինելով, որ կենդանի օրինակն իր սպասելի պտուղները կտա:
Որպես Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միության փոխատենապետուհի՝ կնշեք ի՞նչ դեր կարող է խաղալ կինը եկեղեցական համայնքային կյանքից ներս:
Հավատքով և վերստին ծննդյամբ մարդը դառնում է Աստծո որդեգիրը, Քրիստոսի ժառանգակիցը և Քրիստոսի մարմնի՝ եկեղեցու անդամը: Աստված իրեն հավատացողին և հուսացողին ցույց է տալիս լիակատար ճանապարհը՝ նշելով, որ զուր չէ ոչ ոքի ծնունդը: Մինչ քրիստոնեությունը կինն ուներ իրավունքների սահմանափակում, բայց քրիստոնեությամբ կնոջ հեղինակությունը բարձրացվեց, և կինն արժևորվեց իր առաքինի գործերով: Հայոց պատմությունից քաջատեղյակ ենք, թե որքան հավատավոր կանայք են մասնակցել եկեղեցաշինությանը, տղամարդկանց հետ միասին անձնազոհաբար պայքարել են հանուն հավատքի և հայրենիքի: Եկեղեցական համայնքային կյանքից ներս կանայք ընգրկվում են թե՛ ծխական խորհրդում և թե՛ տիկնանց միության մեջ՝ ծավալելով եկեղեցանվեր գործունեություն: Իսկ բոլոր կանանց համար խոնարհության, համբերատարության, առաքինության և քաջության լավագույն օրինակը Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինն է:
«Մանանա» ուսումնական կենտրոնը համագործակցո՞ւմ է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հետ:
«Մանանա» ուսումնական կենտրոնն, իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում, մշտապես աջակցել է տարբեր կառույցների և կազմակերպությունների՝ նրանց հետ համատեղ իրականացնելով տարբեր բարեգործական ծրագրեր և նախագծեր: Օրինակ՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի հետ համատեղ, բազմաթիվ եկեղեցական տոների առթիվ, իրականացրել ենք հանրային միջոցառումներ, հունիսմեկյան մանկական տոնակատարություններ և այցելություն ծերանոցներ:
Համայնքը՝ որպես մեծ ընտանիք, բաղկացած է բազմաթիվ ընտանիքներից: Համայնքի ամրությունն անմիջականորեն շաղկապված է ընտանիքների ամրության հետ: Ո՞րն է ամուր ընտանիքի հիմքը:
Սուրբ Պսակը մեր եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է, որի ժամանակ Աստված շնորհներ և օրհնություն է բաշխում ամուսնացող զույգերին: Ընտանիքի հիմքը պետք է լինի սերը, առաքինությունը, երեխաների և ծնողների հանդեպ հոգածությունն ու խնամքը: Հայ քրիստոնյա ընտանիքի մեծագույն առանձնահատկությունը նվիրվածությունն է: Ընտանիքը որոշիչ դեր է խաղում երեխաների ձևավորման և զարգացման գործում: Եթե ընտանիքը համախմբված է՝ հիմնված փոխադարձ սիրո և հարգանքի վրա, ապա շահում է ոչ միայն երեխան, այլ նաև՝ պետությունը և եկեղեցին:
Ի՞նչ կմաղթեք մեր կայքի ընթերցողներին:
Առաջին հերթին Քրիստոսին նվիրենք մեր սիրտը, Ում Ծնունդը հեղափոխեց ողջ աշխարհը: Մեր հայրենիքում և եկեղեցում չլինենք օտարի նման, այլ աստվածահաճո ու առաքինազարդ կյանք ապրենք՝ Քրիստոսով նորոգելով մեր կյանքը:
Զրուցեց Կարինե Սուգիկյանը