13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Ինձ ցողի՛ր մշտիկով, որ սրբանամ,
Լվա՛, որ ես ձյունից ավելի սպիտակ լինեմ» (Սաղմ. 50. 9):
Մեծ պահքի Արևագալն իր հոգեշունչ երգերով նոր շունչ ու թարմություն է բերում մեր բարեպաշտական զգացումներին: Պարզ ու հոգեպարար բանաստեղծության միջոցով Շնորհալու քաղցրախոս քնարը դեպի աստվածային լույսն է բարձրացնում ամենքիս հոգիները, որոնք ձերբազատվում են երկրավոր ծանրությունից և ստորաքարշ հակումներից:
Երանի՜ թե հոգեկան հափշտակության այդ վերամբարձ ալիքն այդքան շուտ տեղի չտար աշխարհիկ մտահոգությունների ու կրքերի հորձանքներին, և հոգիները մշտապես սավառնեին այն լուսափայլ բարձունքներում, որոնց բաղձանքով տոչորվեց առաքյալը, երբ Թաբոր լեռան պայծառափայլ գագաթին բացականչեց. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ մնանք»:
Անշուշտ սաղմոսերգուն այդ տեսլական հեռանկարին է ուղղում մեր հայացքը ձյունափայլ մաքրության և ներքին սրբության իր խորը փափագով. «Ինձ ցողի՛ր մշտիկով, որ սրբանամ, լվա՛, որ ես ձյունից ավելի սպիտակ լինեմ»: Եվ մի՞թե սա չէ պահքի ժուժկալության ու ապաշխարության հեծեծագին տքնության գլխավորագույն նպատակը:
Մեծ պահքը բարոյական ինքնաքննության, վերածնունդի և կազդուրման բեղուն շրջան է: Եկեղեցու «հանդիսավոր սուգը» ասես խորհրդանիշն է ապաշխարողի այն գիտակից և փրկարար տրտմության, ըստ որի՝ հավատացյալը խորհում է, որ ինքը հեռացել է Աստծուց, որ չի կարողացել դառնալ քրիստոնեական սրբության մարմնացումը, որ ինքը սրբության մաքրագործող ջրի ուժգին պապակ է զգում: Այսպիսիների համար է Տիրոջ մեծ երանությունը. «Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն»:
Ըստ այսմ՝ նախամարդու՝ դրախտից վտարվելու պատմությունը այդ եկեղեցական սգավորումի հիմքն է: Այս սուգը երբևէ ժամանակավրեպ չէ, ինչպես կարծում են «արդիականները» և սկեպտիկները, այլ ջինջ ու թափանցիկ այլաբանություն է, և բոլոր ժամանակների կրոնական մարդը կարող է այդ սգի մեջ գտնել իր բարոյական դիմագիծը, իր հոգու եղերական ու սրտահույզ դրաման:
Չէ՞ որ չարը, մեղքը իր անդիմադրելի հրապույրներով, իր բազմակերպ, առինքնող հնարամտություններով օձի նման սողոսկում, մտնում է մարդու ներաշխարհ և նրա հոգու անբիծ շուշանների ու քնքուշ ծաղիկների վրա ներարկում է իր մահաբեր թույնը: Եվ ինչպես թոշնելով՝ ծաղիկը կորցնում է իր անուշ բույրն ու գեղեցիկ տեսքը, այդպես էլ հոգիներն են զրկվում ամեն բարիքից և աստվածատուր շնորհներից: Այս տխուր փորձառությունը հանրային բնույթ ունի, ուստի ապաշխարող սաղմոսերգուի սրտագրավ աղաղակը արձագանք է գտնում յուրաքանչյուրի հոգում, որը փափագում է այն ճշմարիտ կյանքը, որն Ավետարանն է խոստանում մեզ:
Ապաշխարությամբ կարելի է գիտակցել բարոյական տկարությունները և խորաթափանց, անաչառ քննությամբ էլ կարելի է տեսնել անձի անկումներն ու սայթաքումները, վերլուծել դրանց դրդապատճառները և սրտաբուխ ու անկեղծ զղջումով, ներքին փոփոխությամբ և վերածնունդով փափագել Աստծու մոտ գնալը: Դա տեղի կունենա միայն այնժամ, երբ ըստ առաքելական բացատրության՝ հին մարդը կմերկանա իր հին հանդերձանքից, խորհուրդներից, զգացումներից և կամքից ու կզգեստավորվի նորով՝ քրիստոնեական սուրբ իդեալով և Տիրոջ առաջնորդությամբ:
Կեղծիքը, ձևապաշտությունն ու արտաքնահարդար պերճանքը բոլորովին օտար են հոգևոր անդաստանին: Ինչպիսի՜ արդար զայրույթով Հիսուս խարազանեց փարիսեցիների կեղծավորությունը, և երկնային ինչպիսի՜ շանթեր արձակեց նրանց գլխին, քանի որ նրանք, օրենքի տառին կառչած, անհաղորդ էին հոգու և ներաշխարհի սրբությանը: «Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ մաքրում եք բաժակի ու պնակի դրսի կողմը, մինչ ներսինը ձեռք եք բերել հափշտակությամբ և անարդարությամբ: ….որ նման եք գաջով սպիտակեցրած գերեզմանների, որոնք արտաքնապես գեղեցիկ են երևում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով ու ամեն տեսակի պղծությամբ: Դուք նույնպես արտաքինից մարդկանց արդար եք երևում, մինչ ներսից լի եք կեղծավորությամբ ու անօրենությամբ»:
Ուրեմն պահքը, որ բարոյական նկարագիր ունի, ժուժկալության և բարեգործության հրավեր է մեզ համար: Աստծու թագավորությունը կերակուր ու ըմպելիք չէ, այլ խաղաղություն, արդարություն և սրբություն: Որքա՜ն պերճախոս ու պարտավորեցնող են պահքի մասին մարգարեի պատգամները, որտեղ թրթռում է Ավետարանի աստվածային շունչը և ներքին փոփոխության ու բարեգործ կյանքի բարի պտուղները հիանալի ներդաշնակություն են ստեղծում. «Եթե պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, սակայն այդ էլ չեմ համարի ծոմ և ընդունելի օր: ….այլ քանդի՛ր անիրավության հանգույցը, վերացրո՛ւ քո վաճառականական խարդախությունը, արձակի՛ր նեղյալներին, պատռի՛ր բոլոր անիրավ մուրհակները, քաղցածներին բաժանի՛ր քո հացը և անօթևան աղքատներին տա՛ր քո տունը, եթե մերկ մարդ տեսնես, հագցրո՛ւ նրան: Այն ժամանակ կապաքինվեն բարոյական վերքերդ, արդարությունը կառաջնորդի քեզ, Տիրոջ փառքը կերջանկացնի քեզ, քո Աստված կօգնի քեզ՝ հագեցնելով պապակած հոգիդ և պարարտացնելով ոսկորներդ, ու դու կնմանվես ջրառատ պարտեզի և անսպառ աղբյուրի»:
Մարդ իր բոլոր բարոյական անկումների ժամանակ կարող է մերձենալ Աստծուն իբրև սիրալիր և ներողամիտ Հոր: Սակայն դրա համար անհրաժեշտ է իսպառ հեռանալ արատավոր անցյալից և նորոգ կյանքի վերաստեղծումով սրբության խորան կանգնեցնել իր իսկ հոգում մշտապես Տիրոջ հետ հաղորդակցության մեջ լինելու համար, ըստ առաքյալի այն փորձառության, համաձայն որի վերջինս ասում է. «Քրիստոս է, որ ապրում է իմ մեջ»:
Արևաբաղձ բույսերի նման մարդն էլ աստվածատենչ էակ է, որ ձգտում է Աստծուն և բարձրանում է դեպի Նա: Աստծով է սնվում մարդու հոգին, առատանում նրա հանճարը, Աստծո՛վ է հավերժանում մարդու գոյությունը: Առանց Աստծու մենք որս ենք խավարի և ավար՝ անէության համար:
Տեր Մեսրոպ արք. Նարոյան
«Դպրեվանքյան քարոզներ», Փարիզ, 1929 թ.
Արևելահայերենի փոխադրեց Գևորգ սրկ. Կարապետյանը