Դեկտեմբերի 15-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում կայացավ հերթական ինտելեկտուալ խաղը՝ համայնքի տիկնանց և «Զորավոր» երիտասարդաց միությունների անդամների միջև: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ ներկաները «Տերունական աղոթք»-ով սկսեցին միջոցառումը: Տեր Հայրը շնորհակալություն հայտնեց «Զորավոր» երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանին և տիկնանց միության ատենապետուհի Սաթենիկ Սիմոնյանին, որոնց նախանձախնդիր ջանքերի շնորհիվ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքից ներս արդեն ավանդույթ է դարձել ինտելեկտուալ խաղի անցկացումը:
Մինչ ինտելեկտուալ խաղը, տիկնանց և երիտասարդաց միության անդամները, ողջունելով ներկաներին, նշեցին, որ երկու միությունների միջև հոգևոր գիտելիքների իմացության շրջանակներում անցկացվող մրցակցությունը ոչ միայն մրցողների և հանդիսատեսի հոգևոր գիտելիքների հարստացմանն է ուղղված, այլև՝ համերաշխության և միասնության միջոցով հոգևոր հաղթանակներ գրանցելու և դրանով Եկեղեցին ու հայրենիքը զորացնելու վեհ նպատակին:
Ինտելեկտուալ խաղի հարյուր հարցերը Նոր Կտակարանից էին ընտրված: Որոշ հարցերի պատասխաններ մասնակիցները պետք է գտնեին առաջարկված ճիշտ և սխալ տարբերակներից: Այս անգամ մրցող թիմերին հնարավորություն էր տրվել Մատթեոսի Ավետարանից միմյանց հարցեր առաջադրելու: Ընտանեկան ջերմ մթնոլորտում կայացավ ընտանեկան խաղը և մի քանի միավորների առավելությամբ հաղթանակեց «Զորավոր» երիտասարդաց միությունը:
Ինտելեկտուալ խաղը ոգևորել էր նաև հանդիսատեսին. Հայոց աշխարհի սրբավայրերի հետ կապված մի շարք հարցեր ուղղվեցին հանդիսատեսին և ճիշտ պատասխանողներին նվերներ շնորհվեցին: Տեր Գրիգորը ևս անակնկալ ուներ հանդիսատեսի համար. նա իր «Քարոզներ» գիրքը նվիրեց նրան, ով կարողացավ նշել, թե քանի ուխտի օր ունի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին:
Ինտելեկտուալ խաղի ավարտին Տեր Վահանը շնորհակալություն հայտնեց մրցող թիմերին հրաշալի խաղի համար և ուրախությամբ անդրադարձավ թիմերի նորկտակարանյան գիտելիքներին, իսկ տիկնանց միության անդամներին դիմելով՝ ասաց, որ նրանք լավագույն օրինակ են հանդիսանում երիտասարդների համար և պարտավորեցնում՝ իրենց ներկայությամբ: Տեր Հոր մաղթանքն էր, որ մրցող թիմերն առավել առաջադիմեն իրենց հոգևոր գիտելիքների մեջ:
Յուրաքանչյուր հոգևոր ինտելեկտուալ խաղ նպաստում է, որ մասնակիցները հաղորդ դառնան այն Ճշմարտությանը, որ երբեք չի հնանում: Սուրբ Ավետարանին քաջատեղյակ և նրանով առաջնորդվող անձի համար այս գրքերի գիրքը անփոխարինելի մի կանթեղ է, որ լուսավորում և ցույց է տալիս Երկինք տանող ուղին:
Կարինե Սուգիկյան