Մեծ ընտանիքի ծառայասիրության ուղին

Ընտանիքն ամուր է և երջանիկ, երբ նրա բոլոր անդամները փոխադարձ սիրով և համագործակցությամբ աջակից են միմյանց: Մեծ պահքի շրջանում Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու մեծ և ամուր ընտանիքի՝ համայնքի, անդամները, իրենց սրտում և մտքում ունենալով սուրբգրային այն պատգամը, թե՝ բարի են աղոթքները՝ պահեցողություններով, ողորմություններով և արդարություններով (Տոբիթ 12:8), անցնում են ծառայասիրության իրենց ուղին: Այս ընտանիքի յուրաքանչյուր անդամ մեծ նախանձախնդրությամբ և իր կարողության չափով իր մասնակցությունն է ունենում բոլոր  այն բարեգործական ծրագրերին, որ կազմակերպում է համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ:

Փետրվարի 15-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքի հերթական այցն ուրախություն պատճառեց Մալաթիա-Սեբաստիա թաղամասի Շրջանային 2/14 հասցեում ապրող անապահով ընտանիքին: Հինգ հոգուց բաղկացած այս ընտանիքում ապրում են տատիկը, պապիկը և երեք անչափահաս թոռնիկները՝ Սարգսյան Էրիկը (15 տ.), երկվորյակներ Անահիտն ու Զարուհին (13 տ.): Երեխաների մայրը լքել է ընտանիքը, իսկ հայրը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Արդեն վեց տարի է, որ երեխաների խնամքով զբաղվում են միայն պապիկն ու տատիկը՝ 76-ամյա Էդուարդ Սարգսյանը և 63-ամյա Անահիտ Իսպիրյանը: Կարիքի մեջ գտնվող ընտանիքը վարձակալությամբ է ապրում երկու փոքր սենյակներից բաղկացած խոնավ տանը, որի անմխիթար վիճակում գտնվող սանհանգույցն ընդհանուր է՝ այդ բակում բնակվող մի քանի ընտանիքների համար: Մահճակալի բացակայության պատճառով աղջիկներից մեկը ստիպված է լինում քնելու խոնավ հատակին: Տան միակ աշխատողը՝ երեխաների պապիկը, ցավով նշեց, որ այժմ ի վիճակի չէ աշխատելու՝ աչքի հետ կապված խնդիր ունենալու պատճառով: Սոցիալական աջակցության վարչության «Փարոս» ծրագրի միջոցով պետպատվերի շրջանակում նա կարող է վիրահատվել, բայց հնարավորություն չունի վճարելու աչքի ոսպնյակի գումարը՝ 80 000 դրամ, որ չի ներառնվում պետպատվերի շրջանակում: Անահիտ Իսպիրյանը ևս առողջական խնդիրներ ունի՝ թքագեղձի ուռուցք և նա էլ աչքերի վիրահատության կարիք ունի, բայց հնարավորություն չունի աչքերի ոսպնյակների գումարը վճարել, որ կազում է 110 000 դրամ: Այժմ ընտանիքը բնակարանի վարձը, կոմունալ վճարումներն առաջնահերթ վճարում է Էդուարդ Սարգսյանի թոշակի և «Փարոս»-ի տրամադրած գումարով, իսկ օրվա հացը ստիպված է լինում պարտքով վերցնել:

Բժշկության աղոթք կարդալուց հետո՝ Տեր Գրիգորն ընտանիքին հանձնեց եկեղեցու համայնքի կողմից տրամադրված դրամական օգնությունը, սննդի փաթեթները և անկողնային պարագաները:

«Մարդը ողորմություն գործելու է մղվում ոչ միայն Աստծո հանդեպ սիրուց, այլև իր բնությունից: Որովհետև մարդը, որի խառնվածքը բարեկարգ է, բնական կերպով մղվում է ընկերոջը գթալու» (Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցի):

 

Կարինե Սուգիկյան

 

 

15.02.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․