Սուրբ Գիրքը և հայրաբանությունը բազմիցս հորդորում են ապրել և գործել ներկայում՝ փառաբանելով Պարգևատուին օրվա պարգևների համար: Պարգևատուի կողմից մարդուն շնորհված օրվա հերթական պարգևներից է բարին գործելու հնարավորությունը, որը ջանում է բաց չթողնել Տիրոջ խոսքին հետամուտ անձը: «Մի՛ հապաղիր կարոտյալին բարություն անել, երբ քո ձեռքը կարող է օգնել նրան: Չասես թե՝«Գնա՛, կգաս, վաղը կտամ», մինչդեռ կարող ես բարություն անել, քանի որ չգիտես, թե վաղն ինչ է բերելու քեզ» (Առակներ 3:27-29):
Դեկտեմբերի 8-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ղազարյան Լիանային (44 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Լիանայի ամուսինը մահացել է վեց տարի առաջ: Նա իր երկու որդիների հետ վարձակալությամբ է բնակվում Շիրակի 12 հասցեում: Լիանան նշեց, որ ուշիմ և ջանասեր որդիներ ունի: Ղազարյան ընտանիքի սոցիալական վիճակն ավելի վատթարացավ Լիանայի առողջական խնդիրների պատճառով: «Մինչև անցյալ տարի, առողջական մի քանի խնդիրներ ունենալով հանդերձ, կարողանում էի աշխատել, բայց աջ ձեռքիս ուսահոդի վիրահատությունից հետո դժվարանում եմ անգամ ամենօրյա տան գործերն անել: Ֆինանսական խնդրի պատճառով չեմ կարողանում ժամանակին բուժստուգումներ և բուժումներն անցնել, որպեսզի հիվանդություններս չսրվեն»,- ասաց Լիանան, ով անչափ երախատապարտ էր աջակից անձանց՝ իր ընտանիքին օգնության ձեռք մեկնելու համար:
Կարինե Սուգիկյան