22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Մի՛ շնացիր

«Մի՛ շնացիր» (Ելից 20։14)։

Մարդկությանը տառապանք պատճառող մեծամեծ չարիքները վերացնելու համար առաջարկվող դարմաններից առաջնային կարևորություն ունեցողը համարվում է ընտանեկան կյանքը: Ընտանեկան կյանքը մարդկային ամենավաղեմի ու սքանչելի հաստատությունն է, որը գոհացում է տալիս անհատների ֆիզիկական, մտավոր ու բարոյական պետքերին, ծառայում է սերնդի շարունակականությանն ու զարգացմանը:

Ընտանեկան կյանքով է, որ այր ու կին լրացնում են միմյանց թերությունները, հաճելի ու օգտակար գաղափարների են հանգում և այդպիսով թե՛ երջանիկ ու թե՛ դժբախտ օրերին բազմապատկում են իրենց ուրախությունը, կարողանում են մեղմացնել ցավերն ու վշտերը և թեթևացնել զանազան հոգսերի ու տառապանքի ծանր բեռները:

Եվ վերջապես, ընտանեկան կյանքը ոչ միայն մարդու ծննդավայրն ու սնարանն է, այլև նրա հանգստարանն ու ապաստարանը: Ընտանեկան կյանքի միջոցով է, որ պաշտպանվում է մարդ-անհատների ֆիզիկական գոյությունը և բարձր է պահվում բարոյական դիրքը:

Այս տեսակետին հակառակ մի շարժում կա, որի ներկայացուցիչներն ուզում են հավաստիացնել, որ ընտանեկան կյանքը կաշկանդում ու ճնշում է մարդկային ազատությունը, որ պետք է վերացնենք ընտանեկան կյանքը, եթե ուզում ենք, որ մարդկանց միջից վերանա ատելությունը, նախանձը, հակառակությունը և այն բոլոր չարիքները, որ բխում են ատելությունից:

Այս ուղղության ջատագովներից առաջինը Պլատոն իմաստասերն էր, որն ընտանեկան կյանքն անհամատեղելի էր համարում թե՛ ընկերության, թե՛ հայրենասիրության և թե՛ մարդասիրության հետ ու կարծում էր, որ ընտանիքի համակարգը վերացնելու դեպքում հայրենիքը կզորանա:

Նա ուզում էր, որ ընտանիքի փոխարեն պետությունը ստանձնի մանուկների դաստիարակության գործը: Սա նրա «Պետություն» (La Republique) խորագրով աշխատության հիմնական գաղափարներից մեկն է: Թեև նույն ինքը՝ Պլատոնը հենց առաջինը եղավ, որ խոսեց իր այդ տեսության ցնորականության մասին և Արիստոտելի պնդմամբ էլ վճռականորեն հերքեց ու մերժեց այդ տեսությունը:

Կյանքում սերն ու մտերմությունը հետզհետե են զարգանում, նրանց բնական ընթացքն է փոքրից ավելի մեծ դառնալը: Մեր սիրտը ցավում է նախ մեզ համար, ապա ընտանիքի անդամների, այսինքն՝ նրանց, ովքեր շրջապատում են մեզ, ապա՝ մեր հայրենակիցների ու վերջապես ամբողջ մարդկության համար:

Սերն անցնում է այս չորս շրջանների միջով, որոնցից յուրաքանչյուրը կախված է մյուսից, ու այդպիսով է, որ սերն ապահովում իր գոյությունը, այլապես այն կարող է տկարանալ, այլայլվել ու փոփոխվել: Նրանք, ովքեր մարդկության սերը զորացնելու համար ցանկանում են վերացնել ընտանիքի սերը, ինչպես Պլատոնն էր անում, խախտում են բնական կարգը ու նմանվում են նրանց, ովքեր գետը մեծացնելու համար ցամաքեցնում են գետի ակունքը: Ընտանիքի սերը մարդասիրության աղբյուրն է, ընտանիքը մարդկային հասարակության խարիսխն է:

Արդ, պլատոնական տեսությունը և կյանքն ըմբռնելու ներկայիս եղանակները մեզ հետզհետե հեռացնում են օջախի, տան առավելություններից ու քաղցրություններից, ուստի կարծում ենք, որ ժամանակն է դադարեցնել այն շարժումը, որը դեպի ընտանիքից անդին, դեպի ամուրիություն է առաջնորդում: Այդպիսի ընթացքը, մարդու բարոյական և ֆիզիկական գոյությունը վտանգելուց զատ, նրան դարձնում է հուսահատ, անպիտան, մակերևութային ու դատարկ:

Պետք է դադարեցնել այդ շարժումը՝ մարդու միտքն ու սիրտը կենտրոնացնելով ու ինքնամփոփելով դեպի տունը, դեպի սուրբ խորանը: Արդ, դրան ոչ մի բան այնքան չի նպաստում, որքան ընտանեկան, բարի, անուշ, պարզ և խաղաղ կյանքը, որը մշտապես էլ եղել է զորավոր ազգերի զորությունը և առանց որի մարդ իսկույն ընկնում է ամենածանր վտանգների մեջ:

Վերացնելով ընտանիքը՝ վերացրած կլինեք ընկերությունը կամ առնվազն ամենածանր հարվածը կհասցնեք նրան՝ վերադարձ ապահովելով դեպի բարբարոսական շրջաններ, դեպի ցեղային երամակներ ու հույլեր, որոնք ապրում էին սպանություններով ու ելուզակությամբ:

Ընտանիքն իր բարձրության վրա պահելու, ընտանեկան արժեքների պահպանության համար անհրաժեշտ է ճշմարիտ խարիսխ, անվիճելի հիմք գցել, որը ամուսնական հավատարմությունն է: Դա իսկ է ամուր ընտանիքի անկյունաքարը: Ընտանեկան կապերի թուլացման հիմնական պատճառը պետք է փնտրել ամուսնական կապերի թուլացման մեջ: Խոսել այս կարևոր ու ծանր հարցի վերաբերյալ՝ նշանակում է ճառել Յոթներորդ պատվիրանի մասին:

«Մի՛ շնացիր»: Շնացողն իր ամուսնու, իր լծակցի հանդեպ անհավատարիմ մարդն է: Այդ անհավատարմությունը միշտ և ամեն տեղ արգելված է: Ինչպիսին էլ որ լինեն պատճառները, որոնցով մարդիկ փորձում են արդարացնել իրենց այդ մեղապարտ ընթացքը, միևնույն է, նրանք անհավատարմություն են դրսևորում իրենց կողակցի հանդեպ:

Ուշադի՛ր եղեք, ես չեմ ասում, որ ամուսնական հավատարմությունը պահելը միշտ դյուրին ու հաճելի է: Այդ հավատարմությունը պահելու համար կան պարտականություններ, որոնք հաճախ դառը տառապանքներով կարելի է կրել և նույնիսկ հարկ է զոհողություններ անել: Բայց խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, թե այդ հավատարմությունը պարտականությո՞ւն է, թե՞ ոչ:

Խղճի բարոյական հրաման, հրամայական մի պարզ պահանջ գալիս է՝ մեզ հավաստիացնելու, որ հավատարմությունը պարտականություն է: Այս հարցը քննարկման ենթակա չէ. հարկ է ամեն գնով համակերպվել այս իրողության հետ:

Դա այնքան ճշմարիտ է, որ շնությունը բոլոր ժամանակներում հանցանք է համարվել նույնիսկ թերակիրթ ու վայրենի ժողովուրդների մեջ: Ահա թե ինչու, երբ կիսագրագետ վայրենի ժողովուրդներին ուսուցանում են Տասնաբանյան ու երբ հերթը հասնում է յոթներորդ պատվիրանին, վայրենի մարդու խիղճն առանց վարանելու խոնարհվում է այդ պատվիրանի պահանջի առջև:

Կիսազարգացած և քրիստոնեության քարոզչությունը չստացած շատ երկրներում շնացողին պատժում են՝ մահվան դատապարտելով: Հրեաները քարկոծելով էին սպանում, իսկ ասիական երկրներում ողջ-ողջ թաղում կամ ցցահարում էին հանցավորին:

Նկատելի է, որ բոլոր ժամանակներում և ամենուր մարդկային սիրտը միջոցներ է փնտրում խիղճը լռեցնելու համար, և դժբախտաբար սիրտն իր բնական անմաքրության պատճառով, ցանկություններով ու կրքերով տարված՝ շատ հաճախ զանազան պատճառներով դրժում է աստվածային օրենքը: Դրա հետևանքով ընտանեկան հարկերը խռովվում են, ներքին, ծանր տագնապներ են առաջանում ու մեծ վնաս են պատճառում թե՛ ընտանեկան անբիծ կյանքին, թե՛ անմեղ զավակներին և թե՛ հասարակական կյանքին:

Ցավոք պետք է նշել, որ շատ տեղերում տղամարդիկ ու կանայք ոտնատակ են արել իրենց խիղճը՝ հետևելու համար իրենց չար սրտին: Նրանք չեն ցուցաբերել անհրաժեշտ բարոյական դյուցազնությունը՝ հավատարիմ մնալու իրենց խղճի ձայնին ու պահանջներին, որոնց շնորհիվ անշուշտ կլինեին նվազ ցանկասեր, նվազ զգայական ու կրքոտ:

Այսօր ի՞նչ վիճակում է ամուսնական հավատարմության դատը. այն կարո՞ղ է արդյոք շահված դատ համարվել: Կուզենայի ասել «այո», սակայն դժբախտաբար չեմ կարող այդպես ասել, քանի որ ինչ-ինչ պատճառներով, բոլոր ժամանակներից ավելի, ընտանեկան մի շարք շրջանակներում ներքին կյանքը հիվանդ է, զուրկ անկեղծությունից ու կենսունակությունից, հակառակ այն բանի, որ լուսավորյալ ու քաղաքակիրթ դարաշրջանում ենք ապրում:

Ամենաահավոր չարիքն այն է դարձել, որ շնացողը հանրության առջև հանցապարտ չի համարվում: Մի շարք մտածողներ, որոնց թվում քիչ չեն նաև լուրջ դեմքերը, ամուսնությունը համարում են ներկա իրապայմանների համար անբնական, գրեթե անհեթեթ մի երևույթ, քանի որ, ասում են, այն սահմանափակում է մարդու ազատությունն ու անողորմ բռնապետ է դառնում՝ ստիպելով, որ ամուսնացյալները միասին ապրեն այն դեպքում, երբ նրանց սրտերն արդեն միասին չեն:

Գուցե նաև նրանք ավելացնեին, թե որքա՜ն ավելի «արդար» կլիներ, եթե ամուսիններն ազատ լինեին և ուզած ժամանակ բաժանվեին առանց նույնիսկ պաշտոնական դիմումի ու առանց դատարանների դռներն ընկնելու, և դեռ կարողանային նոր միություն կնքել ավելի լավ պայմաններով ու փորձառությամբ:

Մի որոշ ժամանակ անց այս «նորապսակներն» այդ նույն ազատությունը կիրարկելով՝ երբ ցանկանային կարող էին բաժանվել ու մեկ ուրիշ օջախ հաստատել՝ դարձյալ, ինչպես իրենք են կարծում, ավելի բարենպաստ պայմաններով:

Այդպես խորհողները մեզ հարցնում են, թե արդյոք զմայլելի ու հեշտաբույր չէ՞ր լինի այդ դրությունը: Արդյո՞ք այդպիսով չէինք պահպանի սերն ու ազատությունը, չէի՞նք ունենա անհունորեն ավելի հաճելի կյանքի գրավական, ավելի հաճելի, քան այն ծանրաբեռնված, անտանելի ու իր ձանձրալի տևողությամբ ասես չվերջացող կյանքը, որով նախկինում ապրում էին իբրև դժբախտ ամուսիններ:

Ո՛չ և ո՛չ, սիրելիներ: Հակառակ ձեր կարծեցյալ գեղեցիկ ու հաճելի երևույթներին, հակառակ ձեր առաջ քաշած տեսակետի գրավչությանը, չենք կարող ընդունել ձեր այդ տեսակետը: Մենք այն համարում ենք վտանգավոր, այն համարում ենք ահավոր մի չարիք, քանի որ ձեր այդ տեսությունն ուղղակիորեն հակասում է բարոյական օրենքին, որը գրված է ոչ միայն Տասնաբանյայում, այլև դրանից էլ առաջ մեր բոլորի սրտի խորքում:

Օ՜հ, անհրաժեշտ է ողջ ուժով գործադրել ամեն տեսակի հակազդեցություն ընդդեմ նմանատիպ անհարմար ու աններդաշնակ ամուսնությունների, որպեսզի ամուսնական կյանքն իսկապես դժոխք չդառնա: Հանրությունը, հիրավի, շատ բան չի տեսնում ընտանեկան ներքին անցուդարձի վերաբերյալ, սակայն կա տխուր մի իրականություն, որը երկյուղ է ազդում ներկա երիտասարդության վրա:

Դրա հետևանքով ասես ամուսնության դեմ գործադուլ է հռչակվել, ուստի և հանդիպում ենք երիտասարդուհիների, որոնք լիովին իրենք իրենց տվել են ուսումնասիրությունների, արվեստի կամ բարենպատակ ձեռնարկների և այլևս չեն ուզում մտածել ամուսնության մասին ու պատրաստվել ամուսնությանը, որը կյանքի անհրաժեշտ ու բնական օրենքն է:

Պետք է ողջ ուժով հակազդել այն մեղապարտ, այն ստահոդ ամուսնություններին, որոնք զուրկ են սիրուց, փոխադարձ հարգանքից, որոնք կնքվում են դրամի հողի վրա, իսկ այրն ու կինն այդժամ նմանվում են երկու դրամագլուխների, որ մոտենում են իրար, և ոչ թե երկու սրտերի: Ճիշտ այնպես, ինչպես Աֆրիկայում են դրամի փոխարեն երկու եզներ մատուցում ամուսնացյալների ընտանիքին՝ իբրև նվեր:

Նմանատիպ ամուսնությունների պարագայում թե՛ մեկ և թե՛ մյուս կողմի համար բարոյական անկում, գուցե և վայրենության դրոշմ կա: Ես կասեի, որ վայրենու ընթացքն արդարանալի է, քանի որ նա բարի խղճմտանքով, հայտնապես, պատվավոր ձևով է անում, և դա անում է իր երկրի սովորույթը կատարած լինելու համար, մինչդեռ սպիտակամորթ ու քաղաքակիրթ մարդն իր քսակով կեղծ «սիրո» ամուսնական միություն է կնքում և այն հաստատում է ավելի ծանր հանցանք գործելով՝ կրոնական արարողության միջոցով ամրագրելով ամուսնությունը:

Նաև չի կարելի թույլատրել այն պայմանական ամուսնությունները, որ կնքվում են՝ մոտեցնելու համար միևնույն ընտանիքի կամ հասարակական միևնույն դասակարգի անդամներին՝ հնդկական ամուսնությունների նմանողությամբ, մինչդեռ բնավ ընդունելի չեն արյունակցական ամուսնությունները:

Որպես ամուսնության նվիրական պայման միայն սերը պետք է լինի, քանի որ այդ անկեղծ ու մաքուր սերն է, որ երկու կողմերին անտրտունջ է պահում պարտականության լծի տակ: Եվ ընդհակառակը, երբ սեր չկա, ամուսնացյալները ուղղակիորեն թե՛ իրենց և թե՛ ամուսնության աստվածային օրենքը անկման ու նվաստացման են ենթարկում:

Դարձյալ, անհանդուրժելի են նաև այն ամուսնությունները, որ տեղի են ունենում վերջ դնելու համար թեթևաբարո ու աններելի կյանքով ապրող երիտասարդների վարքին: Ինչպիսի՜ տարաբախտություն այն երիտասարդուհու համար, որի կոչումն ասես պետք է լինի կարգի բերել մի հիմարի, զգաստացնել անսանձ ու անկարգ մեկի, սպիտակեցնել մի գերեզման, որն արտաքնապես գեղեցիկ է, բայց ներսից լեցուն է մեռածների ոսկորներով ու ամեն տեսակի պղծությամբ (հմմտ. Մատթ. 23։27):

Ես հասկանում եմ այն, որ երբ մարդ փոթորկալից երիտասարդությունից հետո անկեղծորեն զղջում է և բազմաթիվ ու հարատև ապացույցներ է բերում իր կյանքի կերպարանափոխության վերաբերյալ, հնարավոր է, որ մի երիտասարդ աղջիկ էլ, նրա զգայուն սրտին նայելով, համաձայնի իր կյանքը կապել այդ երիտասարդի կյանքին՝ վերջինիս օգնելու հաղթահարել կյանքի զառիվայրը: Որքա՜ն գեղեցիկ ու վսեմ նպատակ: Սակայն քանի՜-քանի՜ անգամ են հուսախաբ եղել այդ բոլոր ակնկալությունները:

Դարձյալ, քանի՜ երիտասարդ աղջիկներ են, ավա՜ղ, խաբվել՝ զոհ գնալով իրենց ծնողների ստիպողական վերաբերմունքին և «այո» ասելով իրենց ուղղված ամուսնական խնդրանքին, որը հնչել է անսկզբունք, ո՛չ բարոյականություն ու ո՛չ էլ կրոն ունեցող մի անձի կողմից: Դրա հետևանքով էլ այդ երիտասարդուհին հարսնության հաջորդ օրն իսկ զգացել է, որ ինքը զոհ է դարձել իր ծնողների թեթևամտությանը:

Անշուշտ մեր նկարագրած այս բոլոր ամուսնությունները ծաղրանկարներ են, և երբ մի հասարակության մեջ այսպիսի ամուսնություններ են կնքվում, օ՜հ, այդպիսի հասարակությունը հիվանդ ու ախտավոր պետք է համարել և այդ հասարակությունից միայն ու միայն ամենասոսկալի չարիքներն ու աղետները պետք է սպասել: Ահա այստեղ է իր հանգուցալուծումը գտնում ազատ սիրո այն հոսանքը, որն անթիվ-անհամար մարդկանց դեպի գահավիժում է տանում:

Այդ հոսանքի դեմ պետք է մաքառել ողջ ուժով: Մարդու սիրտը շա՜տ եսասեր է, շա՜տ չար, շա՜տ զգայական ու ցանկասեր, և հետևաբար չի կարելի վստահ լինել, որ ազատ սիրո միջոցով մարդկությունը կարող է կերպարանափոխվել:

Հավատում ենք և պնդում, որ մարդկության մեջ դեպի բարին հեղաշրջում կատարելու միակ միջոցը գաղափարական ամուսնությունների կնքումն է, իսկ դա այլ բան չէ, եթե ոչ մաքուր ու անշահախնդիր սիրո վրա հիմնված ամուսնությունը, որով միայն կարելի է ապահովել ընտանիքի ազատությունն ու սրբությունը:

Պողոս առաքյալը Եփեսացիներին ուղղված նամակում այս գաղափարական ամուսնությունն է ակնարկում՝ ասելով. «Կանայք իրենց մարդկանց թող հնազանդ լինեն, ինչպես կհնազանդվեն Տիրոջը, որովհետև մարդն է գլուխը կնոջ, ինչպես որ Քրիստոս գլուխն է Եկեղեցու. և Ինքն է Փրկիչը այդ մարմնի:

Եվ ինչպես Եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, նույնպես և կանայք թող հնազանդվեն իրենց մարդկանց ամեն ինչում: Մարդի՛կ, սիրեցե՛ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոս սիրեց Եկեղեցին և Իր անձը մատնեց նրա համար, որ սրբացնի ավազանի մաքրությամբ՝ խոսքով, որպեսզի Նա Իր առաջ փառավոր կերպով կանգնեցնի Եկեղեցին, որ ոչ մի արատ կամ աղտեղություն կամ նման բաներից ոչինչ չունենա, այլ լինի սուրբ և անարատ:

Նույն ձևով մարդիկ պարտավոր են սիրել իրենց կանանց իբրև իրենց մարմինները. ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում. որովհետև ոչ ոք երբեք իր անձը չի ատում, այլ սնում և խնամում է այն, ինչպես որ Քրիստոս՝ Եկեղեցին. քանզի անդամներն ենք Նրա մարմնի՝ Նրա մարմնից և Նրա ոսկորներից: «Դրա համար մարդը պիտի թողնի իր հորն ու մորը և պիտի գնա իր կնոջ հետևից. և երկուսը պիտի լինեն մեկ մարմին»: Այս խորհուրդը մեծ է. բայց ես ասում եմ Քրիստոսի և Եկեղեցու վերաբերյալ: Դուք էլ նույնպես ամեն մեկդ նո՛ւյնը արեք, որպեսզի յուրաքանչյուր ոք իր կնոջն այնպես սիրի, ինչպես իր անձը, և կինը երկնչի իր մարդուց» (Եփես. 5։22-33):

Երբ իրար այսպես սիրում են, ամուսնությունը ո՛չ խենթություն, ո՛չ խոլական կիրք և ո՛չ էլ բորբոքված սրտի քմահաճույք է դառնում, այլ հաստատուն, տևական ու անսասան է լինում, նման Աստծու սիրուն, որը նույնն է երեկ, այսօր և հավիտյան: Այսպիսի պայմաններում ամուսնական միության եսասիրական կողմն էլ հետզհետե, տարիների ընթացքում նահանջում է և սերը մաքրվում, զտվում ու զարգանալով՝ հոգիանում է, ասես բաժանվում է մարմնից ու ավելի խորունկ, տևական և անմահ է դառնում. «Հզոր է սերը մահվան պես» (Երգ 8։6):

Բոլոր ամուսինները, որ իրապես և ըստ Աստծու կամքի են սիրել իրար, կհամաձայնեն իմ այս խոսքերի հետ: Երբ ճշմարտապես են սիրում մեկմեկու, սիրում են ընդմիշտ, ժամանակն այլևս չի կարող բավականացնել նրանց, նրանք անմահության կարիք են զգում:

Որքա՜ն հեռու է Աստծու կամքի համեմատ ամուսնության ընկալումը ամուսնության վերաբերյալ մարդկային ընկալումից, ըստ որի՝ ամուսնությունն անցավոր է և չունի մեկ այլ նպատակ, բացի միայն մարմինը գոհացնելուց:

Յոթներորդ պատվիրանն իր տառի և ոգու համեմատ պահելու համար պետք է հիշել նաև առաքյալի այս ուշագրավ խոսքը. «Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք դուք, և Աստծու հոգին է բնակվում ձեր մեջ: Եթե մեկն Աստծու տաճարն ապականի, Աստված էլ նրան պիտի ապականի, որովհետև սուրբ է Աստծու տաճարը, որը դուք եք» (Ա Կորնթ. 3։15-16):

Մարմինն արատության համար չէ, Տիրո՛ջ համար է, և Տերն էլ մարմնի համար է: «Մարմինը ոչ թե պոռնկության, այլ Տիրոջ համար է, և Տերը՝ մարմնի համար: Բայց Աստված, որ Տիրոջը հարություն տվեց, ձեզ էլ հարություն պիտի տա Իր զորությամբ: Չգիտե՞ք, թե ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են: Արդ, Քրիստոսի անդամներն առնելով՝ պոռնիկի՞ անդամներ ենք դարձնելու: Քա՛վ լիցի: Չգիտե՞ք, թե, ով մերձենում է պոռնիկին, նրա հետ մեկ մարմին է դառնում: «Կլինեն, — ասում է Գիրքը, — երկուսը մեկ մարմին»: Եվ ով մերձենում է Տիրոջը, մե՛կ հոգի է դառնում Նրա հետ: Փախե՛ք պոռնկությունից: Ինչ մեղք էլ որ գործի մարդ, այդ իր մարմնից դուրս է. իսկ ով պոռնկանում է, իր մարմնի դեմ է մեղք գործում: Չգիտե՞ք, թե ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն ստացել եք Աստծուց. և դուք ձեր տերը չեք, քանզի մե՛ծ գնով գնվեցիք: Փառավորեցե՛ք Աստծուն ձեր մարմինների մեջ» (Ա Կորնթ. 6։13-20):

Այդպիսով մեր մարմինները սանձահարած լինելով է, որ մենք կարող ենք այն ճշմարտապես սրբազան տաճար և մեր հոգու հրաշալի «պատյանը» դարձնել, ուստի պետք է «մեր մարմինները ընծայենք Աստծուն որպես զոհ կենդանի, սուրբ, աստվածահաճո, և դա կլինի մեր մատուցած բանական պաշտամունքը» (հմմտ. Հռոմ. 12։1):

 

Տեր Ղևոնդ եպս. Դուրյան, «Պարզ քարոզներ», Ե հատոր, Փարիզ, 1927 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

19.09.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․