«Միշտ արա՛ այնքան բարիք, որքան կարող ես»

Սեպտեմբերի 13-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Մելիքյան Սիրվարդին (65 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Տիկին Սիրվարդն իր երկու թոռների հետ բնակվում է ք. Էջմիածնի Լոմոնոսովի փ., 1-ին նրբ., տ. 2-Բ հասցեում: Նա միայնակ է խնամում իր թոռներին, քանի որ տղան ամուսնալուծված է և աշխատանք չունենալու պատճառով՝ ստիպված է եղել մեկնել Ռուսաստանի Դաշնություն: «Մեծ թոռս բանակ է զորակոչվել, իսկ միջնեկ տղա թոռս մկանային թուլություն ունի, ձեռքերը դժվարանում է շարժել, լիարժեք չի քայլում, ոտքերը չի կարողանում բարձրացնել, ստիպված ենք լինում ամիսը մեկ կամ երկու անգամ կոշիկ գնել: Ֆինանսական խնդրի պատճառով չենք կարողացել նրան հետազոտության և բուժման տանել, հուսով եմ, որ այս տարի թոռս կկարողանա բուժում ստանալ: Նրան որոշ չափով օգնում է կավագործությունը. արդեն երկրորդ տարին է, որ նա մեծ սիրով հաճախում է Էջմիածնի Հայ Միասնության Խաչի Մաչանենց արվեստաց դպրոցի կավագործության դասարան»,- ասաց տիկին Սիրվարդը և իր երախտագիտությունը հայտնեց աջակից Վարդանյան ընտանիքին:

Բարին գործելն առաքինություն է, որ միմիայն երջանկություն է տարածում իր շուրջը: «Բարին այն է, որ կարող է լսել խուլը և տեսնել կույրը»,- ասել է Մարկ Տվենը: Իսկ Նոր Կտակարանի առաքելական նամակներում կարդում ենք. «Խնդրում ենք, եղբայրնե՛ր, հուսադրեցե՛ք վհատվածներին, պահապա՛ն եղեք տկարներին, համբերատա՛ր եղեք բոլորի հանդեպ: Ուշադի՛ր եղեք, որ որևէ մեկը չարիք անողին չարիքով չհատուցի, այլ ջանացեք միշտ բարի՛ք անել, միմյանց լինի, թե բոլորին» (Ա Թես. 5:14-16): Պողոս առաքյալի այս պարզ խոսքերն իրենց մեջ մեծ լույս ու բարիք են պարունակում: Հասարակության մեջ մարդը նախ և առաջ տառապում է բարու և սիրո պակասից: Չարիքը ինչպես ձնե մի գունդ մեծանում է, եթե նրան չի հակադրվում բարին, եթե բարության ու ողորմածության շողերը չեն հալեցնում այն: Մարդն ինչպես իր, այնպես էլ իր միջավայրի մարդկանց սրտում բույն դրած խավար չարիքը կարող է հաղթահարել, եթե հետևի Տիրոջը, Ով ասաց. «Ես եմ աշխարհի լույսը: Ով որ Ինձ հետևի, խավարի մեջ չի քայլի, այլ կունենա այն լույսը, որ առաջնորդում է դեպի կյանքը» (Հովհ. 8:12): Աստվածային լույսի մեջ քայլողը դառնում է լուսո որդի՝ լուսավորելով իր և իրեն շրջապատող մարդկանց կյանքը: «Միշտ արա՛ այնքան բարիք, որքան կարող ես և ավելի մեծ բարու ժամանակ մի՛ շրջվիր դեպի ավելի փոքրը, որովհետև ասված է, որ նա, ով ետ է շրջվում, հարմար չէ Երկնքի Արքայությանը (Ղուկ. 9:62)»,- ասել է Ս. Մարկոս ճգնավորը:

 

Կարինե Սուգիկյան

13.09.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․