Մոլորակի ամենաարևային երեխաների հունիսմեկյան տոնակատարությունը

Ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ին, աշխարհի շատ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, նշում են կարևոր մի տոն՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Տոնը միջազգային է, քանի որ մոլորակի ողջ բնակչությանը հիշեցնում է պաշտպանել մոլորակի ամենափոքրիկ բնակիչների իրավունքները, անվտանգ դարձնել նրանց կյանքը՝ սեր, ուշադրություն և մշտական հոգատարություն ցուցաբերելով նրանց հանդեպ:

Յուրաքանչյուր երեխայի համար ամենամեծ նվերը սերն է և ուշադրությունը, որ իրականում շատ կարևոր ներդրում է՝ երեխաների առողջ և ներդաշնակ զարգացման, բարեկեցության և երջանկության համար: Տոնի առթիվ «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն» ՀԿ-ն Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում արևների և եկեղեցու համայնքի երեխաների համար կազմակերպել էր տոնական միջոցառում, որ կայացավ արև երեխաների լավագույն բարեկամներ՝ ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի և «Մարտին Սթար» ՍՊԸ-ի տնօրեն Անդրանիկ Բաբոյանի աջակցությամբ:

Մինչ տոնական միջոցառումը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ և «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման աջակիցներին՝ Կարեն Վարդանյանին և Անդրանիկ Բաբոյանին, ապա իր շնորհավորական խոսքն ուղղելով ծնողներին և երեխաներին, ասաց. «Սիրելի՛ ծնողներ, մեր Տեր Հիսուս Քրիստոս անգին գանձեր է ուղարկել ձեզ՝ հանձինս ձեր զավակների: Նա ձեզ վստահել է այդ անաղարտ հոգիների դաստիարակությունը՝ մեծ պատասխանատվություն դնելով ձեր վրա: Երեխաները Տիրոջ պարգևած անաղարտ պարզությունն են, որում արտացոլվում է Արարչի սուրբ պատկերն ու նմանությունը, նրանք այն մատաղ տունկերն են, որ Երկնավոր Հայրը տնկել է մեր պարտեզներում, որպեսզի առանձնահատուկ սիրով, ուշադրությամբ և համբերությամբ խնամենք նրանց: Յուրաքանչյուր զավակ ծնողների ուրախությունն ու հարստությունն է և այն պայծառ արեգակը, որ ցրում է ընտանեկան երկնակամարում կուտակված ամպերն ու ջերմություն պարգևում իր հարազատներին: Թող Աստված օրհնի և Իր զորավոր Աջով պահապան լինի ձեզ, սիրելի՛ երեխաներ»:

Տոնը երեխաներին անմոռանալի օր պարգևեց. նրանք ամբողջովին սուզվել էին երջանկության, ժպիտների, երգ ու պարի և զվարճալի խաղերի մեջ: Հեքիաթի հերոսներն իրենց բազմազան խաղերով գունեղ և հեքիաթային էին դարձրել արևների օրը: Տոնական օրվա հաջորդ նվերը երեխաներին համեղ հյուրասիրությունն էր. տոնական սեղանները լի էին տոնական տորթերով, կարկանդակներով և պաղպաղակներով: Տոնախմբության մասնակիցներին նաև մատաղ բաժանվեց:

Մոլորակի ամենաարևային երեխաները՝ արևները, իրենց ժպիտներով լուսավորել ու ջերմացրել էին մոլորակի փոքրիկ մի կտորը: Հունիսմեկյան արևոտ օրն ավելի էր պայծառացել նրանց անսպառ ժպիտից, խինդ ու ծիծաղից: Միջոցառման ավարտին երեխաներն իրենց ծողների հետ միասին, երկինք բաց թողնելով հարյուր աղավնի, արտահայտեցին իրենց ցանկալի երազանքը՝ ապրել լուսավոր ու ջերմ աշխարհում՝ խաղաղ ու անամպ երկնքի ներքո:

 

Կարինե Սուգիկյան

01.06.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․