Ոմն եղբայր հարցրեց ծերին և ասաց. «Ի՞նչ անեմ, հա՛յր, քանզի երբ տեսնում եմ մեղսավոր մեկին, դատում եմ նրան, իսկ երբ ծույլ եղբոր եմ տեսնում, ատում եմ նրան, և այդպիսով իմ հոգին կորստյան եմ մատնում»: Ծերը նրան ասաց. «Երբ այդպիսի բան լսես, նույն պահին իսկ միտքդ հեռացրո՛ւ դրանից և ուղղորդի՛ր քո ՝ խորհելու ահավոր Դատաստանի օրվա մասին, հիշի՛ր նաև սոսկալի Աթոռը և անաչառ Դատավորին, հրեղեն գեհենը, որ Նրա առջևում է, և տան ջանքները, որ նրանում են, հրեղեն սուրը և անողորմ դահիճներին, աչքերի լացն ու ատամների կրճտոցը, անքուն որդերն ու բոլոր դառն ու անվախճան տանջանքները, հավիտենական ողբն ու կոծը: Այս ամենն հիշի՛ր և ընկերոջդ դատելու փոխարեն` ինքդ քե՛զ դատիր, քննի՛ր քո մեղքերը ու խորհի՛ր, թե ինչ ահավոր են Աստծո դատաստանները: Քանզի եթե սուրբ և անմարմին հրեշտակների զորքերն են ահուդողով լցվում այդ ժամին, ապա մեղքի մեջ ծնված և նրանով սնուցված մարդն ի՞նչ կանի: Այնտեղ ոչ մեկը չի կարող ուրիշին օգնել կամ վնասել, և ոչ ոք չի կարող տանջանքներից փրկել մեկնումեկին. ո՛չ հայր, ո՛չ մայր, ո՛չ եղբայր, ո՛չ քույր, ո՛չ որդի, ո՛չ ազգատոհմ, ո՛չ փառք, ո՛չ մեծություն` բնավ ո՛չ ոք և ոչինչ, այլ միայն` Աստծո ողորմությունը, արդարության գործն ու ուղիղ հավատը: Եվ առհասարակ, մեծ հիմարություն է թողնել սեփական մեղքերը և դատել ընկերոջը, քանզի մեզանից յուրաքանչյուրն իր բեռն է տանում և մեզանից յուրաքանչյուր ոք իր մեղքերի ցանցով է բռնվում, և ամեն մեկն էլ Տիրոջինն է` արդար լինի, թե մեղավոր: Եվ Աստված կարող է ապրեցնել թե՛ մեղավորին և թե՛ արդարին, ինչպես արեց մաքսավորին, պոռնիկին, ավազակին և այն մշակներին, որոնք տասնմեկերորդ ժամին վարձվեցին (Մատթ. Ի 6-16): Այս ամենը խորհի՛ր, որդյա՛կ, և հրաժարվի՛ր ընկերոջը դատելուց և ատելուց, քանզի դա ամենաչարն ու դժնդակն է բոլոր մեղքերից, քանզի Միածնի աթոռի և դատաստանի մենաշնորհի հափշտակումն է այդ: Եվ եթե կամենում ես զերծ մնալ դրանից` դա՛տ դիր քո առաջ և ասա՛` այսինչ բանն ինչո՞ւ արեցի, կամ` ինչո՞ւ խորհեցի այսինչ բանը: Քեզ դատելու համար բազում պատճառներ կգտնես, որովհետև դու մարդ ես: Այսպես անելով և խորհելով` չես զբաղվի ուրիշներին դատելով և ատելով և կհանդարտվես Աստծո շնորհով»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016