25 Նոյեմբեր, Բշ
Ոմն եղբայր, որ բնակվում էր Ձիթենյաց լեռանը, մի օր իջավ սուրբ քաղաք Երուսաղեմ և գնալով իշխանի մոտ՝ խոստովանեց իր մեղքերը և ասաց նրան. «Պատժի՛ ենթարկիր ինձ ըստ օրենքի»: Իսկ իշխանը զարմացավ և եղբորն ասաց. «Որովհետև ինքդ խոստովանեցիր, չեմ համարձակվում դատել քեզ Աստծուց առաջ. գուցե Աստված քեզ արդեն թողություն շնորհեց»: Եղբայրը վերադառնալով` իր պարանոցին երկաթակապ դրեց և իրեն արգելափակեց խցում: Եվ եթե մեկը հարցնում էր նրան, թե՝ ո՞վ քեզ այդչափ ծանր երկաթների մեջ արգելափակեց, պատասխանում էր՝ իշխանը: Նրա վախճանվելուց մեկ օր առաջ իրենք իրենց բացվեցին երկաթներն ու ընկան նրա վրայից: Եվ մի եղբայր տեսնելով` զարմացավ և հարցրեց նրան. «Աբբա՛, ո՞վ արձակեց երկաթները քո վրայից»: Աբբան նրան ասաց. «Ով իմ մեղքերն արձակեց, Նա երեկ հայտնեց ինձ և ասաց. «Ահա քո համբերության համար լուծարեցի քո բոլոր մեղքերը»: Եվ իր մատով հպվեց երկաթներին, իսկ դրանք նույն պահին ընկան իմ վրայից»: Այս ասելով` իսկույն փոխվեց առ Տեր:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016