Երկու արյունակից եղբայրներ` աշխարհից հրաժարված, գնացին Նիտրիա լեռը՝ ոմն ծերի մոտ: Սրանց երկուսին էլ Աստված տվեց զղջման և արտասուքի շնորհը: Մի օր ծերը երազում տեսավ, որ երկու եղբայրներն էլ՝ յուրաքանչյուրն առանձին, աղոթքի մեջ էին և արտասուքներով թրջում էին իրենց մագաղաթները. մեկի գիրը հեշտությամբ ջնջվում էր, իսկ մյուսինը` տքնությամբ, քանզի պինդ թանաքի պես էր: Եվ ծերն աղաչեց Աստծուն մեկնել երազը: Եվ հրեշտակը գալով` նրան ասաց. «Մագաղաթների վրա գրվածները նրանց մեղքերն են, նրանցից մեկը, սակայն, բնական մեղքերով մեղանչեց, դրա համար էլ հեշտությամբ են ջնջվում, իսկ մյուսը պիղծ և աղտեղի հանցանքների մեջ շաղախվեց, դրա համար էլ նրան առավել ջանքեր ու տքնություններ են հարկավոր ապաշխարության և մեծ խոնարհության համար»: Դրանից հետո ծերն այն եղբորն ասաց. «Ջանա՛, եղբա՛յր, քանզի քո գրերը թանձր թանաքով և տքնությամբ են ջնջվում, բայց և այնպես կջնջվեն»: Եվ մինչև մահ չհայտնեց նրան իրողությունը, որպեսզի չխաթարի նրա հոժարությունը, այլ միայն այ՛ս էր ասում նրան. «Տքն՛իր, եղբա՛յր, և տքնությամբ կջնջվեն»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016