23 Նոյեմբեր, Շբ
Մի ծեր ճգնավոր կար, որի սովորությունը և գործը այս էր. միշտ տխուր նստում էր իր խցում՝ դեմքը դեպի գետին խոնարհած, գլուխը շարժելով և հոգոց հանելով ասում էր. «Արդյո՞ք ինչ ես լինելու»: Այսպես էր անցկացնում իր կյանքի բոլոր օրերը: Հետո դարձյալ առժամանակ լռում էր, պարան էր հյուսում, ապա դարձյալ, գլուխը շարժելով, ասում. «Արդյո՞ք ինչ պիտի լինես»: Մի անգամ նրա մոտ եկավ մի եգիպտացի երիտասարդ եղբայր, ով մարտնչում էր պոռնկության դեմ, և աղաչեց ծերին աղոթք անել իր համար, որպեսզի իր միջից դուրս գա այդ պատերազմը: Ծերը աղոթք արեց և արժանավորապես աղաչեց Աստծուն նրա համար յոթ օր, իսկ ութերորդ օրը հարցրեց եղբորը. «Ինչպե՞ս է մարտդ, եղբա՛յր»: Եվ նա ասաց. «Վատ է, ո՛վ հայր, բնավ թեթևություն չզգացի»: Ծերը զարմացավ: Եվ ահա գիշերով ծերին երևաց սատանան և ասաց նրան. «Հավատա՛, ծե՛ր, առաջին իսկ օրը, երբ դու աղաչեցիր Աստծուն, ես նրանից հեռացա, սակայն նա մի առանձին դև ունի, և առանձին պայքար կա նրա որկորի մեջ: Ես նրա պայքարի հետ գործ չունեմ, այդ ինքն է իր դեմ մարտնչում. կուշտուկուռ ուտում է ու ննջում»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016