22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Փետրվարի 11-ին Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ, Արարատյան Հայրապետական թեմի` սրբի անունը կրող երեք եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի անդամ, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, բարձրաստիճան զինվորականներ ու սահմանային գծում առավել աչքի ընկած զինվորներ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր:
Մինչ Ս. Պատարագը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամբ եկեղեցի էին բերվել Ս. Սարգսի մասունքակիր աջը և 17-րդ դարում այս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը, որն այժմ պահվում է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարանում:
Հավարտ Ս. Պատարագի Նավասարդ Սրբազանը Ս. Սարգսի աջով օրհնեց զինվորներին ու հավատավոր մյուս հայորդիներին:
Ս. Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Արդեն 12 տարի ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ ու նախաձեռնությամբ Ս. Սարգսի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում, բացի հոգևոր արարողակարգից, կազմակերպվում են ցուցահանդեսներ, համերգներ, ազգային ավանդույթներով համեմված միջոցառումներ: Տոնի ժամանակ առանձնահատուկ կարևորվում են Հայոց բանակին ու հայ զինվորին նվիրված ծրագրերը:
Այս տարի ևս Ս. Պատարագի ավարտին թեմի երիտասարդաց միությունների անդամները Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ կազմակերպել են խաչերթ` առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Մաշտոցի ու Բաղրամյան պողոտաներով դեպի Սիրահարների պուրակ: Երթն առաջնորդելու են Արարատյան Հայրապետական թեմի հոգևորականները՝ խաչով, խաչվառով, Ավետարանով: Թափորը կուղեկցի Ս. Սարգսին խորհրդանշող ձիավորը:
Սիրահարների պուրակում տեղի կունենա ավանդական տոնական համերգը՝ սիրված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին