23 Դեկտեմբեր, Բշ
Քրիստոնյայի կյանքի գերագույն նպատակը Երկնքի Արքայությանն արժանանալն է, ինչին հասնելու համար նա, Տիրոջ խոսքի համաձայն, պետք է անցնի նեղ դռնով և դժվարին ճանապարհով. «Մտե՛ք նեղ դռնով, քանի որ կորստյան տանող դուռը լայն է և ճանապարհը՝ ընդարձակ, և շատ են նրանք, որ մտնում են դրանով: Մինչդեռ դեպի կյանք տանող դուռը նեղ է, և ճանապարհը՝ դժվարին, և քչերն են միայն, որ գտնում են այն» (Մատթ. 7:13-15):
Ո՞րն է նեղ դուռը և դժվարին ճանապարհը, ինչպե՞ս այն գտնել և նրանով անցնել, որո՞նք են նեղ ու լայն ճանապարհների տարբերությունները: Եկեղեցու հայրերը նշում են, որ կարիք չկա լայն ճանապարհ փնտրելու, այն ազատորեն բաց է բոլորի համար, իսկ նեղ ուղին ոչ բոլորն են գտնում, և նրանք, ովքեր գտնում են այն, անմիջապես ընթանում են նրանով: Լայն ճանապարհը հաճույքի աշխարհն է, որը մարդկանցից շատերն են փնտրում, իսկ նեղ ուղին մարդկանց առջև բացվում է ջանք ու եռանդով, պահքով և բարեգործությամբ: Նեղ ճանապարհով ընթացողի համար կարևոր է առաքինությունների մեջ ամուր մնալը, այդ ուղին ծառայություն է Աստծուն ու մարդուն և այդ ճանապարհով ընթացողը պետք է ջանա դառնալ Քրիստոսի Մարմնի՝ եկեղեցու կենդանի բջիջը: Նեղ ճանապարհը մարդու ազատ կամքի և Աստծու կամքի միջև եղած համաձայնությունն է: Հնարավոր է նեղ ճանապարհով ընթացողն իր մեղքերի պատճառով ժամանակավորապես կորցնի այդ ուղին, բայց այն կարող է կրկին վերագտնել զղջմամբ և ապաշխարությամբ: Ո՞վ է երջանիկ. նա՞, ով ապագայում կանչվել է արքայական պալատ, բայց ընթանում է նեղ և վտանգավոր ճանապարհով, թե՞ նա, որ դատապարտվել է մահվան, բայց մինչ այդ ընթանում է լայն և հարթ ճանապարհով:
Դեպի Կյանք ընթացող յուրաքանչյուր ճամփորդ կրում է իր խաչը՝ առաջնորդվելով Տիրոջ այն խոսքով, որ ասում է. «Եթե մեկն ուզում է հետևել Ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա Իմ հետևից» (Մատթ. 16:24): Նեղ ճանապարհով ընթացել և ընթանում են Տիրոջ ճշմարիտ աշակերտները և «Երանի՜ այն մարդուն, որ դիմանում է փորձությանը, որովհետև փորձությունից հաղթանակած դուրս եկողը որպես մրցանակ կստանա այն կյանքը, որ Տերը խոստացավ Իրեն սիրողներին» (Հակոբոս 1:12): Տիրոջ ճշմարիտ հետևորդներից Հոբ Երանելին երկար տարիներ անտրտունջ հաղթահարեց մեծ փորձությունները և արժանացավ մեծ օրհնությունների: Ս. Պողոս առաքյալն ասում է. «Բազում նեղություններ պետք է կրեք Աստծո Արքայությունը մտնելու համար» (Գործք Առաքելոց 14:22): Նեղ ճանապարհը խոնարհության, զոհողության և համբերության ճանապարհ է, հպարտ անձն առանց խոնարհության չի կարող անցնել նեղ դռնով և նեղ ճանապարհով:
Առաքինությունը մոտ և հարազատ է մարդկային սրտին, և առաքինի անձը հեռու չէ փորձություններից: Եկեղեցու հայրերն ասում են, որ մի՞թե երկրային արքայի զինվորը կարող է կանգ առնել պատերազմի դժվարությունների առջև, երբ նրան սպասում է հաղթանակի պսակը: Քրիստոսի զինվորի համար ավելի լավ է մահանալ դեպի հավիտենական կյանք տանող ճանապարհին սխրանքներ գործելիս, քան ապրել հոգու փրկության հանդեպ անփույթ և անտարբեր կյանքով, որ դեպի հավիտենական մահ է առաջնորդում: Օրինակ՝ Աստծու խոսքի և հավիտենության հանդեպ անտարբերությունը կործանեց թե՛ մինչջրհեղեղյան շրջանի մարդկանց, թե՛ Սոդոմ և Գոմոր քաղաքի բնակիչներին: Ինչպիսի աստվածային կարեկցանքով է նայում Տերն այն մեծ թվով մարդկանց, որ ընթանում են լայն ճանապարհով և ինչպիսի անսահման համբերությամբ է սպասում նրանց ճանապարհի փոփոխությանը:
Ըստ հայրաբանության՝ հոգու կյանքը Աստծու հետ հաղորդակցությունն է, իսկ հոգու մահը այդ հաղորդակցությունը թողնելը: Այդ մահն ունեցավ Ադամը, երբ խախտեց Տիրոջ պատվիրանը: Աստծու օրհնությունը թողեց նրան, և նա նույն օրը մահացավ հոգևոր մահով, թեև դեռ կենդանի էր և երկար տարիներ էլ ապրեց: Մարդն էլ իր նախահոր նման հոգևոր մահ է ունենում, երբ փորձում է փրկվել՝ անցնելով լայն դռնով և լայն ճանապարհով: Եվ հակառակը՝ նեղ դռնով և նեղ ճանապարհով անցնողը ձեռք է բերում Աստծու հետ միավորված իրական կյանք: Երանելի Օգոստինոսն ասում է, որ մեղքի հագուստով հնարավոր չէ անցնել նեղ դռնով և ճանապարհով, նրանից պետք է հրաժարվել և ինչպե՞ս. «Օրինակ վերցրու օձի խորամանկությունը, որպեսզի իր հին կաշվից հրաժարվի, սողում է և անցնում նեղ անցքով: Իսկ որտե՞ղ է կասես այդ նեղ անցքը: Լսիր՝ վշտի նեղ դռներն են դեպի կյանք տանում»: Այս առումով հայրաբանական գրականության մեջ հանդիպում ենք հետևյալ օրինակի՝ ինչպես ծառը չի կարող պտղաբեր լինել, եթե չհամբերի ձմռան ցրտին, հետո անձրևներին, այդպես էլ մարդու համար այս կյանքը ձմեռ է, և նա չի կարող Երկնքի Արքայության ժառանգորդը դառնալ, եթե չհամբերի փորձություններին և դժվարություններին:
Բացի նեղ ճանապարհի մասին նշելուց, մեր Տերը մեկ այլ տեղ ասում է՝ «Իմ լուծը տանելի է և Իմ բեռը՝ թեթև» (Մատթ. 11:30): Իսկ թե ինչպես կարող է նեղ ուղին լինել հարմար, այս մասին պարզաբանում է Ս. Հովհան Ոսկեբերանը. «Եթե ալիքներն ու ծովանդունդները ծովագնացների համար են, հարվածներն ու վերքերը՝ զինվորի, վատ եղանակն ու սառնամանիքը՝ հողագործի, եթե այս ամենը հեշտ են ու տանելի ժամանակավոր ու անցողիկ պարգևների հույսով, ապա առավել ևս ներկայիս վշտերը կարող են աննշան համարվել, երբ առջևում Երկինքն է, անասելի բարիքները և հավիտենական պարգևները: Այս իմանալով հանդերձ, եթե որոշները դեպի կյանք տանող ուղին համարում են դժվարին, ապա այդ կարծիքը ձևավորվում է միայն սեփական ծուլության պատճառով: Փրկիչն Իր պատգամներով հորդորում է զգոն լինել, որով և ուղին դարձնում է հարմար, քանի որ, ինչպես Պողոս առաքյալն է նշում. «Մեր պատերազմը մարդկանց դեմ չէ, այլ երկնքի տակ գտնվող չար ոգիների, իշխանությունների ու պետությունների և այս խավար աշխարհի տիրակալների» (Եփես. 6:12): Առաքյալն իր խոսքերով չի հուսահատեցնում, այլ մեր մեջ արթանցնում է պայքարի ոգին, այդպես և Քրիստոս կյանքի ուղին կոչել է դժվարին, որպեսզի քնից արթնացնի ճամփորդներին, նրանց զգոնության մղի, քանի որ ճանապարհին վտանգներ կան. թշնամին հարձակվում է ծածուկ և ոչ բացահայտ: Բայց դու նայիր,- ասում է Քրիստոս,- ոչ թե նրան, որ այս ուղին դժվարին է և նեղ, այլ նրան, թե որտեղ է այն ավարտվում և նայիր նաև, թե որտեղ է ավարտվում լայն ուղին»:
Ս. Հովհան Ոսկեբերանը կարևորում է այն հանգամանքը, որ հնարավոր չէ Երկնքի Արքայությունը ձեռք բերել այլ կերպ, եթե ոչ խաչի ճանապարհով. «Եթե պատերազմի ժամանակ հնարավոր չէ փրկվել՝ անհոգության տրվելով, ունեցվածքի մասին հոգ տանելով, առևտուր անելով, ապա առավել ևս հոգևոր պատերազմի ժամանակ: Այս պատերազմում չպետք է տրվենք անհոգության, ինչպես կվարվեինք խաղաղ իրավիճակում: Հավատացեք ինձ, որ այժմ էլ հնարավոր է համբերել այնպիսի չարչարանքների, ինչպիսի չարչարանքների համբերեց Պողոս առաքյալը: Այն ժամանակ նրան քարկոծեցին, իսկ այժմ հնարավոր է մեզ խոսքի ծանր քարերով քարկոծեն: Ի՞նչ պետք է անել՝ այն, ինչ արեց առաքյալը, նա չատեց իրեն քարկոծողներին, երբ նրան ազատ արձակեցին, առաքյալը նորից գնաց քաղաք, որպեսզի իր բարերար վարվեցողությունը ցուցաբերի այդ աստիճան իրեն վիրավորողներին: Երբ դու էլ վիրավորանք կրես քեզ վիրավորողից, ով քեզ հետ անարդարացի է վարվել, այսինքն՝ դու էլ ես քարկոծվել, մի ասա՝ ես ոչ մի վատ բան չեմ արել: Իսկ ի՞նչ էր արել Պողոս առաքյալը, որ քարկոծվեց: Նա մարդկանց քարոզում էր Արքայության մասին՝ նրանց հեռու պահելով մոլորությունից և առ Աստված մոտեցնելով, և առաքյալն արժանի էր պսակի, փառքի, անհամար պարգևների և ոչ քարերի, այնինչ նա կրեց հակառակը և այդ էր փառահեղ հաղթանակը: Քեզ էլ կվիրավորեն, մի՛ բարկացիր, այլ խոնարհությամբ Աստծո խոսքը քարոզիր: Ես գիտեմ շատերին, ովքեր ոչ այնքան վերքից են տանջվում, որքան վիրավորիչ խոսքերից, քանի որ վերքը մարմնին է վերաբերում, իսկ խոսքը՝ հոգուն: Չտխրենք, երբ մեզ վիրավորում են, համբերող գտնվենք: Հիշի՛ր Պողոս առաքյալին և դատիր, որ, վերք ստանալով, մնում ես հաղթանակած, իսկ նա, ով վերք է հասցնում, հաղթահարվում է և այդ կերպ կբուժես ամեն ինչ: Մի՛ տրվիր առաջին պահին և ամեն ինչ կուղղես, մեծագույն մխիթարություն է հանուն Աստծո համբերելը: Գուցե կասես՝ ինձ վիրավորողը, տեսնելով իմ խոնարհությունը, առավել է հարձակում գործում, բայց մի՞թե տխրում ես, որ Տերը բազմացնում է քո պարգևները: «Սիրալիր պատասխանը մեղմացնում է զայրույթը»,- ասում է առակագիրը (Առակ. 15:1): Ահա, թե ինչ է անում խոնարհ պատասխանը, եթե այն օգտակար է քեզ համար, օգտակար է բոլորի համար: Բարկությունը կրակ է, մի՛ սնիր այն, և չարը շուտով կմարի: Չարիքն այսօր հասել է այնտեղ, որ շատերը գովում են այն, ինչից հարկ էր ամաչել: Որոշները հետևյալն են ասում՝ դու չես կարող դեմ առնել իմ լեզվին: Այսպիսի խոսքերը հատուկ են հարբած և լիրբ կանանց: Չկա ավելի ամոթալից խոսքեր, քան այս խոսքերն են, չկա ավելի անարժանը տղամարդու համար, քան նման կինը, ով իր ուժը համարում է իր լեզուն և հպարտանում է իր չարախոսությամբ: Իմ հորդորն է, որ ավելի ըմբռնող լինենք, հեռու մնանք չարիքից, որ շատերն են գովում, սթափվենք, ուղղելով այդ խելագարությունը, մեր լեզուները հեռու պահենք չարախոսությունից, որպեսզի, մաքրվելով մեղքերից, ձեռք բերենք Աստծո օրհնությունը և արժանանանք Նրա մարդասիրությանը»:
Այսպիսով, հավիտենական կյանքին արժանանալու համար, Ս. Եփրեմ Ասորու հորդորով, շտապենք քայլել նեղ ուղով և նմանվել նրանց, որոնց սրտում վառ է առաքինության լույսը: Չշփոթվենք՝ նայելով այն մեծ թվով մարդկանց, որ ընտրել են լայն ուղին, այլ նախանձախնդրորեն հետևենք այն քիչ մարդկանց, որ ընտրել են նեղ ուղին և ամեն կերպ, ինքներս մեզ ամրացնելով՝ ընթանանք նեղ ուղով՝ հայցելով Տիրոջ առաջնորդությունը. «Առաջնորդի՛ր ինձ, Տե՛ր, նեղ և նուրբ ճանապարհով, ինչպես որ առաջնորդեցիր Քո սրբերին և զորացրո՛ւ տկարիս, որ ժուժկալությամբ, համբերությամբ ու ջերմեռանդ սրտով ընթանամ Քո ճանապարհով» (Ս. Եփրեմ Ասորի, «Զորավոր աղոթք»):
Կազմեց Կարինե Սուգիկյանը