21 Դեկտեմբեր, Շբ
Մի շինական ամեն կիրակի մասնակցում էր Սուրբ Պատարագին, բայց միշտ ուշանում էր: Թագավորը նույնպես եկեղեցում էր լինում: Նա լսում է, որ շինականը Աստծուց մի նժույգ է խնդրում, որով կարող է արագ հասնել եկեղեցի և չուշանալ: Եվ թագավորը, տեսնելով այս մարդու համառ աղոթքը, նրան երկու նժույգ է ցույց տալիս՝ մեկը՝ հասարակ, մյուսը՝ շատ գեղեցիկ ու յուրահատուկ և դրանցից մեկին ընտրելու հնարավորություն տալիս: Եվ շինականն ընտրում է շքեղ նժույգը, բայց այլևս եկեղեցի չի գնում…
Մի օր թագավորը նրա տան մոտով անցնելիս տեսնում է, թե այս մարդն ինչպես է ջանադրաբար խնամում ձիուն և հարցնում է.
-Ինչո՞ւ այլևս եկեղեցի չես գալիս:
Շինականը պատասխանում է.
-Իմ նժույգն արքայական է, յուրահատուկ և շատ թանկարժեք, եթե դրանով եկեղեցի գնամ, վախենում եմ, որ չարագործ, նախանձ մարդիկ վնասեն կամ գողանան այն, երբ եկեղեցու ներսում լինեմ, իսկ առանց նժույգի էլ՝ չեմ ուզում գնալ, որովհետև կարող են գալ և իմ տնից գողանալ ու տանել:
Կախվածությունները և կապվածությունները կասեցնում են մարդու հոգևոր աճը և նրան հեռացնում Աստծուց:
Հովհաննես Մանուկյան