Ննջեցյալներին աղոթք է հարկավոր

- Հա՛յր, ժամերգության ժամանակ ես ինձ համար եմ ավելի շատ աղոթում: Նույնիսկ երբ ննջեցյալների համար կարդացվում է 118-րդ սաղմոսը («Երանի նրանց, ովքեր անբիծ ուղի են բռնել…»), ես հաճախ շարունակում եմ ինձ համար աղոթել:

- Ինչ է, ամեն ինչ միայն քեզ համա՞ր ես ուզում: Ննջեցյալներին հարկավոր է մեր աղոթքը, որովհետև իրենք իրենց համար ոչինչ անել չեն կարող, իսկ մենք կարող ենք:

Աթոսում մի քեռի Յանիս էր ապրում: Ուր գնում էր, ասում էր. «Ի՞նչ աշխատանք կա: Ինչ պետք է, կանեմ»: Նա այնքան բարի էր, որ հայրերը նրան հորդորում էին, որպեսզի վանական դառնա: Իսկ նա պատասխանում էր. «Ո՛չ, ո՛չ, միայն աղոթեք ինձ համար, քանի որ չեք պատկերացնի, թե ես ինչպիսի մարդ էի և ինչեր էի անում պատերազմի ժամանակ»: Մի անգամ, երբ նա ինձ օգնում էր գրակալ պատրաստել, ասաց. «Աղոթի՛ր ինձ համար, որովհետև ես մեծ մեղավոր եմ»: Հետո նա կորավ տեսադաշտիցս: Բավականին ժամանակ անց հայրերից մեկը եկավ ինձ մոտ ու ասաց. «Քեռի Յանիսը ննջեց: Նա երկու անգամ երևաց ինձ և ուղարկեց քեզ մոտ՝ ասելու, որպեսզի աղոթես նրա հոգու հանգստյան համար»: Իսկ ահա, թե ինչ էր պատահել: Քեռի Յանիսը գնացել էր մի վանք՝ վանականներին օգնելու: Երբ նրա մահանալու ժամը հասել էր, գերեզմանատանը ծառայություն կատարող աբեղային ասել էր. «Եղբա՛յր, ես մեծ մեղավոր եմ: Խնդրում եմ ամեն օր գերեզմանիս կարճ հոգեհանգիստ կատարես»: Եվ նա, իսկապես, ամեն օր երեկոյան հոգեհանգստյան կարճ կարգ էր կատարում նրա գերեզմանին: Սակայն որոշ ժամանակ անց նրան հանձնարարեցին ծառայության անցնել մենաստանի հյուրատանը: Աբեղան այլևս միշտ չէ, որ կատարում էր հոգեհանգստյան կարգը: Եվ մի գիշեր նրա երազում հայտնվում է քեռի Յանիսն ու ասում. «Խնդրում եմ, ինձ մի՛ մոռացիր: Եթե ինքդ չես կարող ինձ համար կարգը կատարել, ապա հայր Պաիսիոսի մոտ գնա և ասա, որ ես մահացել եմ, որովհետև նա ամեն օր ինձ հիշատակում է, բայց հիշատակում է իմ առողջության համար և աղոթում, որպեսզի ապաշխարեմ: Իսկ այժմ ես չեմ կարող ապաշխարել»:

Ննջեցյալներին աղոթքն ավելի շատ է անհրաժեշտ, քան ողջերին, որովհետև ողջերի համար դեռ ապաշխարելու հույս կա: Եվ Աստված կամենում է, որպեսզի լինեն մարդիկ, որ Իրեն կխնդրեն ննջեցյալների համար, որովհետև վերջնական Դատաստանը դեռևս չի եղել:

Պատերազմի ժամանակ մի ծանր վիրավոր զինվոր հոգևորականից ջուր է խնդրում, սակայն վերջինս չի տալիս: Անտարբերության է մատնում, չնայած որ տափաշշում դեռ մի քիչ ջուր ուներ: Շուտով վիրավորը մահանում է, և հոգևորականը, գիտակցելով իր սխալը, հուսահատության մեջ է ընկնում: Անընդհատ հիշատակում է այն մարդուն: Նա իմ խուցն եկավ ու պատմեց իր դժբախտության մասին: Իրականում նա գթասիրտ մարդ էր, և ինքն էլ չէր հասկացել, թե ինչպես էր այդ ամենը պատահել: Աստված թույլ էր տվել, որպեսզի դա տեղի ունենա. կարճ ժամանակով ետ էր վերցրել Իր շնորհը, որովհետև վիրավորին աղոթք էր խիստ անհրաժեշտ: Եթե այդ քահանան նրան ջուր տար, ապա շուտով կմոռանար վիրավորի մասին, իսկ այժմ խիղճը նրան տանջում էր, և նա մշտապես աղոթում էր նրա համար:

 

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

12.02.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․