Նշխարը Սուրբ Հաղորդության կամ Պատարագի համար հատուկ պատրաստված շրջանաձև հաց է՝ վրան պատկերված Քրիստոսի խաչելության կամ հարության նկար: Այն տափակ, բոլորակ, բաղարջ հաց է, որը եփում են սաճի վրա, Պատարագին սրբագործում և որպես Փրկչի Մարմին հաղորդում հավատացյալներին: Նշխարի չափը կախում ունի սկիհի մեծությունից: Քանի որ Պատարագին օգտագործվում է մեկ հատ նշխար, նկատի ունենալով հաղորդվողների քանակը պատրաստում են մեծ չափի նշխար: Պատարագի նշխարը, ըստ առաքելական կանոնի, պատրաստվում է Պատարագ մատուցելու առավոտյան: Իսկ այն նշխարները, որ տրվում են ժողովրդին (տնօրհնեք, ննջեցյալ և այլն) կարող են պատրաստվել որևէ մի օր:
Գինին Սուրբ Հաղորդության նյութն է: Այն խաղողից պատրաստված անապակ, այսինքն՝ մաքուր խմիչք է, որը գործածվում է Սուրբ Պատարագին՝ ի նշան Քրիստոսի արյան:
Հնում Սուրբ Պատարագի գինին պատրաստվում էր հոգևորականների ձեռքով այգիներից հավաքված և բարեպաշտ ժողովրդի կողմից նվիրված ընտիր խաղողից: Ջահընկալի պարտականությունն էր գինին պահելը և Սուրբ Պատարագին մատուցելը:
Այն բոլոր իրերը, ինչպես՝ խաչ, պատկեր, ավազան, Սուրբ Սեղան և այլն, որոնք եկեղեցում պետք է օծվեն, նախ լվանում են ջրով, ապա ծիսական կարգադրությամբ նաև՝ գինով, որից հետո էլ տեղի է ունենում օծումը:
Հնում Պատարագի նշխարներն այնքան շատ էին պատրաստում, որ դրանց մի մասը սրբագործության համար ընտրելուց հետո, մնացածը արարողության վերջում բաժանում էին չհաղորդվածներին՝ իբրև սուրբ խորհրդի մասնակցության նշան: Այս նշխարները կոչում էին մաս:
Այժմ մասը լիովին տարբերվում է Հաղորդության նշխարից: Այն շատ բարակ և բոլորաձև պատրաստված բաղարջ հաց է, առանց պատկերի, որ օրհնվում է Սբ. Պատարագի ժամանակ և Պատարագի վերջում փոքր կտորներով, մասերի բաժանելով՝ բաշխում են ժողովրդին: Մասը մինչև Պատարագի վերջը պահվում է Սեղանի ետևը: Ուտում են նրանք, որոնք տվյալ օրը Սուրբ Հաղորդություն չեն ընդունել և այդպիսով նրանք էլ հաղորդակից են դառնում սուրբ խորհրդին: