Գրքեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում կրթության ոլորտի բոլոր պատասխանատուներին, մանկավարժներին ու դասախոսներին, աշակերտներին և ուսանողներին:

Այսօր վերստին բացվում են դռները հայրենի ուսումնական հաստատությունների, բացվում են դռները հայ գրի և դպրության ազգային դարբնոցների:

Մեր ժողովուրդը բոլոր ժամանակներում առանձնահատուկ կարևորություն է ընծայել գիտելիքին ու դպրությանը՝ Աստվածապարգև հայոց այբուբենի յուրաքանչյուր տառը դիտարկելով հայոց ինքնության պահպանության կոչված զինվոր և դպրոցը՝ որպես ազգի հարատևման անխորտակելի ամրոց:

Կրթության ոլորտի սիրելի մշակներ, երախտարժան առաքելություն եք դուք իրականացնում մեր երկրի կյանքում՝ գիտելիքի հանդեպ ձեր հոգու սերն ու նվիրումը փոխանցելով ձեր սաներին ամուր և անհոգնաբեկ ջանքերով ծաղկուն պահելով մեր կրթօջախները: Այս նվիրական օրը ուժ և եռանդ ենք մաղթում ձեզ`սահակ-մեսրոպյան ոգով և ներշնչումով շարունակելու բարի ներդրում բերել կրթության և դաստիարակության ասպարեզում:

Սիրելի աշակերտներ և ուսանողներ, մեր ժողովուրդը մեծ սպասումներ ունի ձեզանից: Մեր հորդորն ենք բերում ձեզ, որ քաջեռանդ ու հետևողական լինեք ուսման մեջ՝ ձեր միտքն ու հոգին բացելով իմացության լույսի առջև, որպեսզի հասակ առնեք իբրև հավատավոր, լուսավոր անձեր` զորավոր` ձեր հոգով, ամուր` ձեր գիտելիքներով և նախանձախնդիր` հայոց աշխարհի ապահով ու երջանիկ հարագնա ընթացքի կերտման սրբազան առաքելության մեջ:

«Տերն է տալիս իմաստությունը, և Նրանից են բխում գիտությունն ու հանճարը» (Առակ. Բ 6), - ասում է Սուրբ Գիրքը: Աղոթում ենք, որ Բարին Աստված առատապես օրհնի ու շնորհազարդի ձեզ՝ ընթանալու աստվածահաճո ճանապարհներով և ձեզ փոխանցված գիտելիքը ծառայեցնելու ի բարին:

Թող Բարձրյալի հովանու ներքո նոր ուսումնական տարին արգասավորվի նորանոր ձեռքբերումներով ի պայծառություն մեր հայրենիքի և ի զորացումն հայոց կյանքի:

01.09.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․