Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Անկախության տոնի այս նվիրական օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր ժողովրդին:

Ազգային ազատագրական դարավոր պայքարի և պատմության ընթացքում հանձն առած զոհողությունների մեր ամենաթանկ ձեռքբերումն է անկախ պետականությունը: Մեր ժողովուրդն աներկբա հավատով ձգտեց իր պատմական հայրենիքի հողի վրա անկախ պետականության վերակերտմանը՝ ամուր վստահությամբ, որ միայն այդ հաստատուն հիմքի վրա կարող պիտի լինի կազմակերպել զարգացող ու առաջընթաց իր կյանքը, ապահովել ազգի հարատևությունը: Անկախ պետականությունը՝ իբրև ազգային երազների մարմնավորյալ զավակ, համախմբեց նաև աշխարհասփյուռ մեր ժողովրդին, դարձավ հնարավորություն միասնական ջանքերով նվիրվելու նրա ամրապնդմանն ու հզորացմանը: Ամեն օր արդար ու բարի, հայրենաշեն գործերով պիտի վկայենք, որ արժանի ենք Աստծո շնորհով և մեր ազգի զրկանքներով վաստակյալ անկախ պետականությանը:

Մեր մաղթանքն է, որ այս գիտակցությամբ ու զգացումներով տոնախմբենք Անկախության տոնը, որպեսզի նրա խորհուրդը ամուր մնա մեր և հետագա սերունդների կյանքում:

Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված խաղաղ պահի մեր հայրենիքը և օրհնի մեր ժողովրդի ջանքերը՝ հանուն իր շեն ու բարգավաճ ազգային կյանքի և լուսավոր գալիքի:

Տիրոջ ողորմությունն ու շնորհները թող լինեն մեզ հետ և բոլորի, այսօր և միշտ. ամեն:

21.09.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․