Նյարդերի հոգնության պատճառներն ու լուծումները

Մարդու նյարդային համակարգը գործում է որպես հիանալի համակարգ, որը պատասխանատու է մարմնի գործունեության, գործառույթների կառավարման ու համակարգման համար իր ցանցի միջոցով, որը հաղորդակցվում է մեր մարմնի բոլոր մասերի հետ: Այս հոդվածի նպատակն է՝ մի կողմից՝ ամփոփ խոսել մարդու նյարդերի հոգնեցման պատճառների մասին, և մյուս կողմից՝ ներկայացնել դրանց  հանգստացման միջոցները:

Մարդու նյարդերի հոգնության պատճառները

Մարդու նյարդերի հոգնության պատճառները շատ են։ Դրանցից են՝

Քնի պակասը: Բժշկական մոտեցումով՝ յուրաքանչյուր մարդ, իր տարիքի համաձայն, կարիք ունի քնի որոշակի ժամերի, որովհետև քունն ունի բազմազան օգտակարություններ՝ ուղեղի և նյարդերի հանգստացում, էներգիայի վերականգնում, օրգանների աշխուժացում և այլն: Մեծամասամբ քիչ քնող մարդկանց նյարդերը ժամանակի ընթացքում հոգնում են: Այսպիսիները դառնում են ըմբոստ, անհանդուրժող, անհամբեր, անհնազանդ:

Բնավորությունը: Հոգեբանները բնավորությունը բաժանում են ըստ չորս տարերքների՝ կրակ, օդ, հող և ջուր, որոնցից կրակի տարերքին պատկանող մարդիկ ամենազգայունն են: Ջղային բնավորությունը հոգնեցնում է նյարդերը: Ջղային մարդը կարծես մի շարժական հրաբուխ է, արագորեն զայրանում է նույնիսկ ամենափոքր պատճառով, դեմքը կարմրում է, խոսակցական ոճը փոխվում է, վիճաբանում է, գոռում, փորձում է իր համոզմունքը պարտադրել դիմացինին:   

Նյարդային հիվանդությունը: Հիվանդ նյարդերը, բնականաբար, հոգնած կլինեն, ուստի դրանք կարիք ունեն անմիջապես բուժվելու մասնագետ բժիշկների մոտ: Օրինակ՝  ողնաշարը ճնշում է նյարդերից մեկի վրա, և այն դառնում է հոգնած կամ բորբոքված:

Որոշ ուտելիքներ և ըմպելիքներ: Նախապես մարդը բուսակեր էր. «Աստված նաև ասաց. Ահա ձեզ իբրև կերակուր տվեցի սերմ տվող սերմանելի բույսերը՝ տարածված ողջ երկրի վրա, և իր պտուղի մեջ սերմանելի սերմ ունեցող բոլոր ծառերը»

(Ծննդ. 1:29), սակայն ջրհեղեղից հետո Աստված արտոնեց մարդուն, որ միս ուտի՝ պայմանով, որ այն արյունով չլինի՝ «Կենդանիներին ևս կարող եք ուտել. դրանց տալիս եմ ձեզ, ինչպես տվել էի խոտն ու բանջարը։ Սակայն միսն իր արյունով չուտեք»

(Ծննդ. 9:3-4): Հետաքրքրական է, որ կենդանական աշխարհում տեսնում ենք, որ բուսակերները՝ կովը, ոչխարը, փիղը, կրիան ավելի հանդարտ են քան մսակերները՝ առյուծը, վագրը, գայլը, շունը:

Արտաքին խնդիրներ: Մարդու նյարդերը հոգնում են արտաքին խնդիրներից՝ լինեն դրանք հարևան երկրի հետ պատերազմը, փոխադրամիջոցների գերծանրաբեռնվածությունը, գործատիրոջ կոշտ վերաբերմունքը, մեր արժանապատվությունը վիրավորող խոսքերը, հարազատի ծանր հիվանդությունը կամ մահը, աշխարհում մարդկանց չիպավորման ծրագիրը և այլն: 

Ֆիզիկական հոգնությունը: Ծննդոց գիրքը ցույց է տալիս, որ Աստված վեց օրում  ստեղծեց երկինք ու երկիրը, և յոթներորդ օրը հանգստացավ. «Աստված օրհնեց յոթներորդ օրը, սուրբ դարձրեց այն, քանի որ այդ օրը Աստված հանգստացավ արարման իր բոլոր գործերից» (Ծննդ. 2:3), այն իմաստով, որ մարդը շաբաթը մի օր պետք է հանգստանա, որովհետև երկար ժամանակ յոթ օր աշխատելը հոգնեցնում է մարդու միտքը, մարմինը, ինչպես նաև նյարդերը:

Մարդկանց պնդումը: Կան մարդիկ, որ երկար խոսելով, պնդում են, որ իրենք ճիշտ են, իրենց կարծիքն անսխալ է, իրենց խոսքն օրենք է: Նրանք հաշվի չեն առնում, որ իրենց այդ պնդումով դիմացինի նյարդերը պիտի հոգնեն:

Հոգեմտավոր վիճակը: Մարդու հոգեմտավոր վիճակը հոգնեցնում է նյարդերը,    օրինակ՝ ներկա վիճակի նկատմամբ դժգոհությունը, ապագայի հանդեպ մտահոգությունը, նոր գործի հանդեպ ձախողվելու վախը, որոշ խնդիրների հանդեպ անվճռականությունը, վատագույն արդյունքների երևակայությունը, սխալ մտածելակերպն ու վերլուծումը, փափագների չիրականացումը, կասկածամտությունը, ամոթխածությունը և այլն:

Լուրերը: Սուտ, խռովեցնող ու մտահոգիչ լուրերը հոգնեցնում են նյարդերը: Ինչքա՜ն մարդիկ լուրերի ունկնդրության պատճառով կորցրին իրենց նյարդերի խաղաղությունն ու հանգստությունը, հասան հոգեբանների և հոգեբույժների կլինիկաններ, ստացան ֆիզիոթերապիայի սեանսներ և դեղեր: 

Որոշ գույներ: Կան գույներ, որ հոգնեցնում են մարդու նյարդերը, օրինակ՝ կարմիրը, նարնջագույնը, դեղինը և կան գույներ, որ հանդարտեցնում են, օրինակ, հոգեբանության մեջ կանաչ գույնը համարվում է հանգստացնող գույներից մեկը, ուստի դրա և այլ օգտակարությունների համար, որոշ երկրներ ապահովում են, որ բնակելի տարածքները շրջապատված լինեն կանաչ տարածքներով:

Երաժշտության որոշ տեսակներ: Երաժշտությունը կարող է ազդել նյարդերի վրա։ Օրինակ՝  Բեթհովենը կարող էր նվագել մեղեդի, որը ոգևորում էր մի անձի, և մեկ այլ մեղեդի, որը հանգստացնում էր մեկ ուրիշի: Տեսնում ենք համաշխարհային ֆիլմերում, թե ինչպես պատերազմի կամ վախի բաժինների երաժշտության կտորները գրգռում են դիտողի նյարդերը: 

Սովը: Երկար ժամանակ սոված մնացած ստամոքսը պատճառ կլինի, որ մարդու նյարդերը հոգնեն: Այդ ժամանակ մարդն անկարող է բնական ձևով մտածելու և աշխատելու, որովհետև նրա միտքը անդադար իրեն տեղեկացնում է, որ սոված է, ուստի պետք է սնվի:

Մարդու նյարդերի հանգստացման լուծումները

Մարդու նյարդերի հանգստացման միջոցներ շատ կան։ Դրանք կարելի է բաժանել երեք գլխավոր մասի՝

Մտային մոտեցումով լուծումներ: Հասկանանք, որ մեր կրակոտ բնավորությունը  առաջին հերթին մեզ է վնասում, ուստի աշխատենք ավելի հանդուրժող լինել: Իմանանք, որ մենք չենք կարող արտաքին բոլոր խնդիրերը լուծել, բայց կարող ենք պահել մեր ներաշխարհի խաղաղությունն ու մեր նյարդերի առողջությունը: Հանգստանանք շաբաթը մի օր մեր գործերից, որովհետև տևական ժամանակ շաբաթը յոթ օր աշխատելը մեզ հասցնելու է նյարդային հիվանդության: Ինչպես որ մենք չենք կարող արգելել հովին, որ փչի, սակայն կարող ենք արգելել, որ այն մեր տուն մտնի, նույնպես չենք կարող արգելել բոլոր մարդկանց, որ անտեղի պնդումներ ու ճնշումներ չանեն մեզ վրա, սակայն կարող ենք պահել մեր ներքին խաղաղությունը: Վերլուծել մեր լսած լուրերը, թե ինչքանով դրանք ճիշտ են, այլ խոսքով՝ չընդունել ամեն լուր որպես բացարձակ ճշմարտություն: Քայլել կանաչ բնության մեջ, որը մեծապես հանգստացնում է մեր հոգնած նյարդերը: Լսել այնպիսի երաժշտություն, որն արագորեն հանգստացնում է մեր նյարդերը, օրինակ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Տէր Ողորմեա» շարականը, որը ոչ միայն մեղավորին առաջնորդում է ապաշխարության, աթեիստին՝ աստվածապաշտության, վշտացածին՝ բուժման, այլ նաև մարդու ներքին ալեկոծված աշխարհին խաղաղություն է պարգևում:     

Ֆիզիկական մոտեցումով լուծումներ: Քնենք այնքան ժամ, որ ո՛չ քնի արդար պահանջից նվազ լինի, և մեր առողջության վրա բացասական ազդեցություն թողնի, և ո՛չ ավելի, որ մեզ ծուլության առաջնորդի: Դիմենք մասնագետ բժիշկի, որպեսզի դարմանվի մեր նյարդերի հիվանդությունը: Զգուշանանք այն ուտելիքներից և ըմպելիքներից, որ հոգնեցնում են մեր նյարդերը:

Հոգևոր մոտեցումով լուծումներ: Հավատանք, որ մենք մենակ չենք, այլ ունենք Աստված, որ մեզ համար Իր անձը, որպես սիրո ընծա, զոհեց խաչափայտի վրա, իսկ մեր երկրավոր նեղություններն ու դժվարությունները ժամանակավոր են, հիմնականը մեր կյանքի գագաթնակետ նպատակը լինի մեր հոգու փրկությունը «Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը վնասի...» (Մատթ. 16:26):  

 

Գևորգ սրկ. Նալբանդյան

Աստվածաբանական գիտությունների դոկտոր

 

16.12.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․