4 Նոյեմբեր, Բշ
Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետը՝ եկեղեցու ամենանշանավոր ու շնորհալի հայրերից մեկը, նշում է, որ բոլոր մարդիկ իրենց բնությամբ հակված են ողորմությանը և չկա մեր բնության մեջ այնքան բարի հատկանիշ, որքան ողորմածությունը: Ոչինչ չի կարող համեմատվել այս բարիքի հետ, ոչինչ այնպես չի արտահայտում մարդկային էությունը, որքան ողորմածությունն ու մարդասիրությունը:
Հունվարի 12-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Հովսեփյան ընտանիքին: Հովսեփյան Քրիստինեն (34 տ.) իր երկու անչափահաս զավակների հետ բնակվում է Շահումյան 4-րդ փ. 1-ին նրբանցքի 33 հասցեում: Ընտանիքի ողջ հոգսը Քրիստինեի ուսերին է, նրա ամուսինը վեց տարի առաջ լքել է ընտանիքը: Ընտանիքի մայրն աշխատում է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում՝ որպես մաքրուհի:
«Աղջիկս վեց տարի է, ինչ բուժման մեջ է, նա վիրուսային ալերգիա և խպիպ հիվանդությունն ունի: Դեկտեմբեր ամսին տղայիս մոտ առողջական խնդիրներ ծագեցին և բուժստուգման արդյունքում ասացին, որ ստամոքսում խոցեր ունի և հիմա բուժում է ստանում: Ես էլ առողջական խնդիր ունեմ, ուռուցք ունեի, վիրահատվեցի, բայց ֆինանսական խնդրի պատճառով չեմ կարողանում վեց ամիսը մեկ քիմիաթերապիա ընդունել»,- ասաց ընտանիքի մայրը:
Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և Քրիստինեին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Նարեկ Կարապետյանը: Ընտանիքն անչափ շնորհակալ էր Տեր Գրիգորին և աջակից անձին:
«Մարդ նախ և առաջ պետք է սովորի ողոմած լինել, քանի որ այս առաքինությունն է, որ մարդուն մարդ է դարձնում: Ինչո՞ւ ես զարմանում, թե ողորմածությունը ծառայում է որպես մարդկության տարբերակիչ նշան, այն հենց աստվածության նշանն է. «Գթասիրտ եղեք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է գթասիրտ» (Ղուկ. 6:36): Որտեղ հարստություն է և հափշտակություն, այնտեղ տեսանելի է գայլը (գայլը հափշտակում է ուրիշինը, իսկ ոչխարը տալիս է և իր բուրդը), որտեղ հարստություն է և վայրագություն, այնտեղ առյուծի եմ տեսնում և ոչ մարդուն, նա ավերել է իր ազնվությունն անազնվությամբ.. Ի՞նչ օգուտ մարդուն, որ հարստություն է ձեռք բերում, և ոչ առաքինություն: Ինչո՞ւ ես ուրիշինը վերցնում, իսկ քոնը՝ կորցնում: Դու կասես, թե պտղաբեր երկրի՞ն ես տիրում, բայց չունես պտղաբեր հոգի, ունե՞ս ստրուկներ, բայց չունես առաքինություններ, ունե՞ս հագուստ, բայց ձեռք չես բերել բարեպաշտություն»,- ասել է «Ոսկեբերան» տիտղոսին արժանացած Հայրապետը:
Կարինե Սուգիկյան