25 Նոյեմբեր, Բշ
Ոմն եղբայր բնակվում էր Պաղեստինի գետեզերքին, որտեղ և բնակվում էր Սիլովանե երանելին: Այս եղբայրը հիմարություններ էր ցույց տալիս այլոց, որովհետև երբ հանդիպում էր որևէ մեկին, հապճեպ սկսում էր ծիծաղել և հրճվել, դրա համար էլ բոլորը խուսափում էին նրանից: Օրերից մի օր երեք հայրեր եկան հայր Սիլովանեի մոտ, և երբ աղոթեցին, ասացին հորը. «Քո աշակերտին տո՛ւր մեզ, որպեսզի մեզ տանի բոլոր եղբայրների սենյակները, որ տեսնենք նրանց»: Իսկ ծերն, ի լուր նրանց, ասաց եղբորը. «Բոլոր եղբայրների սենյակները կտանես սրանց»: Բայց ծածկաբար եղբորն ասաց. «Այն հիմար եղբորը ցույց մի՛ տուր, որ սրանք չգայթակղվեն»: Երբ շրջեցին եղբայրների սենյակները, հայրերն իրենց առաջնորդող եղբորն ասացին. «Բարի՛ եղիր ցույց տալ մեզ բոլոր եղբայրներին»: Եվ նա ասաց. «Շատ բարի, հայրե՛ր»: Այդպես էլ արեց, բոլորին ցույց տվեց, բացի հիմար եղբորից` ըստ ծերի պատվերի, և նորից եկան հայր Սիլովանեի մոտ: Եվ ծերը հարցրեց նրանց. «Տեսա՞ք բոլորին եղբայրներին»: Պատասխանեցին և ասացին. «Այո՛, հա՛յր, տեսանք և գոհանում ենք քեզանից, սակայն նեղվում ենք, քանզի ոչ բոլորին տեսանք»: Ծերը հարցրեց առաջնորդող եղբորը. «Մի՞թե բոլորին չտեսան»: Նա պատասխան տվեց և ասաց. «Ըստ քո ասածի եղավ, հա՛յր»: Եվ երբ արդեն հայրերը գնում էին, դարձյալ նույն բանն ասացին հայր Սիլովանեին. «Եղբայրներին տեսնելու համար ցնծում ենք, իսկ ում որ չտեսանք` տրտմում ենք»: Երբ նրանք գնացին, հայրն ուզեց ստուգել եղբորից, թե արդյո՞ք միայն այն հիմարին չտեսան և տրտմեցին, և իմացավ, որ նա հիմար է ձևանում: Եվ վեր կենալով հայր Սիլովանեն գնաց այն հիմար եղբոր դուռը` տեսնելու, թե ինչով է նա զբաղված: Դուռը չբախեց, այլ մտավ տուն և տեսավ եղբորը` նստած գործ անելիս. երկու զամբյուղ էր դրել` մեկը` իր աջ, իսկ մյուսը` ձախ կողմում: Երբ տեսավ ծերին, ըստ իր սովորության սկսեց ծիծաղել: Ծերն ասաց. «Թո՛ղ այդ ծիծաղը և ասա՛ ինձ քո նստելու նպատակը»: Իսկ նա շարունակում էր ծիծաղել: Հայրը նրան ասաց. «Դու գիտես, որ ես, բացի կիրակի օրվանից, խցից դուրս չեմ ելնում, և ահա շաբաթվա կեսին եկել եմ, քանի որ Աստված ինձ ուղարկեց քեզ մոտ»: Եվ երբ նա լսեց Աստծո անունը, սաստիկ վախեցավ, ընկավ նրա առաջ և ասաց. «Թողությո՛ւն շնորհիր ինձ, հա՛յր, քանզի առավոտից նստում և այս խիճերը դնում եմ առջևս: Երբ բարի խորհուրդ է գալիս, մի խիճ գցում եմ աջակողմյան զամբյուղը, իսկ եթե չար խորհուրդ է գալիս, գցում եմ խիճը ձախակողմյան զամբյուղը: Այս անում եմ ամբողջ օրը, իսկ երեկոյան հաշվում եմ երկկողմյան խիճերը. եթե աջակողմյան խիճերն են ավելի լինում, հաց եմ ճաշակում, իսկ եթե ձախակողմյաններն են ավելանում, այդ օրը ոչինչ չեմ ուտում: Երբ երկրորդ օրը մտքիս ինչոր խորհուրդ է գալիս, ինքս ինձ ասում եմ` տե՛ս, թե ինչ ես խորհում. հավատա՛ ինձ, որ այսօր էլ չես ուտի»: Եվ երբ ծերը լսեց այդ, սքանչացավ և ասաց. «Իսկապես սուրբ էին մեզ այցի եկած հայրերը, որ սրա առաքինությունը բացահայտեցին՝ ի շահ շատերի, և ինձ մեծ ուրախություն պատճառեց այսօր նրանց` մեզ մոտ գալը»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016