3 Դեկտեմբեր, Գշ
Հովհան սրբասեր հայրապետի մասին ասում էին, թե նրա ողորմածությունը այնքա՜ն մեծ էր, որ մարդկային բնությունից վեր էր: Իսկ երբ լսում էր ողորմած մեկի մասին, կանչում էր իր մոտ և հարցնում. «Հանուն Աստծո` ինչպե՞ս դարձար ողորմած` բնությունի՞ց, թե՞ հնարամտությունից: Որովհետև,– ասում էր երանելին,– վարձքը մեծ չէ նրա, ով բնությամբ է ողորմած, լռակյաց, զգաստ կամ սակավապետ, քանզի դա Աստծո պարգևն է, ինչպես և՝ ամեն ինչ: Սակայն ովքեր ճնշում են իրենց սիրտը և կամքը և բռնությամբ են առաքինություն գործում, սրանց է վերաբերում Տիրոջ խոսքը, թե. «Բռնությամբ են հափշտակում երկնքի Արքայությունը (Մատթ. ԺԱ, 12)»: Եվ երբ հարցնում էր, ոմանք պատկառանքով թաքցնում էին, ոմանք էլ՝ պատասխանում: Մի անգամ երբ մեկին հարցրեց սրա մասին, նա ասաց. «Հավատա՛, տե՛ր, ոչ մեկին էլ ոչինչ չեմ տալիս և ոչ մի բարի բան չեմ անում, սակայն այդ ոչինչը, որ տալիս եմ, որը Աստծո և ձեր աղոթքների պարգևն է, այսպես սովորեցի տալ. առաջ խիստ անգութ և անկարեկից էի, սակայն հետագայում զրկվելով ունեցվածքից` սաստիկ նեղություններ կրեցի, և իմ խորհուրդներն ինձ ասացին. «Արդարև, եթե ողորմած լինեիր, Աստված չէր թողնի քեզ»: Եվ անձիս մեջ խորհելով` օրական հինգ լումա տալիս էի աղքատներին, և երբ գալիս էր տալու պահը` սատանան արգելում էր ինձ` ասելով. «Ո ՜վ տառապյալ, այդ հինգ լուման իրոք բավական էր՝ տան համար բանջարեղեն գնելու կամ բաղնիք գնալու համար»: Եվ հետո կարծես զավակներիս բերանից էի կտրում` ինչ որ տալիս էի որևէ մեկին: Երբ տեսա, որ հաղթվում եմ այդ ախտից, իմ որդուն ասացի՝ գաղտնի գողացիր ինձնից հինգ լումա և ողորմություն տուր, քանզի լումայափոխներ էինք: Իսկ նա ավելի քան բարություն արեց. սկսեց տասըտասը գողանալ, ժամանակ էր լինում` նույնիսկ դահեկանի կեսը: Եվ երբ տեսա, որ օրհնվում ենք, սկսեց դահեկանի երեք մասը գողանալ և տալ: Իսկ ես, զարմանալով Աստծո օրհնությունների վրա, ասացի նրան. «Արդարև, որդյա՛կ, հույժ օգտակար եղան այն հինգ լումաները, սակայն այսուհետև տասըտասը տո՛ւր»: Իսկ երիտասարդը ժպտալով ասաց ինձ. «Գնա՛ և աղոթի՛ր իմ գողությունների համար, այլապես` այսօր հաց չէինք ունենա ուտելու: Եթե արդար գող կա, առաջինը ե՛ս եմ, որովհետև կես դահեկան և երրորդ մասը դահեկանի գողանում և տալիս էի կարոտյալներին»: Եվ նրա հավատից ոգեշնչված՝ ես ևս սովորեցի տալ ամբողջ հոգով»: Իսկ հայրապետը զարմանքով ասաց. «Հավատա՛, եղբա՛յր, հայրերի բազում գրություններ եմ ընթերցել, սակայն նման դեպքի չեմ հանդիպել»: Եվ օրհնելով նրան` արձակեց:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016