«Ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ»

«Ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ» | Oghormutyun Em Kamenum Ev Och Zoh

Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,

Ավետարանական հատվածը, որի մասին այսօր պիտի խոսեմ, Մատթեոսի ավետարանից է. «Հիսուս, շաբաթ օրով, անցավ արտերի միջով. նրա աշակերտները քաղցած էին և սկսեցին հասկ պոկել և ուտել։ Փարիսեցիները երբ այս տեսան, Հիսուսին ասացին. «Ահա քո աշակերտները անում են մի բան, որ շաբաթ օրն անել օրինավոր չէ»։ Եվ նա նրանց ասաց. «Դուք չե՞ք կարդացել, թե ինչ արեց Դավիթը, երբ քաղց զգաց նա և նրանք, որ նրա հետ էին։ Թե ինչպես մտավ Աստծու տունը և կերավ առաջավորության հացը, որն ուտել օրենք չէր ո՛չ նրա և ո՛չ էլ նրա հետ եղողների համար, այլ միայն՝ քահանաների համար։ Կամ թե Օրենքում չե՞ք կարդացել, որ շաբաթ օրերը տաճարում քահանաները պղծում են շաբաթը և անմեղ են։ Բայց ասում եմ ձեզ, որ այստեղ տաճարից մեծ մեկը կա։ Եվ եթե հասկանայիք, թե ի՛նչ է նշանակում Աստծու այս խոսքը. «Ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ», ապա անմեղներին չէիք դատապարտի, որովհետև Մարդու Որդին տերն է շաբաթ օրվա» (Մտթ. 12:1-8):

Սիրելինե՛ր, եթե մի քանի գլուխ հետ գնանք նույն ավետարանում, ապա կհանդիպենք Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի այն հատվածին, որտեղ Նա հանդիպում է Մատթեոսին, ով դեռևս մաքսավոր էր և ասելով, որ Իրեն հետևի, նրա տուն է գնում ու մյուս մաքսավորների հետ սեղան նստում: Երբ փարիսեցիները տեսնում են սա, սկսում են քննադատել Նրան, որին ի պատասխան, կրկին Օսեեի մարգարեության տողերն է մեջ բերում՝ ասելով. «Գնացե՛ք, սովորեցե՛ք, թե ինչ է նշանակում՝ ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ» (Մտթ. 9:9-13):

Սիրելի՛ հավատացյալներ, ինչպես գիտենք փարիսեցիներն ու օրենսգետները շատ խստորեն էին հետևում օրենքի կատարմանը և նրանց պարագայում դա բառիս բուն իմաստով դարձել էր օրենքի տառի կատարում, այսինքն կարծես վերածվել էր ընդամենը ինչ-որ տեխնիկական գործողության, որում տեղ չուներ զգացմունքային մոտեցումը: Եվ այս օրինակում էլ, որ այսօր դիտարկում ենք, բախվում ենք այդ չոր ու խստասիրտ վերաբերմունքին, որին սակայն հակառակվեց Քրիստոս: Այսպիսով, ո՞րն էր այստեղ խնդիրը: Փարիսեցիները տեսնում էին Քրիստոսի աշակերտներին, որոնք խախտել էին օրենքը՝ շաբաթ օրով ցորեն քաղելով և ուտելով: Այս գործողության մեջ ցորեն քաղելը նրանք որպես հունձք էին տեսնում, ափերի մեջ տրորելը կալսել էին համարում, իսկ այդ ավելորդ մղեղը մի կողմ թափելն էլ՝ քամհարում: Այսինքն մի ամբողջ աշխատանքային ընթացք, որ արգելված էր շաբաթ օրը կատարել: Իսկ Քրիստոս այս ողջ բարդությունների հետևում տեսավ իր սոված աշակերտներին միայն, որ իրենց Տիրոջ հետևից ամենուր շրջելով, հաճախ մոռանում էին ուտելու մասին: Եվ գթաց նրանց Աստծո Որդին, քանզի «Աստված գթասիրտ է» (Ղուկ. 6:39): Եվ փարիսեցիներին էլ խրատեց՝ ասելով, որ Աստծո համար մարդու հոգևոր վիճակն ավելի կարևոր է, քան այն արտաքին բարեպաշտությունը, որ նրանք ունեին:

Հիսուս Քրիստոս Դավիթ արքայի օրինակը բերեց, ով քահանային խնդրեց առաջավորաց հացից տալ իրեն և իր ծառաներին, քանզի բոլորովին ուտելիք չունեին, իսկ այդ հացը սուրբ էր համարվում և միայն քահանաներն իրավունք ունեին ուտել դրանից: Բայց այդ դեպքում Դավիթ թագավորն իր ծառաների կյանքի փրկությունն ավելի արժևորեց, քան օրենքը բառացիորեն կատարելը, և դա ներվեց նրան: Նույնն էր նաև Քրիստոսի աշակերտների պարագայում, բայց Տերը գիտեր, որ փարիսեցիներն ամենևին էլ բարի տրամադրվածություն չունեին և միայն աշակերտների սոված լինելու հանգամանքը մատնացույց անելը բավարար չէր լինի նրանց համար, ուստի այդ հայտնի պատմական կերպարի օրինակը հիշեցրեց նրանց՝ խոսքը տեղ հասցնելու համար: Այս օրինակով Քրիստոս կամեցավ ցույց տալ, որ ողորմածության դրսևորումն այնքան կարևոր էր ու Դավթի գործողություններն այնքան արդարացված էին, որ նույնիսկ քահանան թույլ տվեց Օրենքը խախտել: Բացի այդ, Դավթի օրինակում խոսքը ոչ թե շաբաթ օրը խախտելու մասին էր, որն էր աշակերտների պարագան, այլ սուրբ հացի, որ շատ ավելի լուրջ հարց էր:

Իսկ հաջորդ օրինակը, որ Տերը մատնացույց արեց, ավելի զորեղ էր, քան առաջինը. «Շաբաթ օրերը տաճարում քահանաները պղծում են շաբաթը և անմեղ են»: Այսինքն այն փաստը, որ զոհ մատուցելու համար քահանաները պետք է խարույկ վառեին ու զոհ մատուցեին շաբաթ օրով, այսինքն Օրենքը խախտեին յուրաքանչյուր շաբաթ, ներվում էր նրանց, իսկ Քրիստոսի աշակերտներին, որ սոված էին՝ աններելի՞ էր: Եվ վերջապես Քրիստոս վերջին մեծագույն փաստարկը բերեց՝ ապացուցելու Իր աշակերտների անմեղությունը: Եթե տաճարի ծառայողների համար ներելի էր Օրենքի խախտումը, ուստի որքան առավել ներելի էր այդ տաճարի Տիրոջ աշակերտների համար, որոնց հենց Ինքն էր թույլատրել: Իսկ եզրափակիչ խոսքն էլ վերջակետ էր դնում այդ ամենին, որտեղ ասվում էր. «Եթե հասկանայիք, թե ի՛նչ է նշանակում Աստծու այս խոսքը. «Ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ», ապա անմեղներին չէիք դատապարտի»:

Այո՛, սիրելինե՛ր, հերթական անգամ Տերն ընդգծում է ողորմածության կարևորությունն ու անգնահատելիությունը: Քանզի այս հասկացության հետ սերտորեն միահյուսված ու անբաժանելի են բազում առաքինություններ, որ քրիստոնյայի անփոխարինելի զարդարանքներն են հանդիսանում: Քանի-քանի՜ անգամ ենք սայթաքում, հայտնվում մեղքի ծուղակում ու այլ ելք չենք գտնում, քան Աստծո ողորմածությունը հայցելը: Եվ բնական ենք համարում, որ Ամենակալն ամեն անգամ պիտի ների մեզ և օգնության ձեռք մեկնի: Արդ ինչո՞ւ ենք բնական համարում օգնություն ստանալը և ոչ՝ տալը: Հայրն ինչո՞ւ պետք է ողորմած գտնվի ամեն անգամ, նույնիսկ ամենազազրելի մեղքերի դեպքում, իսկ մենք նույնիսկ ամենաչնչին վիրավորանքը չենք կարողանում ներել մեր մերձավորներին: Հենց այս պատճառով է Աստված Օսեե մարգարեի ու Իր Որդու շուրթերով ասում, որ ողորմություն է կամենում, այլ ոչ թե զոհ: Այսինքն մեր Երկնավոր Հայրը կամենում է, որ Իրեն ծառայելը միայն ծեսեր կատարելով ու դրանց մասնակից լինելով չսահմանափակենք, այլ հոգևոր ծառայություն ևս ունենանք, որն արտահայտվում է միմյանց նկատմամբ ունեցած բարի ու մարդկային վերաբերմունքով, սիրով, ներելու և  օգնելու պատրաստակամությամբ: Որովհետև արտաքին ծիսապաշտությունը երբեք չի փոխարինի ներքին բարեպաշտությանը: Սակայն երկուսն էլ անհրաժեշտ են ու լրացվում են միմյանցով: Մեր հոգիները ծարավ են եկեղեցական խորհուրդներին ու ծեսերին, դրանց ժամանակ հնչող աղոթքին ու շարականներին, Սուրբ Գրքի ընթերցումներին ու քարոզներին, բայց այդ կենսատու հոգևոր սնունդը ստանալը միայն բավարար չէ, սիրելի՛ հավատացյալներ: Դրանք կյանքի կոչել է պետք՝ սիրով և ողորմածությամբ, քանզի ողորմածությունը սիրո պտուղներից մեկն է:

Վստահ եմ, որ ամենքդ էլ հասկանում եք, սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր, որ ողորմածություն կամ ողորմություն ասելով միայն նյութական օգնությունը նկատի չունենք, քանզի անչափ դյուրին կլիներ գումար տալ կարիքավորին և առաքելությունն ավարտված համարել: Բայց ողորմածությունն առաջին հերթին հոգևոր ուժերի, սեփական հանգստի և ժամանակի նվիրում է ենթադրում, որովհետև երբեմն մի ծեր տատիկի ու պապիկի այցելելը կամ մի հիվանդի անկողնու մոտ անցկացրած մեկ ժամդ ավելին արժե, քան ուղղակի գումար տալն ու մի կողմ քաշվելը: «Ողորմությունը կանգնում է դատաստանի առջև և ոչ միայն պաշտպանում է, այլև հենց Իրեն, Արդար Դատավորին որպես դատապաշտպան է ունենում»,- ասում է Սուրբ Հովհան Ոսկեբերանը:

Մի քրիստոնյա կնոջ մասին պատմում են, որ երբ նրա սկեսուրը անկողնային հիվանդ դարձավ ու նրա երեխաները, կարծելով որ երկար ժամանակ պետք է խնամեն իրենց մորը, երես թեքեցին նրանից: Իսկ հարսը, Տիրոջ սերն իր սրտում ունենալով և սկեսուրին գթալով, իր մոտ վերցրեց ու սկսեց հոգ տանել նրա մասին: Մարդիկ ծաղրում էին նրան՝ ասելով, որ անխելքի մեկն է ու ավելորդ բեռ է վերցրել իր վրա: Իսկ նա չէր տրտնջում, այլ Տիրոջ պատկերն իր սկեսուրի մեջ տեսնելով՝ համբերությամբ ու հոգատարությամբ խնամում էր նրան: Եվ արդյունքում, երեք ամիս անց, Աստված Իր մոտ վերցրեց հիվանդի հոգին, իսկ մինչ այդ ծեր կինը հասցրեց այնքան օրհնել իր հարսին, որ մինչև կյանքի վերջ կբավականացներ նրան:

Արդ, սիրելինե՛ր, այսօր մաղթում եմ ամենքիս, որպեսզի հասկանանք, որ առաջին հերթին Աստված ողորմության գործեր է ակնկալում մեզանից: Հասկանանք, որ կատարելության ձգտելու, Աստծո պատկերն ու նմանությունը մեր մեջ դրոշմելու, աստվածահաճո ընթացք ունենալու համար սահմանափակումներ չկան: Թող Ողորմած Աստծո պատկերը օրինակ լինի յուրաքանչյուրիս համար, որպեսզի ձգտենք մեր Երկնավոր Հոր արժանի զավակները լինելու ու ժառանգելու Նրա խոստացած Արքայությունը: Սեր, շնորհ, խաղաղություն ամենեցուն, ամեն:

 

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

17.07.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․