Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին

Մեր օրերում կատարված առավել հիանալի նշանները ձեզ հա­մար գրի առնելը՝ հաճո թվաց ինձ` Հակոբ սարկավագիս ու մեղավո­րիս, հոգևո՛ր եղբայրներ, որպեսզի լսելով այն` առավել շահվեն ձեր հոգիները, և փառավորե՛ք մարդասեր Աստծուն, Ով ոչ մեկի կորուստը չի կամենում: Լսեցե՛ք ինձ և ձեր մտքերում դրե՛ք իմ առաջիկա ասե­լիքը, քանզի իմ խոսքերը լի են շնորհներով: Անտիոքի սուրբ եպիսկո­պոսը հրավիրեց քաղաքի շրջակա վանքերի եպիսկոպոսներին՝ որոշ խնդիրների պատճառով: Հավաքվեցին ութ եպիսկոպոսներ, որոնց հետ էր նաև եպիսկոպոս սուրբ Նոնոսը` սքանչելի մի այր, որ մենակյաց էր եղել աբեդեմենացիների բազմաթիվ վանքերում և անարատ վարքի ու առաքինի ընթացքի համար արժանացել էր այդպիսի պատվի: Սրանք, հավաքվելով վերոհիշյալ քաղաքում, իջան սուրբ Հուլիանոսի մատու­ռը. ես էլ էի նրանց հետ: Եվ կիրակի օրը եպիսկոպոսներն իջնելով` աղոթքի նստեցին մատուռի դռանը և հարցումներ ուղղեցին իմ եպիս­կոպոս Նինոսին, որպեսզի նրանից հոգեշահ խոսք լսեն և նրա միջոցով խոսող Սուրբ Հոգուց փրկության շահն ընդունեն: Այդ պահին մեր առջևից անցնում էր Անտիոքի վարձու պոռնիկների ու կաքավող կա­նանց բոզապետուհին` նստած գրաստի վրա, հրաշալի և թանկարժեք հանդերձների մեջ, անթիվ ոսկեղենով ու մարգարիտներով պճնված, շուրջը՝ արանց և կանանց բազմություն, որոնք պարանոցներին ունեին ոսկեհուռ մանյակներ, հագել էին պատվական և ընտիր զգեստներ և սպասարկում էին նրան: Ոմանք ընթանում էին նրա առջևից, ոմանք` հետևից, և նրան տեսնել ցանկացողներն ու նրան տենչացողները ան­հագուրդ հայացքով նայում էին նրան: Անցնելու ընթացքում ողջ շրջակա օդը լցվել էր մուշկի ու հոտավետ պատվական յուղերի անու­շահոտությամբ: Եպիսկոպոսների դասը, տեսնելով նրան՝ այդպես բաց երեսով, արձակ­համարձակ, գլուխն անգամ բաց, և թանկարժեք գլխա­նոցը ուսն ի վար անփութորեն գցած, դարձրին իրենց երեսները՝ որ­պես սաստիկ մեղքից»: Բայց իմ տեր և Աստծո սուրբ Նոնոսը սրտի աչքով նայեց նրան, հետո երեսն իջեցրեց ծնկներին և իր գոգն ամբող­ջովին թրջեց արտասուքներով, ապա սաստիկ հառաչեց և իր հետ նստած եպիսկոպոսներին ասաց. «Տեսե՛ք, եղբայրնե՛ր, թե որքա՜ն ջանք է թափել այդ կինը երկրավոր բաների համար»: Իսկ նրանք լուռ խոնարհվեցին և ոչ մի պատասխան չտվեցին: Նա նորից երեսը դրեց ծնկներին, հառաչելով ծեծեց իր կուրծքը և ողջ մազեղեն պարեգոտը թրջեց արցունքներով: Ապա դարձյալ ասաց. «Արդա՛րև, Աստված այս դեպքն Իր առջև է դնելու Դատաստանի օրը՝ մեզ և մեր եպիսկոպոսու­թյունն ու մեր վարքը դատելու համար: Ինչպե՞ս եք կարծում, սիրելի­նե՛ր, որքա՜ն ժամանակ է այս կինն անցկացրել իր առանձնասենյա­կում` լվանալով, սրբելով, մաքրելով ու պճնելով իրեն, պեսպես զար­դարանքներով պճնագեղելով և սիրագորով հայացքով հայելու մեջ իրեն զննելով, որպեսզի իր բարեկամների առաջ դուրս գալիս՝ որևէ պակասություն չունենա իր հարդարանքի մեջ և տգեղ չերևա իրեն տենչացողների աչքին: Այս ամենն արել է մարդկանց հաճոյանալու համար, որոնք այսօր կան և վաղը չեն լինի: Իսկ ես, որ անմահ Փեսան և անապատական առագաստն ունեմ երկնքում, Փեսան, որ իր պատ­վիրաններով զարդարվողներին անապականություն է տալիս` երկնա­վորներին մեծ բաժին պահած ունենալով, որ մտքով հասանելի չէ, «որ ո՛չ աչքը տեսավ, ո՛չ ականջը լսեց և ո՛չ մարդկանց սիրտը ընկավ, Աստված այն պատրաստեց իր սիրելիների համար» (Ա Կորնթ. Բ, 9): Էլ ի՞նչ ասեմ. մենք, որ խոստում ունենք՝ անքնին և անհաս Գեղեցկու­թյունը տեսնելու, Ում սերովբեներն ու քերովբեներն իսկ նայել չեն կարող: Այսպիսի խոստում ունենալով հանդերձ՝ ո՛չ պատրաստվում ենք, ո՛չ զարդարվում և ո՛չ էլ մեր տառապյալ հոգիների աղտեղու­թյունն ենք մաքրում, այլ թողնում ենք սուգի և տխրության մեջ»: Այս ասելով` վերցրեց ինձ և մեր խրճիթը վերադարձանք, և ընկնելով մի քարի վրա ու գետնին նայելով՝ սաստկապես լաց եղավ ու աղաչելով ասաց. «Աստվա՛ծ, քավի՛ր իմ` մեղավորիս մեղքերը, քանզի պոռնիկի մեկ օրվա զարդարվելը հաղթեց իմ` տարիներով տքնությամբ զարդա­րուն վարքը: Ի՞նչ երեսով նայեմ Քեզ, Աստվա՛ծ իմ, կամ ինչպիսի՞ խոսքերով արդարանամ Քո առջև, Տե՛ր, Դո՛ւ, որ տեսնում ես գաղտ­նին ու ծածուկը. Տե՛ր, չեմ մատուցել հոգուս գեղեցկությունը Քո առաջ, Տե՛ր, ինչպես Դու ես պահանջում ինձնից, Աստվա՛ծ իմ: Քո սոսկալի ու ահավոր սեղանի հանդեպ եմ կանգնած, սակայն ինձ չեմ զարդարել Քո կամքի համաձայն, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, որ անգոյությու­նից գոյության կոչեցիր ամեն ինչ, և իմ անարժան թշվառությունն արժանի համարեցիր ծառայելու քեզ: Մի՛ հեռացրու ինձ Քո երկնային սեղանից. թո՛ղ պոռնիկի զարդարումը չդատապարտի ինձ ահավոր ու վեհասքանչ Քո ատյանի առջև, քանզի այդ կինը՝ հանուն երկրավորի և հողեղենի, մեծապես ջանք գործադրեց, իսկ ես Քեզ` անմահ Փեսա­յիդ արհամարհելով` անփութության մատնեցի իմ անձը և ծուլության պատճառով զրկվեցի Քո պատվիրանների զարդերից: Նա խոստացավ հաճոյանալ մարդկանց և իսկապես հաճոյացավ, որովհետև հանուն դրա զարդարվեց երկրի վրա, իսկ ես մարդասեր Աստծուն խոստացա հաճո լինել և ստեցի. դրա համար իմ գործածներին չկա՛ փրկության հույս, սակայն քո ամենագթությանը ապավինելով՝ կամենում եմ ճա­նաչել այն, և Քո իսկ ողորմությամբ՝ Քո տառապյալ ծառան եմ»: Լա­լով ու հառաչելով, բազում խոստովանություններով անցկացրեց շա­բաթվա բոլոր օրերը»: Եվ հաջորդ օրը, որ սուրբ կիրակի էր, գիշերա­յին պաշտամունքը կատարելուց հետո, իմ սուրբ հայր Նոնոսն ասաց ինձ. «Եղբայ՛ր սարկավագ, տեսիլք տեսա և սաստիկ խռովված եմ: Այն պատմել չեմ կարող, սակայն Աստված Իրեն հաճելին թո՛ղ կատա­րի և մեզ` ի օգուտ»: Հետո ասաց. «Երազում տեսա, որ ես կանգնած էի սեղանի անկյան մոտ, և մի ցեխաթաթախ աղավնի ճոճվում էր իմ գլխավերևում: Նրանից եկող ժահահոտությունը չէի կարողանում տանել. նա շարունակ պտտվում էր իմ գլխավերևում, մինչև որ կա­տարեցին երախայից աղոթքը, իսկ երբ սարկավագը քարոզեց, նույն պահին անհետացավ իմ մոտից: Պատարագի ավարտից հետո ժողո­վուրդը հեռացավ, և իմ դուրս ելնելու ու դեպի տուն վերադառնալու ժամանակ ցեխաշաղախ աղավնին եկավ և դարձյալ պտտվեց իմ վե­րևում: Ես ձեռքս պարզելով՝ բռնեցի նրան և գցեցի եկեղեցու գավթի ավազանի ջրի մեջ: Նա, այնտեղ թողնելով իր ողջ գարշահոտ աղտե­ղությունը, դուրս ելավ՝ ինչպես ճերմակ ձյուն և թռչելով՝ վեր բարձ­րացավ: Ես, աչքերս վեր հառելով, տեսա, որ դեպի վեր է սլանում, մինչև որ կորավ իմ հայացքից, և այլևս չկարողացա տեսնել նրան»: Նրա` այս ասելուց հետո, գնացինք մեծ եկեղեցին՝ այլ եպիսկոպոսների հետ, և ողջունեցինք քաղաքի եպիսկոպոսներին: Երբ Ավետարանի ժամը եկավ, եպիսկոպոսները նստեցին բեմում և պաշտամունքի կար­գը, Գրքերի և սաղմոսների ընթերցումներն ավարտելուց հետո, Ավե­տարանը հանձնեցին սուրբ Նոնոսին` աղաչելով նրան՝ իր մեկնու­թյունները տալ: Եվ նա վեր կենալով՝ բացեց աստվածաշունչ բերանը, և ոչ թե ինքն էր խոսում, այլ՝ Սուրբ Հոգին, որ բնակվում էր նրա մեջ: Ոչ թե ճարտասանություն էր անում, քանզի չուներ օտար ուսմունք­ների բառապաշար, այլ լի էր Սուրբ Հոգով և Աստվածային շնորհնե­րով, և նրա վարդապետությունը լուսավորում էր ժողովրդին ավետա­րանական խոսքերով՝ մեղավորների դատաստանի և բարի հույսի վե­րաբերյալ, որ կա և մնում է արդարների համար: Եվ այնպիսի զղջում ընկավ ժողովրդի սիրտը այն սուրբ խոսքերից, որ Սուրբ Հոգին էր բարբառում նրա շուրթերով, որ մինչև անգամ եկեղեցու ողջ հատակը թրջվեց մարդկանց արցունքներից»: Եվ ըստ Աստծո՝ իր արարածների հանդեպ մեծ մարդասիրության և հոգատարության, եկեղեցում էր գտնվում նաև պոռնկապետ կինը, որի մասին է մեր խոսքը: Սա ոչ միայն երբեք մեղքի գիտակցում չէր ունեցել, այլև եկեղեցի էլ երբեք չէր մտել, իսկ այժմ սուրբ հոր վարդապետությամբ Աստծո երկյուղից զղջում ապրեց և հուսադրելով իրեն՝ այնքան արցունքներ թափեց, որ գետինը թրջվեց, որովհետև առվակների պես հոսում էին աչքերից: Եվ երկու երիտասարդների պատվիրեց և ասաց. «Մնացե՛ք այստեղ այն­քան ժամանակ, մինչև որ ժողովուրդը հեռանա, և սրբի հետևից գնա­ցե՛ք, մինչև որ գտնեք նրա բնակության վայրը»: Պատանիները եկան մեզ հետ և վերադարձան՝ նրան ասելու, որ սրբի օթևանը սուրբ Հու­լիանոսի մատուռում է: Նա նրանց իսկ ձեռքով ուղարկեց մի երկ­թերթ գրություն, որտեղ այսպես էր գրված. «Քրիստոսի սուրբ աշա­կերտիդ. բանսարկուի աշակերտս ու մեղավորս ծնկի եմ իջնում սուրբ գարշապարներիդ առջև: Լսելով լսեցի Աստծո մասին, Ում պաշտում ես, որ երկինքն ի վայր խոնարհվեց և իջավ երկիր՝ ոչ արդարներին, այլ մեղավորներին փրկելու համար, և մաքսավորների ու մեղավորների հետ բազմեց: Դու պարկեշտությամբ սուրբ ես, և թեպետ մարմնավոր աչքով չես տեսել Տեր Հիսուս Քրիստոսին, որ ջրհորի մոտ երես առ երես խոսեց սամարացի պոռնիկի հետ (Հովհ. Դ 7-27), սակայն Նրա ճշմարիտ պաշտոնյան ես, ինչպես լսեցի քրիստոնյաներից: Եթե այդ­պիսի Աստծո պաշտոնյա ես, շատ եմ ցանկանում տեսնել քո հրեշտա­կանման երեսը և քո առաջնորդությամբ փրկության հասնել»: Իսկ իմ տերը՝ եպիսկոպոս Նոնոսը, պատասխան գրեց նրան. «Ով էլ որ ես` հայտնի ես Աստծուն, ինչպես և քո կամքն ու քո առաջիկա խորհուրդ­ները, բայց մի՛ կամեցիր փորձության մատնել իմ տառապյալությունը, քանզի ես մեղավոր մարդ եմ: Սակայն, եթե կամենում ես տեսնել ինձ, ինձ հետ կան յոթ եպիսկոպոսներ. նախքան ինձ տեսնելը՝ այցելի՛ր նրանց յոթին էլ»: Նա նույն պահին իսկ վեր կացավ և եկավ մեզ մոտ` մատուռ: Սուրբ Նոնոսը, նախքան նրա գալը, իր մոտ ժողովեց եպիս­կոպոսներին և նրան ներս հրավիրեց: Երբ այս կինը ներս մտավ, գետնատարած գրկեց Նոնոսի ոտքերը, լաց եղավ և հառաչեց, արտա­սուքներով լվաց և մազերով սրբեց նրա ոտքերը, հողը գետնից վերց­րեց և ցանեց իր գլխին, մեծաձայն աղաղակեց ու ասաց. «Ողորմի՛ր ինձ` մեղավորիս, նմանվի՛ր քո Տեր և վարդապետ Քրիստոսին և հե­ղի՛ր ինձ վրա քո քաղցրությունը և ինձ քրիստոնյա՛ դարձրու, քանզի ես մեղքերի ժողովատեղի եմ և անօրենությունների անդունդ, որն առ­նելով՝ ընկղմիր քո Աստծո ավազանի մեջ և ինձ գցիր հայրապետ Աբ­րահամի գիրկը»: Եվ նրանք, ովքեր այդտեղ էին, արտասվում էին` տեսնելով այդքան երիտասարդ և հաստատուն հավատով պոռնիկին, և հազիվ կարողացան հորդորել նրան՝ թողնելու սրբի ոտքերը և ոտքի կանգնելու: Եվ սուրբն ասաց նրան. «Մեր հայրապետության կանոնա­ կարգում այսպես է. չմկրտե՛լ պոռնիկին՝ առանց երաշխավորության, որպեսզի դարձյալ նույնի մեջ չընկնի»: Իսկ նա, լսելով այս, դարձյալ գետին ընկավ և գրկելով սրբի ոտքերը` ասաց. «Պատասխան ես տալու Աստծո առաջ իմ հոգու համար, եթե այժմ չմկրտես, և քո ձեռքից պի­տի պահանջի Աստված իմ արյունը և քո վրա պիտի գրի իմ դժնդակ գործերը, եթե չհոժարես այսօր ինձ քրիստոնյա դարձնել: Իմ անարժան գործերին գործակից պիտի դառնաս, եթե չհեռացնես ինձ իմ չար գործերից. Աստծուն ուրացած կուռքերին պիտի երկրպագեմ, եթե վերստին չծնես ինձ այսօր՝ որպես Քրիստոսի հարսի»: Մյուս եպիսկոպոսներն ու բոլոր ներկաները զարհուրած և սքանչացած էին Քրիս­տոսի անբավ մարդասիրության վրա` տեսնելով այսպիսի մեղավորին երկնային տեսչությանն ձգտելիս և տենչալիս: Այնժամ սուրբ Նոնոսն ինձ` մեղավոր Հակոբոս սարկավագիս, ուղարկեց քաղաքի եպիսկոպո­սի մոտ և ինձ պատվիրեց ծանուցել նրան ամեն ինչի մասին ըստ կար­գի. և պատվիրեց սարկավագուհիներից մեկին ինձ հետ ուղարկել: Ես ամենը պատմեցի քաղաքի եպիսկոպոսին, որը մեծ ուրախություն ապ­րեց և սուրբ Նոնոսին այսպիսի թուղթ գրեց. «Պատվակա՛ն հայր և երանելի՛ վարդապետ, Աստված քեզ համար էր պահում այդպիսի գոր­ծը, և քեզ էր վիճակված, քանզի գիտեմ որ Աստծո բերան ես, ինչպես և ասում է. «Ով պատվականը դուրս բերի անարգից` նա Աստծո բե­րան կկոչվի» (Երեմիա ԺԵ 19)»: Ապա իր մոտ կանչելով տիկին Հռովմի­նային, որ սարկավագուհիների գլխավորն էր, ուղարկեց ինձ հետ: Գալով` նրան գետնատարած, սուրբի ոտքերի մոտ լաց լինելիս գտանք: Տիկին Հռովմինան նրան հորդորեց ոտքի ելնել` ասելով. «Ե՛կ, քո՛ւյր իմ, որպեսզի ձեռնադրվես»: Նա անմիջապես ոտքի ելավ, և եպիսկո­պոսը նրան ասաց. «Խոստովանի՛ր քո մեղքերը»: Նա պատասխանեց. «Եթե քննես իմ խղճմտանքը, իմ անձի մեջ բարի գործ չես գտնի, այլ գիտեմ, որ իմ մեղքերը ծովի ավազի պես անթիվ են և նրա չափ՝ ծանր, և ծովի ջրերը ավելի նվազ են, քան դրանք, բայց հավատում եմ Աստ­ ծուն, որ Իր մարդասիրությամբ վշտակից կլինի ինձ և թողություն կտա իմ բազում մեղքերին»: Եպիսկոպոսն ասաց նրան. «Ասա՛ քո անունը»: Նա ասաց. «Իմ ծնողներն ինձ Պելագեա են կոչել, բայց ան­ տիոքցիների քաղաքն ինձ Մարգարիտ կոչեց՝ իմ բազում զարդերի պատճառով, որով զարդարում էր ինձ բանսարկուն իր վաճառատան համար»: Եպիսկոպոսն ասաց. «Քո ծննդյան անունով կկոչվես»: Ձեռ­նադրեց նրան և կոչեց Պելագեա, կնքեց և օծեց սուրբ յուղով և տվեց նրան մեր Փրկչի` Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը: Ըստ հա­վատի՝ նրան մայր եղավ տիկին Հռովմինա սարկավագուհին: Եվ վերց­նելով նրան` բարձրացանք վանք, որտեղ քույրերն էին: Իմ հայր Նո­նոսն ինձ ասաց. «Ե՛կ, տե՛ր սարկավագ, որ ուրախանանք Աստծո հրեշտակների հետ, նաև ձեթ ճաշակենք եղած հրաշքների համար, որ վերստին ծնվեց Քրիստոսի հարսը»: Եվ մինչ ճաշակում էինք, եկավ բանսարկուն` մերկ, ձեռքերը գլխավերևում կապված, աղաղակեց ու ասաց. «Ո ՜վ բռնություն ինձ` սրանից պատուհասվածիս ու ցնորվա­ծիս. մի՞թե քեզ բավական չեղան երեսուն հազար հագարացիները, որոնց դուրս բերիր իմ իշխանության տակից և մկրտեցիր Աստծո առ­ջև, մի՞թե բավական չեղավ քեզ Հելիոպոլիս քաղաքը, որն իմն էր, սակայն այդ քաղաքն էլ հափշտակեցիր իմ ձեռքից և մկրտելով՝ մա­տուցեցիր քո Աստծուն և հույսս էլ կատարելապես կտրեցիր: Ո ՜վ բռնություն ինձ` չար ալևորիս, որ գարշում եմ սրանից, այլևս չեմ կարող համբերել քո նենգություններին: Անիծյա՛լ լինի այն օրը, երբ ծնվեցիր երկրի վրա, խորտակեցիր ինձ և գողացար իմ հույսն ինձա­նից»: Ե՛վ նորադարձը, և՛ սարկավագուհին, և՛ մենք բոլորս՝ եպիսկոպոսներով հանդերձ, տեսանք նրան, որ այս ամենն ասում էր աղաղա­կելով ու ողբալով: Բանսարկուն դարձյալ ասաց նորընծային. «Դու ինչո՞ւ իմ հանդեպ արեցիր դա, ա՛յ տիկին Պելագեա, և դու էլ նման եղար իմ Հուդային, որին փառքով ու պատվով էր պսակել իր Աստ­ված, սակայն նա մատնեց նրան. նույնն էլ դո՛ւ ինձ արեցիր»: Իսկ հայր Նոնոսն ասաց Քրիստոսի սուրբ աղախնուն. «Պելագեա՛, սաս­տի՛ր դրան»: Եվ Քրիստոսի գառը, խաչակնքելով իրեն, սաստեց նրան, իսկ նա հեռացավ մեզանից: Երկու օր հետո դարձյալ եկավ բանսար­կուն և գտավ նրան, որ քնած էր իր հավատամայր սարկավագուհու մոտ, արթնացրեց նրան և ասաց. «Տիկի՛ն Մարգարիտ, քեզ ի՞նչ արե­ցի, մի՞թե չզարդարեցի քեզ ոսկով ու մարգարիտով, չբազմացրի՞ քո արծաթը, ոսկին ու հանդերձները: Աղաչում եմ քեզ` ասա ինձ` ինչի՞ համար ես նեղացել ինձանից. ես հաճույքով կկատարեմ քո կամքը, միայն թե մի՛ թող ինձ և մի՛ խայտառակիր ինձ բոլորի առաջ»: Իսկ Պելագեան, կնքելով իրեն սուրբ խաչի նշանով, փչեց նրա վրա և ան­հետացրեց` ասելով. «Թո՛ղ քեզ սաստի Տերն իմ Հիսուս Քրիստոս, որ հափշտակեց ինձ քո ձեռքից, որպեսզի ես մտնեմ Երկնավորի առագաստը»: Ապա արթնացրեց Հռովմինա սարկավագուհուն և ասաց նրան. «Աղոթի՛ր ինձ համար, տիկի՛ն իմ և մա՛յր, քանզի բանսարկուն հարձակվում է ինձ վրա»: Եվ նա ասաց. «Մի՛ երկնչիր նրանից, ի՛մ ցանկալի դուստր, քանզի այսուհետև նա քո ստվերից իսկ կերկնչի»: Եվ Պելագեան, իր մոտ կանչելով տան ավագ և կառավարիչ երիտա­սարդին, պատվիրեց նրան գնալ իր ապարանքը, իր սենյակում եղած հանդերձները, ոսկեղենը, արծաթը և ամենը, ինչ կա, հաշվառել և բե­րել վանք: Երիտասարդն արեց` ինչպես պատվիրվել էր իրեն, և բերե­ լով՝ հանձնեց իր տիկնոջը: Պելագեան երիտասարդի և սարկավագի միջոցով կանչեց Նոնոս եպիսկոպոսին և ամեն ինչ հանձնեց նրան` ասելով. «Ա՛յս է իմ ունեցվածքը, որով հարստացրեց ինձ բանսարկուն՝ իմ չար գործերին ի տրիտուր: Սակայն այժմ ինձ բավական է Քրիստոս փեսայի փառքի մեծությունը»: Եվ կանչեց իր բոլոր աղախիններին ու ծառաներին, արձակեց նրանց` ասելով. «Ահա ես ազատեցի ձեզ ժամա­նակավոր և անցողիկ ծառայությունից, իսկ դուք փութացե՛ք ազատել իմ հոգին մեղքերից»: Նրանց ոսկի տվեց և արձակեց: Իսկ սուրբ եպիս­կոպոսը կանչեց եկեղեցու վերակացուին, Պելագեայի աչքի առաջ նրա ողջ ունեցվածքը տվեց նրան և ասաց. «Երդվեցնում են քեզ անարատ ու սուրբ Երրորդությամբ, որ այս ունեցվածքից ոչինչ չի մտնի եկեղե­ցի, եպիսկոպոսներին կամ կղերիկոսների դասից ոչ մեկին չի հասնի ոչինչ և ոչ էլ քո տուն կմտնի: Եթե արհամարհելով արհամարհես այս երդումը և գողանաս դու կամ մեկ ուրիշը սրանից որևէ բան` նզովք կմտնի քո տուն, և նրանց հետ կդասվես, ովքեր աղաղակում էին. «Խա՛չ հանիր դրան, խա՛չ հանիր դրան» (Մարկ. ԺԵ 13-14, Հովհ. ԺԹ 6): Այ­րիներին, որբերին ու կարոտյալներին բաշխի՛ր դա, որպեսզի` ինչը չարով է հավաքված, բարիով արդարության գանձեր կուտակի»: Իսկ Քրիստոսի աղախին Պելագեան յոթ օր ոչինչ չկերավ իր հետ բերածից, այլ նրան կերակրում էր նրա հավատամայր Հռովմինան, քանզի երդ­վել էր ոչինչ չճաշակել մեղսավոր վաստակից: Իսկ երբ լուսացավ ու­ թերորդ օրը, հանեց իր մկրտության պատմուճանը և մի եպիսկոպոսի մազեղեն քուրձը վերցնելով՝ հաջորդ օրը մեզանից գաղտնի անհետա­ցավ Անտիոք քաղաքից: Իսկ տիկին Հռովմինան լացում էր նրա հա­մար, և յուրաքանչյուրս գնացինք մեր տեղերը: Երեք տարի անց ցան­կություն ունեցա գնալ Երուսաղեմ և երկրպագել Քրիստոսի սուրբ Հարությանն ու պատվական սուրբ Խաչին և աղաչեցի իմ տեր Նոնո­սին՝ արձակել ինձ: Իսկ նա ինձ պատվիրեց և ասաց. «Ի՛մ սարկավագ եղբայր, երբ գնաս սուրբ վայրերը, որոնի՛ր մի աբեղայի, որի անունն է Պիլիգիոս, և տե՛ս նրան, որովհետև մեծ օգուտ կքաղես նրանից, քան­զի իսկապես Աստծո ծառա է ճշմարիտ ճգնողը»: Եվ սա ասում էր Քրիստոսի աղախին Պելագեայի մասին, իսկ ես չգիտեի նրանց գաղտ­նի խորհուրդը, և ինքն էլ չէր կարող հայտնել ինձ: Հասնելով սուրբ վայրերը, արժանանալով սուրբ Հարության և պատվական ու սուրբ Խաչի երկրպագությանը, հաջորդ օրը վեր կենալով որոնեցի սուրբ Պի­ լիգիոսին և գտա նրա խուցը, որ Ձիթենյաց լեռան վրա էր, ուր Տերն աղոթքի կանգնեց: Տեսա խուղը, որը դուռ չուներ և բոլոր կողմերից շարված էր, միայն մի փոքրիկ պատուհան կար որմի վրա: Երբ մի թե­թև բախեցի, նույն պահին էլ Քրիստոսի աղախինը բացեց այն և տես­նելով ինձ՝ ճանաչեց, իսկ ես նրան չճանաչեցի, որովհետև նրա սքան­չելի գեղեցկությունը թառամել էր, և երեսի պայծառությունը՝ թարշա­մել, աչքերը խորն էին ընկել և ճգնությունից ու խստակեցությունից ձեռքերի և մարմնի ոսկորները երևում էին: Ողջ Երուսաղեմը կարծում էր, թե նա տղամարդ է. ես էլ էի այդպես կարծում և միայն նրանից՝ տղամարդուց օրհնություն ստանալու համար էի գնացել, քանզի Քրիստոսի ճշմարիտ և կատարյալ ծառա էր: Նա, բացելով բերանը, ասաց. «Տե՛ր եղբայր, դու Նոնոս եպիսկոպոսի աշակե՞րտն ես»: Ես ասացի. «Այո՛, նրա ծառան և ճշմարիտ աշակերտն եմ»: Նա ասաց. «Աղաչում եմ քեզ, որ նա աղոթք անի ինձ համար, քանզի Աստծո մարդն է: Դու ինքդ էլ աղոթի՛ր ինձ համար, ո՜վ տե՛ր իմ եղբայր»: Ներսից փակեց պատուհանը և սկսեց ժամը երեքի աղոթքը: Ես, նրա խուղի մոտ աղոթքի կանգնելով, գոհացա Տիրոջից և հեռացա այնտե­ղից մեծ հոգեշահությամբ: Շրջելով վանքերն ու անապատները` սուրբ հայրերից օրհնություն ստանալու համար, այլևս չէի մտածում նրա մասին, սակայն նրա՝ իբրև տղամարդու սրբության և ճգնության համ­ բավը ամենուրեք էր: Երբ ութ օր անցավ, Երուսաղեմում լուր տարած­վեց, թե սուրբ Պիլիգիոսը մահացավ: Հավաքվեցին ողջ Երուսաղեմի վանականները, ինչպես նաև Նիկոպոլսից և Երիքովից ու Հորդանանի այն կողմից, ժողովվեց մենակյացների մեծ բազմություն, ովքեր այդ օրը Աստվածային նախախնամությամբ Երուսաղեմում էին: Քանդե­ցին խուղը, հանեցին մարմինն ու պատվական նշխարները և դրին սփռոցի վրա: Հայրապետն ու սուրբ հայրերը մոտենալով՝ պատանեցին և օծեցին սուրբ յուղով. և գիտենալով, որ բնությամբ կինարմատ է, իրենց ձայնը բարձրացրին առ Աստված` բարբառելով. «Փառք քեզ, Տե՛ր, որ Քո մեծ ողորմությամբ գաղտնի սրբերիդ հայտնի ես դարձ­նում ոչ միայն տղամարդկանց, այլև՝ կանանց»: Ուզում էին ժողովր­դից թաքցնել այդպիսի հրաշքը, բայց չկարողացան, ինչպես Տերն է ասել սուրբ Ավետարանում. «Չկա ծածուկ բան, որ հայտնի չդառնա» (Մատթ. Ժ 26, Մարկ. Դ 22, Ղուկ. Ը 17, ԺԲ 2), կա՛մ անկյունում թաքցվի, կա՛մ գործվի՝ և հայտնի չդառնա: Հավաքվեցին բոլոր կուսանոցների միա­բանությունները` լապտերներով, խաչերով և մոմերով, ուսերին առած՝ բերին սուրբ, պատվական ու երկյուղած հայրերի նշխարները, և իրո՛ք կատարվեց Տիրոջ կողմից ասվածը, թե` «Թո՛ղ փայլի ձեր լույսը մարդ­կանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը և փառաբանեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. Ե 16): Եվ այսպես նա մտավ Քրիստոսի հանգստի մեջ: Ահա ա՛յս է պոռնիկի վարքագրությունն ու նրա վախ­ճանը: Արդ, նմանվո՛ղ լինենք ոչ թե նրա առաջին վարքին, այլ՝ վերջին ճգնությանն ու քաջ հավատին, և նրա բարեխոսությամբ վայելենք երկնային բարիքները Հիսուս Քրիստոսի միջոցով, տղամարդի՛կ և կա­նա՛յք և հավատացյալների գնդե՛ր, ի Հիսուս Քրիստոս` ի Տեր մեր, Որին փառք հավիտյանս. Ամեն»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

15.12.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․