Ոմն եղբայր հարցրեց ծերին և ասաց. «Եթե կրոնավորն ընկնի մեղքի մեջ և հետո դարձյալ ջերմեռանդորեն ապաշխարի և ոտքի կանգնի, իսկ մեկ ուրիշը աշխարհիկ կյանքից գա կրոնավորության և սկսի ճշմարիտ ընթացքը, այդ երկուսից ո՞ր մեկն առավել առաջադեմ կլինի»: Ծերը պատասխանեց և ասաց. «Մեղանչած կրոնավորը փլուզված ապարանքի է նման, որը, եթե կամենա ջանալ և արթուն լինել իր խորհուրդներով և վերստին կառուցել փլուզված ապարանքը, փլատակների միջից բազում շինանյութ կգտնի: Հիմքերը հաստատուն կգտնի, քարերը` հղկված, հողը` պատրաստի, և շուտափույթ առաջ կգնա, քան նա, ում հողը դեռ փորված չէ, հիմքերը դեռ դրված չեն, և տակավին սկիզբը չի դրել և առաջիկայի համար անհրաժեշտ նյութերն էլ չունի, այլ միայն կառուցելու կամքն ունի: Եթե կրոնավորը սայթաքի մեղքի մեջ և դառնա դեպի ապաշխարություն, ունի պատրաստի նյութերն ու գործիքները, որոնք են` խրատ, աղոթք, սաղմոս և ձեռագործ, որոնք իր շինվածքի հիմքերն են: Իսկ նորեկը, քանի որ դեռևս սրանցից զուրկ է, մինչև այս ամենը սովորի և սրանց վարժվի, այն ընկած կրոնավորը արագորեն կգա իր նախկին վիճակին»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016