Հայ ուխտավորը դարեր ի վեր՝ աղոթքը, շարականն ու սաղմոսը շուրթերին, դեպի սրբավայր է ընթացել՝ իր հայացքը դեպի երկինք ուղղելով. «Աչքերս դեպի քեզ բարձրացրի, Տե՛ր, Դու, որ բնակվում ես երկնքում: Իմ աղոթքը թող հասնի Քեզ, Տե՛ր, և Քո խոսքով փրկի՛ր ինձ: Քո ձեռքն իմ պահապանը թող լինի, քանզի քո պատվիրաններն ընտրեցի» (Սաղմ.122:1; 118:170,173): Հայ ուխտավորն իր ուղին իմաստավորել է ուխտի ճանապարհով, իր հզոր հավատքի խոսուն վկաններով՝ երկնքին մերձ Հայոց լեռները զարդարող Հայոց ուխտավայրերով:
Նախնիների ավանդույթին և ուխտին հավատարիմ՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքն օգոստոսի 18-ին, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ուխտագնացության մեկնեց Գեղարքունիքի լեռնաշխարհը զարդարող Հայոց սրբավայրեր:
Առաջին ուխտավայրը, որ սպասում էր իր ուխտավորներին, Հայրավանք գյուղի հյուսիս-արևելյան մասում, Սևանա լճի ափին՝ ժայռեղեն հրվանդանի վրա գտնվող Հայրավանքն էր: 4-րդ դարում կառուցված սրբավայրը հայտնի է Հայրիվանք, Հայր Հոհանք, Հայր Հովհաննավանք, Հայրվանք, Հայրուվանք, Հայր Օհավանք, Հովանավանք, ինչպես նաև Մարդաղավնյաց վանք անվանումներով: Հայրավանքի Ս. Ստեփանոս եկեղեցում ուխտավորները մասնակից եղան Սուրբ և Անմահ Պատարագի, որ մատուցեց Տեր Գրիգորը: «Տերունական աղոթք»-ից առաջ Տեր Հայրը «…լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը, որովհետև իրենց գործերը չար էին» (Հովհ. 3:19) բնաբանով քարոզ խոսեց և մասնավորաբար ասաց. «Խավարը լույսի բացակայությունն է, այսինքն՝ կյանքն է առանց Աստծո, ուստի, այն հաճախ է կապվում մարդկության դարավոր թշնամու հետ, քանի որ նա իր հպարտության պատճառով ցած ընկավ երկնային բարձունքներից՝ զրկվելով աստվածային անշեջ լույսի ներկայությունից և փաստորեն հայտնվեց խավարում: Խավարում էլ ծնունդ առավ մեղքը… Ուստի, մարդիկ հաճախ գիտակցաբար կամ անգիտակցորեն ձգտում են խավարի քողով ծածկել իրենց մեղքերը, շատ հաճախ՝ նույնիսկ սեփական աչքերից: Բայց մոռանում ենք, որ խավարը կարող է ծածկել աղտերը մեր կամ նույնիսկ ողջ աշխարհի աչքից, սակայն Ամենատես Աստծուց, Հավիտենական Արեգակից ոչինչ թաքցնել հնարավոր չէ և պետք էլ չէ, քանի որ աստվածային լույսը գալիս է երևան հանելու մեր մեղավոր ախտերը ոչ թե դատապարտության, այլ մեր հոգիները դրանցից սրբելու և բժշկելու համար: Արդ, հայացքներս հառենք այսօր Անճառելի Լույսին և աղոթենք, որպեսզի կրկին անգամ ողորմի մեզ՝ մեղավորներիս, արժանացնի զղջման և ապաշխարության, որպեսզի Իր աննվազ լույսը մեկընդմիշտ ծագի մեղքի խավարում մոլորված մեր հոգիներում և ուղղորդի մեզ դեպի Երկնային անանց Արքայություն, հավիտենական լույս ու երանություն, որի համար փառք, իշխանություն և պատիվ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն»:
Ս. Պատարագի ավարտին ուխտավորները սիրո ճաշ ունեցան, ապա ուղևորվեցին Նորատուս հնագույն բնակավայրից դեպի հարավ գտնվող մեծ գերեզմանատուն, որ հայտնի է մոտ 900 խաչքարերով: Այժմ՝ Ջուղայի խաչքարերի ոչնչացումից հետո, Նորատուսի խաչքարադաշտը խաչքարերի ամենամեծ համալիրն է: 9-17-րդ դարերին թվագրվող խաչքարային արվեստի գործերի եզակի հավաքածուն մեծ հիացմունք էր պատճառել ուխտավորներին, ովքեր, Տեր Գրիգորի գլխավորությամբ, միասնական աղոթքի կանգնեցին խաչքարադաշտում գտնվող Ս. Մինաս և Ս. Ամենափրկիչ մատուռներում (13-րդ դար):
Հաջորդ սրբավայրերում՝ Նորատուսի Ս. Աստվածածին և Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում (9-րդ դ.) ուխտավորներն իրենց միասնական աղոթքը միախառնեցին սրբավայրերից դեպի երկինք բարձրացած աղոթքներին՝ Աստվածամոր և առաջին հայրապետի բարեխոսությամբ Տիրոջ ողորմածությունը հայցելով Հայոց աշխարհի և Հայ եկեղեցու զորացման ու շենացման համար: Համաձայն Սիմեոն Երևանցի կաթողիկոսի՝ Նորատուսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կոչվել է նաև Դափուց վանք և եղել է կուսանոց:
Ուխտավորների վերջին կայանը 11-րդ դ. կառուցված Նորատուսի Շոռգոլի վանքն էր, որ, ըստ ավանդության, կառուցվել է մի վայրում, որտեղ եղել է աղի ջուր և այդ պատճառով սրբատեղին անվանել են «Շոռգոլի» վանք:
Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսն ասել է. «Ուխտ՝ նշանակում է Աստծո և ազգի հանդեպ հավատարմություն: Ուխտ անել իմացող և ուխտ կատարող ժողովուրդը չի՛ մեռնում: Ուխտ անել իմացող և ուխտ կատարող անհատը՝ Աստծո և ազգի հաղորդությունից ավիշ է քաղում՝ առողջ ու տոկուն, կանաչ ու պտղաբեր մնալով: Ուխտը բարձրացնում է մարդուն առ Աստված և ազգին շաղկապում»:
Կարինե Սուգիկյա