Հինանց շրջանի երկրորդ՝ Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակիին ընդառաջ՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը ապրիլի 14-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ուխտագնացության մեկնեց դեպի Եղիպատրուշի Ս. Աստվածածին եկեղեցի: Վաղ առավոտյան աղոթքի ճանապարհ անցնելը և դեպի Աստծո տուն առաջնորդվելը՝ Տիրոջով նորոգվելու և զորանալու նպատակով, համահունչ էր սաղմոսերգուի այս աղերսին. «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ես առավոտից քեզ եմ դիմում. հոգիս ծարավ է քեզ, առավել ևս մարմինն իմ, ինչպես մի անապատ և անջուր երկիր, ուր ճամփա չկա: Այդպես էլ պիտի երևամ քո սրբարանում՝ տեսնելու փառքդ և զորությունդ» (Սաղմ. 62:2-3):
Հասնելով Ծաղկունյաց լեռնաբազուկներից մեկի ստորոտում գտնվող Եղիպատրուշ գյուղը՝ ուխտավորներն առիթ ունեցան կիսելու գյուղի հավատավոր համայնքի ուրախությունը. 13-րդ դարում կառուցված Ս. Աստվածածին եկեղեցին, որ չգործող եկեղեցիների շարքում էր, և Վերափոխումն Սուրբ Աստվածածնի տոնի օրը՝ որպես ուխտի օր ուներ, այդ օրը Սուրբ Սեղանի տեղադրմամբ և Սուրբ Պատարագի մատուցմամբ, վերածվել էր թագավորական և աստվածային սեղանի, որտեղից բաշխվում էր Քրիստոսի կենարար Մարմինը և Արյունը: Սուրբ հարկից ներս, Աստծո հավերժական սիրո արտահայտությունը ներկայացնող արարողությունը՝ Սուրբ Պատարագը, մատուցեց Տեր Գրիգորը, ով քարոզին, անդրադառնալով Աշխարհամատրան կիրակիին, մասնավորաբար ասաց. ««Աշխարհամատրան» բառը, որ կազմվել է «աշխարհ» և «մատուռ» բառերից, արդեն իսկ հուշում է, որ խոսքն աշխարհի քրիստոնյաների առաջին մատուռի կամ եկեղեցու մասին է, որ Վերնատանը հիմնադրվեց Եկեղեցու գլխի՝ Հիսուս Քրիստոսի կողմից: Այստեղ էր, որ առաջին անգամ, հենց Իր՝ Տիրոջ կողմից հաստատվեց Սուրբ Հաղորդության խորհուրդը, առանց որի չկա փրկություն և չկա քրիստոնեություն: Եկեղեցու շինությունը դարձավ կենդանի եկեղեցու անդամների հանդիպման վայրը, որտեղ բնակվեց Քրիստոս՝ Իր Սուրբ Հոգով և շարունակվեց պատարագվել յուրաքանչյուր մեղավորի փրկության համար: Եկեղեցու հիմնադրման օրվան ընդառաջ՝ հոգևոր մեծ ուրախություն ապրեցինք, որ երկար դադարից հետո «կենդանի Աստծո եկեղեցում, որ ճշմարտության սյունն է և խարիսխը» (Ա Տիմոթ. 3:14), Սուրբ Պատարագ մատուցվեց: Թող այս օրը առիթ լինի հոգևոր զարթոնքի և Աստծո հետ ձեր ուխտի վերանորոգման: Թող Աստծո սերն ու շնորհները լուսավորեն ամենքիս հոգիները»:
Քրիստոսի հետևորդի համար հստակ է այն, որ «քրիստոնեական կյանքի հիմքը եկեղեցին է՝ Քրիստոսի մարմինը, որի գլուխը Քրիստոսն է» (Եփեսացիներ 5:23) և որ Ս. Իրինեոս Լիոնացու հորդորի համաձայն՝ «Պետք չէ այլոց մոտ փնտրել ճշմարտությունը, որը դյուրությամբ կարելի է ստանալ Եկեղեցուց, քանզի առաքյալները, ինչպես մեծահարուստը գանձարանի մեջ, նրա մեջ լիովին հավաքել են այն ամենը, ինչ վերաբերում է ճշմարտությանը, ուստի ամեն ցանկացող վերցնում է նրանից կյանքի ջուրը: Նա է հենց կյանքի դուռը…»:
Կարինե Սուգիկյան