Ուխտագնացությունն ուխտավորին առաջնորդում է աղոթքի և փառաբանության: Պողոս առաքյալի հորդորի համաձայն՝ Տիրոջը հետևող յուրաքանչյուր անձ խաղաղ և հանդարտ կյանք վարելու, կատարյալ աստվածապաշտության և սրբության հասնելու համար պետք է աղոթք մատուցի բոլոր մարդկանց, մանավանդ՝ թագավորների և բոլոր իշխանավորների համար, քանի որ այդ է բարին և ընդունելին մեր Փրկչի՝ Աստծո առաջ (Ա Տիմոթ. 2:1-3):
Աղոթքի այս ուղին ուներ իր առջև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, երբ հունիսի 23-ին՝ Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրը, Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, ուխտի մեկնեց Աճարկուտի Ս. Առաքելոց վանք: Ուխտավորներն աղոթքով հաղթահարեցին դեպի միջնադարյան վանք տանող դժվարանցելի բարձունքը. նրանք ճանապարհի մի մասը բեռնատար մեքենայով անցան, մուս հատվածն էլ քայլեցին: Ս. Առաքելոց վանքում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուց բերված օծված վեմ-քարի վրա Տեր Վահանը Սուրբ Պատարագ մատուցեց:
«Գոհություն Երկնավոր Տիրոջը, Ում ողորմածությամբ առիթ ունեցանք խոնարհված սուրբ տաճարում միասնաբար Սուրբ Պատարագի կանգնելու՝ հաղորդ դառնալով հայրերի թողած ժառանգությանը: Այս խոնարհված տաճարը խոսուն վկայությունն է մեր հայրերի զորեղ ու ամուր հավատքի: Այս լեռների մեջ գրեթե անանցանելի մի վայրում այսպիսի հավատքի սյուն գոյություն ունի, որտեղ մարդիկ իրենց հավատքն են արտահայտել, աղոթք վերառաքել առ Տեր՝ այժմ արդեն հավիտենության մեջ աղոթակից և ուրախակից լինելով մեզ: Այսօր մեր հավատքի մեջ կարևոր նշանակություն ու դերակատարում ունեցող սրբերի՝ Ս. Տրդատ թագավորի, Աշխենի և Խոսրովիդուխտի հիշատակության օրն է: Սրբեր, ովքեր իրենց գիտակցական կյանքի մի մասն ապրել են որպես անհավատներ, բայց աստվածային լույսը Սուրբ Գրիգոր Լուսավորչի միջոցով շողացել է իրենց հոգում՝ նրանց դարձնելով Քրիստոսի վարդապետության ջերմ պաշտպաններ ու քարոզիչներ: Սրբերի բարեխոսությամբ մենք էլ Քրիստոսի լույսի մեջ մնանք՝ Աստծո առաջնորդությամբ քայլելով լույսի ճանապարհով»,-ասաց Տեր Հայրը քարոզին:
Այնուհետև Տեր Հայրն անդրադարձավ նաև օրվա ավետարանական ընթերցմանը՝ համր դիվահարի բժշկությանը (Ղուկաս 11:14-23): Ավետարանական պատմությամբ Տեր Հայրը նշեց, որ դիվահարը աստվածային զորությամբ բժշկվեց և սկսեց խոսել, ինչը զարմանք պատճառեց ներկաներին, բայց նրանցից ոմանք ամբաստանեցին Քրիստոսին՝ պահանջելով Նրանից հրաշք գործել, երկնքից Իր վկայված լինելը ցույց տալու համար: «Այսօր էլ կան մարդիկ, որ նշան են խնդրում Աստծուց, որպեսզի հավատան Նրան, կամ եղած նշաններին չեն հավատում և իրենք են իրենց համար նշաններ ու կուռքեր ստեղծում: Այսօր էլ կան մարդիկ, որ չեն հավատում տաճարի սրբությանը և նրա պատերի վրա նշաններ են թողնում՝ փոխանակ Աստծո անունը իրենց սրտում գրելու: Եթե ուշադիր լինենք այսօր էլ բազմաթիվ նշաններ կտեսնենք, որով Աստված առաջնորդում է մեզ: Այսօր բեռնատար մեքենայով դժվարությամբ դեպի սրբավայր բարձրանալը որոշներիս համար գուցե հետաքրքիր էր,
որոշներիս համար տառապալից կամ սարսափելի, բայց ինձ համար այն Աստծուց տրված մի նշան էր, որ փոքրաթիվ ուխտավորներով՝ սուրբ հավատքի շուրջ համախմբված, միասիրտ և միակամ դեպի սրբավայր հասանք՝ մեր աղոթքը վերառաքելու առ Տեր: Այսօր եկեղեցին շենացավ մեր աղոթքով: Աղոթենք Տիրոջը, որ մեր անձը երբեք չերկփեղկվի, այլ հավատարմորեն ծառայենք Աստծուն՝ հայցելով, որ Ամենակարողը շեն ու հաստատուն պահի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին իր նվիրապետական կարգով և հավատացյալներով»,- ասաց տեր Հայրը՝ մաղթելով, որ Տերն ի կատար ածի բոլոր ուխտավորների ուխտը:
Սուրբ Պատարագի արարողությունը հոգևոր մեծ ուրախություն էր պատճառել ուխտավորներին: «Տիրոջ հետ կենդանի հանդիպում ունեցանք ծաղկած բնության մեջ խոնարհված այս սրբավայրում: Սուրբ Պատարագը և բնությունը միախառնվել էին միմյանց և արարողության ընթացքում տեղացող անձրևը չէր խանգարում մեզ ամենևին: Բոլորիս փափագն էր կենդանի շունչ հաղորդել գուցե շատերի կողմից մոռացված այս սրբավայրին»,- ասաց ուխտավորներից Տաթևը:
Բնության գրկում սիրո ճաշը վայելելուց հետո ուխտավորները հավատքի մեջ զորացած և ամրապնդված վերադարձան Երևան: Լույսի ճանապարհով ընթացող լույսի ճամփորդի համար հստակ է Տիրոջը հետևելու պայմանները. «Եթե մեկն ուզում է հետևել Ինձ, թող ուրանա իր անձը, ամեն օր վերցնի իր խաչը և գա Իմ հետևից, որովհետև ով որ ուզենա փրկել իր կյանքը, կկորցնի այն, և ով որ կորցնի իր կյանքն Ինձ համար, կփրկի այն: Ի՞նչ օգուտ, եթե մարդ ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի կամ ինքն իրեն վնասի» (Ղուկ. 9:23-26):
Կարինե Սուգիկյան