Ուխտավորն իր հավատքի ճանապարհն ամեն անգամ իմաստավորում և վերանորոգում է աղոթքի ճանապարհով՝ ուխտագնացությամբ: Աղոթքի հերթական ճանապարհը Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, անցավ Սբ. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը՝ ապրիլի 2-ին՝ ուխտի մեկնելով Գավառի Սբ. Կարապետ եկեղեցի: Սրբի հիշատակության օրը Հայ Առաքելական Սբ. եկեղեցին նշում է Սբ. Զատկին հաջորդող շաբաթ օրը: Այս տոնը սրբոց հիշատակություններից միակն է, որ հանդիպում է Հինանց շրջանում: Սրբերի հիշատակությունը դարեր շարունակ նշվել է Սբ. Պատարագով, ուխտագնացություններով՝ հոգևոր ուրախություն պատճառելով մասնակիցներին:
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու ուխտավորները նախ եղան Գավառ քաղաքի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում, ապա հոգևորականաց դասի և տարբեր թեմերից ժամանած մյուս ուխտավորների հետ միասին մասնակցեցին Սբ. Հովհաննես Մկրտչի մասունքը դեպի Գավառի Սբ. Կարապետ եկեղեցին տեղափոխող հանդիսավոր թափորին: Նշենք, որ Սբ. Հովհաննես Մկտչի գլխատման հիշատակության օրը, սրբի մասունքը, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տեղափոխվել էր Գեղարքունիքի թեմ: Սբ. Կարապետ անունը կրող 19-րդ դարի սրբավայրում ուխտավորները մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագին: 106 տարվա լռությունից հետո միայն չորս տարի է, ինչ սրբավայրը հիմնանորոգումից և վերաօծումից հետո, իր դռներն է բացել հավատավորների առջև:
Սբ. Պատարագին քարոզխոսեց Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպս. Գալստանյանը, ով թեմի հավատացյալների հետ միասին ևս ուխտավորաբար գտնվում էր Սբ. Կարապետ եկեղեցում: Սրբազան Հայրն անդրադարձավ ավետարանական այն հատվածին, որ պատմում է հարուցյալ Քրիստոսի և Սիմոն Պետրոսի երկխոսության մասին: «Մեր Տիրոջ երեք հարցումներն ուղղված Պետրոս առաքյալին, թե՝ սիրո՞ւմ ես Ինձ, տրտմեցնում է առաքյալին: Աստված, մեզ ճանաչելով, ամեն օր է այս հարցն ուղղում՝ սիրո՞ւմ ես Ինձ, ոչ թե՝ հարգո՞ւմ ես, երկրպագո՞ւմ, պաշտո՞ւմ կամ վախենո՞ւմ, այլ՝ սիրո՞ւմ ես Ինձ: Աստծո հետ հարաբերության այդ սկզբունքի մեջ ոչ մի զիջողականություն չկա: Աստծո հանդեպ սերը չի կարող լինել մակերեսային, այլ այն պետք է արտահայտվի միայն գործերով: Մենք որպես քրիստոնյաներ չենք կարող «սպառողական» հավատքի կյանք ունենալ, այլ պետք է առանց վախենալու «արտադրող» քրիստոնյաներ լինենք ամենուր: Եթե մենք հավատում և դավանում ենք Ճշմարտությանը, ապա ինչո՞ւ պետք է այն թաքցնենք: Աստծուն սիրող անձնավորության ուղին նահատակության ուղի է: Ոչ թե արյան նահատակության մասին է խոսքը, այլ՝ արդարության գործի: Արդարության խոսքի ազդարարողն ու գործադրողն էր Սբ. Հովհաննես Մկրտիչը, ում, կենդանի ներկայության առջև այժմ գտնվելով, խնդրում ենք նրա բարեխոսությունը: Մեր այցելությունը Սբ. Հովհաննես Մկրտչին չպետք է սահմանափակվի միայն նրա մասունքի առջև մեր խոնարհումը բերելով, այլ այն, նրա օրինակի համաձայն, պետք է թափանցի նաև մեր կյանքից ներս»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ խնդրելով ներկաներին, որ իրենց աղոթքներում հիշեն նաև մեր քաջազուն զինվորներին և սահմանամերձ բնակչությանը:
Սբ. Պատարագի ավարտին ներկաները, Սբ. Հովհաննես Մկրտչի բարեխոսությունը հայցելով, հաղորդակից եղան Սբ. Հովհաննես Մկրտչի մասունքի օրհնությանն ու զորությանը: Այնուհետև եկեղեցու բակում սրբի մասունքով Անդաստանի կարգ կատարվեց, ապա ուխտավորները մատաղի օրհնության կարգից հետո մասնակից եղան սիրո ճաշին:
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու ուխտավորները շարունակեցին իրենց ուխտուղին՝ լինելով Նորատուս գյուղի 728 խաչքարերով հարուստ հին գերեզմանատանը: 9-17-րդ դարերին թվագրված խաչքարերը դիտելուց հետո Տեր Վահանն ուխտավորների հետ զրույց ունեցավ՝ մաղթելով, որ բոլորի ուխտն ի կատար ածվի, և Աստված զորացնի Հայոց աշխարհը՝ պարգևելով Իր երկնառաք խաղաղությունը:
Սբ. Հովհան Ոսկեբերանը սրբերի հիշատակության հետ կապված ասել է. «Մարտիրոսների հիշատակությունը տոն է և հոգևոր ուրախություն: Նրանք չարչարվել են, իսկ մենք բերկրում ենք, նրանք հերոսություն են գործել, մենք ուրախանում ենք, նրանց պսակը փառքն է բոլորի, ավելի շուտ փառքը ողջ եկեղեցու»: Ապա սուրբը մարտիրոսական քաջագործությունը համեմատել է օլիմպիական խաղերի հաղթանակի հետ. «Հաղթում է մեկը, ուրախանում են բոլորը: Սրբերը եկեղեցու գանձերն են՝ լի թանկարժեք մարգարիտներով: Նյութական հարստությունն անցնում է, հագուստը մաշվում է, տները քանդվում են, իսկ հոգևոր հարստությունն այլ է, սրբերը մշտապես փայլում են իրենց լույսի փառքով»:
Կարինե Սուգիկյան