Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրերից առաջինն այս տարի մայիսի 14-ին է՝ սբ. Մովսես Գ Տաթևացի հայրապետի (1629-1632 թթ.) մահվան հիշատակության օրը: Արդեն իններորդ տարին է, որ մայիսի 14-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի է բերվում «Զորավոր» Ավետարանը, որի հրաշագործ զորությանը հայ ազգն արդեն յոթ դար է հաղորդակից է լինում: 14-րդ դարից առ այսօր Ավետարանը հանգրվանել է Երևանի Երկուերեսնի և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցիներում, Արտազի Ս. Թադեի վանքում, ապա՝ Ս. Էջմիածնում, իսկ 1939 թ-ից՝ Մաշտոցյան Մատենադարանում:
Մինչ Ս. Պատարագի սկիզբը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասը, հավատացյալները և տարբեր թեմերից ժամանած ուխտավորներ եկեղեցու արևելյան մուտքից հանդիսավոր թափորով դիմավորեցին «Զորավոր» Ավետարանը: Թափորը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, «Զորավոր» Ավետարանը բերելու հատուկ արարողակարգով մուտք գործեց եկեղեցի, որտեղ և շարունակվեց արարողակարգը:
Ուխտի Ս. Պատարագը մատուցեց Տեր Գրիգորը: Մինչ քարոզը Տեր Հայրը հոգևոր դասի և համայնքի անունից շնորհակալություն հայտնեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանին, որի հայրական օրհնությամբ հավատավոր հայորդիները տարվա մեջ մեկ անգամ իրենց խոնարհումն ու երկրպագությունն են բերում «Զորավոր» Ավետարանին, ապա քարոզին, անդրադառնալով օրվա ընթերցումներից հետևյալ հատվածին, թե՝ ամեն ոք, ով բնակվում է Նրա մեջ, չի մեղանչում. և ամեն ոք, ով մեղանչում է, ո՛չ տեսել է Նրան և ո՛չ էլ ճանաչել (Ա Հովհ․ 3։6), մասնավորաբար ասաց. «Արդյո՞ք ընթանում ենք ճշմարտության ուղով ու արդարություն գործում, թե՞ միայն ծուլորեն անրջում ենք դրանց մասին։ Արդյո՞ք առաքինությունները սիրում ենք՝ դրանք կյանքի կոչելով, թե՞ սիրում ենք միայն դրանց մասին ճոռոմաբանել։ Անկում ապրելիս՝ արդյո՞ք շտապում ենք վեր կենալ ու զղջման անկեղծ արտասուքով լվանալ մեր աղտերը, թե՞ մեղքի կեղտի մեջ թավալվելը շարունակում է հաճույք պատճառել մեզ։ Ո՞վ է մեր մտքերի, մեր ցանկությունների ոգեշնչողը, մեզ առաջ մղող ուժը։ Ո՞վ է մեր հիացմունքի առարկան, ներշնչանքի աղբյուրը, կատարելության տիպարը։ Եթե ձեր պատասխանը «Քրիստոս» է, ապա հիշեք, որ «Ով ասում է, թե ինքը Նրա մեջ է բնակվում, պարտավոր է այնպես ընթանալ, ինչպես որ Նա էր ընթանում» (Ա Հովհ․ 2։6) և մաքրել իրեն, ինչպես որ Նա է մաքուր (հմմտ․ Ա Հովհ․ 3։3)»:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հավատացյալները մինչ Երեկոյան ժամերգությունը հաղորդակից եղան «Զորավոր» Ավետարանի զորությանը՝ հայցելով սբ. Մովսես Գ Տաթևացի հայրապետի բարեխոսությունը:
Աստծու խոսքին կյանքով հաղորդակցվողը ոչ միայն զորանում է, Տիրոջից օրհնություն ստանում, այլ մեծ երջանկություն է ապրում, քանի որ բացահայտել է ճշմարիտ կյանքի գաղտնիքը: Այդ փորձառությունն ուներ ֆրանսիացի հանրահռչակ բնագետ, նշանավոր քիմիկոս և բնախոս Լուի Պաստյորը (1822-1895), ով անչափ սիրում և մեծարում էր Սուրբ Գիրքը: Նա իր համբավի գագաթնակետում գրել է. «Երջանիկ է նա, ով ծառայում է ավետարանական առաքինությունների իդեալին»:
Ավետարանն իր մեջ պարունակում է կյանքի իմաստը, այն մեզ բացահայտում է ճշմարտությունը. կյանքն անգին է և առավել է, քան սնունդը (Մատթ. 6:25): Կյանքը մեր Տիրոջով՝ Հիսուս Քրիստոսով, սկիզբ առավ (Հովհ. 1:4): Մարդկության համար Իր կյանքը զոհած և հարություն առած Քրիստոսն է կյանքի Առաջնորդը (Գործք Առ. 3:15): Ճշմարիտ և ոչ պատրանքային իմաստ ունի այն կյանքը, որ առաջնորդում է մարդուն դեպի Աստված ու միավորում նրան լույսի, անվերջանալի ուրախության և հավիտենական հանգստի Աղբյուրի՝ Աստծու հետ: «Ե՛ս եմ հարությունը և կյանքը: Ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի: Իսկ ով որ ողջ է և հավատում է Ինձ, երբեք չի մեռնի»,- ասել է մեր Տերը (Հովհ. 11:25): Մուտքը դեպի հավիտենություն սկիզբ է առնում երկրից. աստվածահիմն եկեղեցին նախապատկերն ու սկիզբն է հավիտենական կյանքի: Նոր կյանքը երկրի վրա դառնում է իրական Տիրոջ հանդեպ հավատի միջոցով, Ով ճանապարհն է, ճշմարտությունը և կյանքը (Հովհ. 14:6):
Կարինե Սուգիկյան