26 Նոյեմբեր, Գշ
Կյանքի համար արարված մարդն, իր Արարչի հանդեպ անհնազանդ գտնվելու պատճառով, զրկվեց կյանքից, և միայն Տիրոջ արյան փրկագործության շնորհիվ կրկին կյանքի հույսն ունեցավ: Քրիստոնեական հույսը Աստծու հետ հավիտենության մեջ երանելի կյանք ունենալն է, ինչին և ուղղված է քրիստոնյայի ներկայիս կյանքը: Առանց հույսի մարդն ուղղակի աղետալի վիճակում կհայտնվի: Շատ հաճախ մարդն իր սրտում բույն դրած թախծից ազատվելու համար դիմում է հազար ու մի միջոցների, զվարճանքների, բայց ոչ Քրիստոսին, Ով ճանապարհն է, ճշմարտությունը և կյանքը (Հովհ. 14:6): «Տերունական աղոթք»-ով ամեն օր Երկնավոր Հորը դիմողը պետք է հիշի, որ ունի ամենագթած, ամենակարող և սիրառատ Հայր, Ով Իրեն հուսացող զավակներին մեծ պարգևներ է շնորհում ու շնորհելու թե՛ երկրավոր և թե՛ հավիտենական կյանքում: Ուստի անհրաժեշտ է ընտրել ո՞ւմ կամ ինչի՞ վրա հույս դնել, որպեսզի այն լինի ամուր և ոչ խաբուսիկ: Մարդը կարող է հույսը դնել իր ընդունակությունների և ուժի, կամ այլ մարդկանց ու հանգամանքների, ինչպես նաև՝ Աստծու վրա: Հույս դնել ինքդ քեզ վրա և անձնապաստան լինել, առնվազն անխոհեմություն է, ինչը տանում է կործանման: Մեր առջև ունենք Նաբուգոդոնոսոր արքայի օրինակը, ով, հույսն իր վրա դնելով, հպարտանում էր իր հաջողություններով և հարստությամբ, բայց երբ հպարտության պատճառով զրկվեց իր գահից և ունեցվածքից, խոնարհաբար ընդունեց այն ճշմարտությունը, որ Աստծու շնորհիվ էր հասել բարձունքին և փառք տվեց Աստծուն ու վերստացավ կորցրածը (Դանիել 4:16-5):
Ոչ խոհեմ քայլ է նաև հույսը դնել ինչ-որ մեկի վրա, քանի որ ոչ ոք կատարյալ չէ: Ունայն է նաև հուսալ հանգամանքների, հարստության, անվան և դիրքի վրա: Մեզանից դարեր առաջ Սողոմոն Իմաստունն ասել է. «Ունայնություն ունայնությանց, ամեն ինչ ունայն է» (Ժող. 1:2): Այս ամենի մեջ մնում է միայն հուսալ առ Աստված: Հույսն առ Աստված միակ ամուր և փրկարար հույսն է. «Ձեր հույսը դրե՛ք Նրա վրա, ժողովուրդների ողջ բազմություններ, բացե՛ք Նրա առջև սրտերը ձեր, քանզի Աստված օգնականն է մեր հավիտյանս հավիտենից» (Սաղմ. 61:9): «Մի՞թե Տիրոջ ձեռքն անկարող է փրկել, կամ Նա ծանրացրել է Իր ականջը, որ չլսի» (Եսայի 59:1),- ասում է Տերը՝ ամրացնելով մարդուն Իր հանդեպ ունեցած հույսի մեջ: Արդյոք կա՞ մի այնպիսի խնդիր, որ անլուծելի մնա Տիրոջ կողմից, կա՞ մի մեղք, որ դիմակայի Նրա ողորմածության առջև. «Ամենակալ Տերն ասում է՝ կենդանի եմ Ես և ամբարշտի մահը չեմ ուզում, այլ՝ նրա հետ կանգնելն իր չար ճանապարհից ու ապրելը» (Եզեկ. 33:11):
Ս. Գրիգոր Աստվածաբանը նշում է, որ երկրի վրա կա մեկ զենք, մեկ ամրություն ու պահպանություն, որն է՝ հույսն առ Աստված, ինչն ակնհայտ տեսնում ենք աստվածաշնչյան մեծագույն անձանց կյանքում. Աբրահամը հավատում էր Աստծուն և այն հույսով ապրում, որ Աստված, Իր խոստման համաձայն, իրեն զավակ կպարգևի, թեև ինքն առաջացած տարիքում էր: Երբ Աստված նրան որդի պարգևեց, նա, Տիրոջ խոսքի համաձայն, պատրաստ էր նրան զոհաբերելու: Աստծուն ապավինելը Դավիթ արքային բարձրացրեց մինչև սրբության աստիճանի, այս առաքինությամբ նա գերազանցեց բոլորին, ինչը նկատելի է նրա կողմից գրված սաղմոսում. «Տերն իմ լույսն է ու կյանքը, ո՞ւմից վախենամ, Տերն իմ կյանքի ապավենն է, ո՞ւմից ես դողամ» (Սաղմ. 26:1): Մարգարեներից Հովնանը կետի փորում, մահվան եզրին գտնվելով, չէր հուսահատվում և կարծես անվտանգ նավի մեջ լիներ: Նա աղոթքով դիմում էր Աստծուն և ասում. «Երբ հոգիս տկարացավ, քե՛զ դիմեցի, Տե՛ր իմ Աստված, մտաբերեցի Տիրոջը, և թող իմ աղոթքները հասնեն քո սուրբ տաճարը» (Հովն. 2:8): Հուսառատ աղոթքներ էին հղում առ Աստված Դանիելը և նրա երեք ընկերները: Աստվածաշնչյան կերպարներից տպավորիչ է նաև Տոբիթի կերպարը, որ, կորցնելով հայրենիքը, ունեցվածքն ու տեսողությունը, աղքատության և օտարության մեջ հուսաթափ չեղավ, ինչի շնորհիվ վերագտավ իր կորցրածը: Հիշենք առաքինի Շուշանին, որ մաքրության, ամոթխածության և առ Աստված ապավինության մարմնացում էր: Նրան ամբաստանել էին և մահվան դատապարտել, բայց Տերը Դանիել մարգարեի միջոցով բացահայտեց ճշմարտությունը և ազատեց իրեն հուսացող Շուշանին (Դանիել 13):
Պողոս առաքյալը ևս հոգևոր մեծ սխրանքների հասավ այս մեծագույն առաքինության շնորհիվ. նա քաջությամբ անցավ սրի, քարկոծման և զանազան մահացու վտանգների միջով, քանի որ, ինչպես ինքն է նշում. «Այս չարչարանքներն ինձ բնավ չեն վախեցնում, որովհետև ճանաչում եմ իմ Փրկչին, որին վստահել եմ, և համոզված եմ, որ Նա ինձ վստահված այդ ավանդը կպահի մինչև դատաստանի օրը» (Բ Տիմոթ. 1:12): Առաքյալի խոսքի համաձայն՝ քրիստոնյայի հույսը Քրիստոսն է (Ա Տիմոթ. 1:1), Ում միջոցով ստանում ենք մեր խնդրածը. «Եվ ինչ որ խնդրեք Իմ անունով, կկատարեմ այն, որպեսզի Հայրը փառավորվի Որդու միջոցով»,- ասում է Քրիստոս (Հովհ. 14:13): Քրիստոնյայի սրտում հույսը հաստատվում է Սուրբ Հաղորդության՝ Քրիստոսի Մարմնի և Արյան ճաշակմամբ՝ Տիրոջ հետևյալ խոսքի համաձայն. «Ով ուտի Իմ Մարմնից և խմի Իմ Արյունից, կբնակվի Իմ մեջ, և Ես՝ նրա մեջ» (Հովհ. 6:56), նաև հարատև աղոթքով, ինչն ուսանում ենք «Այրի կնոջ և անիրավ դատավորի» առակի միջոցով (Ղուկաս 18:1-9):
Ս. Հովհան Ոսկեբերանը Քրիստոսի հետևորդներին հորդորում է հեռու մնալ ավելորդ հոգսերից և հուսալ աստվածային նախախնամությունը. «Եթե Աստված Հայր է և առավել ևս ամենատես ու հոգատար Հայր, ապա չի կարող անտեսել դժվարության մեջ գտնվող իր զավակներին: Ո՞ր հայրն է, որ չի ցանկանա անհրաժեշտը տալ իր զավակին, առավել ևս Երկնավոր Հայրը, Ով արարել է քեզ և քեզանից առավել լավ գիտի քո կարիքները, քանի որ Նրան ցանկալի է եղել քո բնությանը նման պահանջներ պարգևել: Նա չի հակասում Իրեն, զրկելով մեր բնությունն անհրաժեշտից, քանի որ հենց Ի՛նքն է այն նման պահանջներով արարել: Բայց մեզ համար պետք է առավել կարևոր լինի այն, որ չենք արարվել ուտելու, խմելու ու հագնվելու համար, այլ Աստծուն հաճելի լինելու և գալիք բարիքներին արժանանալու համար, այդ պատճառով Փրկիչն ասաց՝ դուք նախ խնդրե՛ք, որ Աստծու Արքայությունը գա, աշխատե՛ք կատարել Նրա կամքը, և Աստված այդ բոլորը ավելիով կտա ձեզ (Մատթ. 6:33): Այսպիսով, փնտրի՛ր գալիք բարիքները և կստանաս ներկայինը, մի՛ փնտրիր տեսանելին և այն անմիջապես կստանաս»:
Հույսն օգնում և զորացնում է մարդուն՝ անցնելու երկրային կյանքի ժամանակավոր ուղին: Երանելի Օգոստինոսը նշել է, որ եթե ցանկանում ես հեշտացնել քո աշխատանքը, մտածիր պարգևի մասին: «Հերկ անողը հույս պետք է ունենա, որ հերկի, և կալսողը վայելելու հույս պետք է ունենա, որ կալսի» (Ա Կորնթ. 9:10): Ըստ երանելու խոսքի՝ պարգևը, որ տրվելու է մեզ երկնքում, այնքան մեծ է, որ եթե որևէ մեկը երջանկություն ունենար մուտք գործելու երկինք, ապա չէր հասկանա ու կզարմանար, թե ինչպես է հնարավոր երկրի վրա այդքան աննշան աշխատանքի դիմաց այդքան մեծ պարգևի արժանանալ: Երկնքի մասին միտքը մխիթարել է երանելի Հոբին, երբ նա կորցրել էր իր երեխաներին, ունեցվածքը և ծանր հիվանդության մեջ էր հայտնվել: Երկնքի մասին էր խորհում նաև Դավիթ արքան, երբ միայնակ հալածվում էր թշնամու կողմից: Երանելի Օգոստինոսն ասել է՝ ի՞նչը թեթևացրեց Ս. Ստեփանոս նախավկայի քարկոծումը, եթե ոչ դեպի երկինք և դեպի Քրիստոս հայացքը, Ով պատրաստ էր փառավորելու Իր հավատարիմ ծառային: Երկնքի մասին միտքն այնքան էր ամրացնում և մխիթարում սրբերին, որ նրանք սաղմոսերգությամբ և ուրախությամբ էին գնում չարչարանքների ու մահվան՝ շատերի համար առ Աստված դարձի պատճառ դառնալով: Նրանք քաջաբար էին կրում չարչարանքները, քանի որ վստահ էին, որ «Աստված իրեն սիրողների համար պատրաստել է այնպիսի մի փառք, որ ոչ մի աչք չի տեսել, ոչ մի ականջ չի լսել, և ոչ մեկի մտքով իսկ չի անցել» (Ա Կորնթ. 2:9): Նրանց համար ոչինչ էր տառապանքները, որովհետև նրանք ապրում էին հարության հույսով, ինչը և պատգամում են այսօր Քրիստոսի հետևորդներին: «Բոլոր բարի գործերի արմատը հարության հույսն է, քանի որ սպասելի պարգևներն ամրացնում են հոգին առաքինությունների մեջ»,- ասել է Ս. Կյուրեղ Երուսաղեմացին:
Կազմեց Կարինե Սուգիկյանը