23 Նոյեմբեր, Շբ
Մի անգամ գյուղացին հանկարծ նկատեց, որ իր ժամացույցը կորցրել է խոտով լի ցախատանը: Երկար և ապարդյուն փնտրելուց հոգնեց և որոշեց փողոցում խաղացող երեխաների օգնությանը դիմել՝ պարգև խոստանալով գտնողին: Երեխաները ոգևորությամբ ցախատուն վազեցին, ամեն ինչ տակնուվրա արեցին, սակայն այդպես էլ չգտան: Նրանց հեռանալուց հետո մի փոքրիկ տղա մոտեցավ մարդուն և խնդրեց իրեն մի հնարավորություն էլ տալ: Քանի որ այլևս կորցնելու բան չկար՝ գյուղացին համաձայնեց:
Ի զարմանս նրա՝ տղան շուտով դուրս եկավ ցախատնից և բերեց ժամացույցը: Գյուղացին շատ ուրախացավ և զարմացած հարցրեց, թե նրան ինչպե՞ս հաջողվեց գտնել այն, երբ այդքան երեխաները չկարողացան: Տղան պատասխանեց. «Ես ոչինչ չարեցի: Ուղղակի նստեցի հատակին և սկսեցի լսել: Լռության մեջ լսեցի ժամացույցի տկտկոցն ու գնացի ձայնի ուղղությամբ»:
Խաղաղ ու անվրդով միտքն ավելի լավ է մտածում, քան անհանգիստը, և խնդրի լուծման հուշումը հիմնականում լսում ենք այն ժամանակ, երբ լռում ենք ու խաղաղվում հոգով:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի