26 Նոյեմբեր, Գշ
Յուրաքանչյուր ոք ձգտում է երջանկության, և աստվածապարգև երջանկությունը շնորհված է բոլորին: Այն կարող են վայելել նրանք, ովքեր հետամուտ են Աստծո կամքի իրագործմանը: Շատ հաճախ մարդն իր ուժն ու էներգիան վատնում է այնպիսի բաների վրա, որ այսօր կան, իսկ վաղը կարող է չլինեն, ինչի արդյունքում մարդն սկսում է արագընթաց կյանքն իր մութ կողմերով ընդունել որպես իրական կյանք՝ հեռանալով իրական կյանքի աղբյուրից՝ Աստծուց: Յուրաքանչյուրի մեջ բարին առավել է, քան չարը, բարին, որ լույս է, միություն, ուժ, ուրախություն և կյանք: Բարին բխում է Աստծուց, և նա, ով ձգտում է դեպի Աստված, ձգտում է դեպի իրական և երջանկաբեր կյանքը: «Աստծով ապրող ամեն մարդ ունի հոգևոր ուրախություն, իսկ ուրախությունը բխում է սիրուց: Երբ սեր ես տալիս, այդ ժամանակ է գալիս ուրախությունը: Մարդը սեր է տալիս և ուրախություն է ընդունում, այսինքն՝ վարձատրվում է այն ուրախությամբ, որն զգում է»,- ասել է Հայր Պաիսիոս Աթոսացին:
Հոգևոր այդ ուրախությունն է վայելում Աստծով ապրող յուրաքանչյուր անձ, ով կարողանում է սեր տալ՝ այսինքն զոհողության գնալ: Հունիսի 10-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Լևոնյան Վարինկային (42 տ.) փոխանցեց դրամական աջակցություն (50 000 դրամ), որ տրամադրել էր ամերիկաբնակ մեր հայրենակցուհիներից մեկը՝ չցանկանալով իր անունը նշել: Վարինկան իր ամուսնու և երեք զավակների հետ վարձակալությամբ բնակվում է ք. Մասիս Նոր թաղ. 22/1 շ., բն. 22 հասցեում: Ընտանիքի միջնեկ զավակը՝ Սաթենիկը (7 տ.), Դաունի համախտանիշ ունի: Արև Սաթենիկը սովորում է առաջին դասարանում, սիրում է նկարել ու պարել: Վարինկան իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:
Կարինե Սուգիկյան