«Օրանտա» Աստվածածնի պատկերագրությունը

Աստվածամոր հնագույն պատկերները ներկայանում են «Օրանտա» պատկերագրական տիպով:

«Օրանտա» (աղոթող) Աստվածածնի պատկերագրական կերպավորման ծագումը կապվում է քրիստոնեական արվեստի ձևավորման շրջանի հետ: Ն. Կոնդակովը մանրազնին ուսումնասիրելով  «Օրանտա»  Աստվածածնի պատկերները, նշում է, որ Օրանտայի առաջին օրինակները հայտնաբերվել են 3-րդ դարի հռոմեական կատակոմբների առաստաղանկարներում: «Օրանտա» Աստվածածնի (լատ.Orans-աղոթող) կերպարը պատկերվում է ճակատային դիրքով և ձեռքերը վեր պարզած, աղոթող երիտասարդ կնոջ տեսքով:

Բյուզանդական արվեստը տվել է «Օրանտա»  Աստվածածնի պատկերագրության զանազան տարբերակներ, ինչպես հասակով մեկ կանգնած կամ մինչև գոտկատեղ, այնպես էլ Մանուկ Հիսուս կրծքին, երբեմն նաև հրեշտակների ու առաքյալների հետ:

«Օրանտա» Աստվածածնի կերպավորումն առանձնապես տարածում չի գտել հայ արվեստում: Թարգմանչաց Ավետարանի (966թ., Բալթիմոր, Ուոլթերս պատկերասրահ, MS-537) և Էջմիածնի Ավետարանի (989թ. Երևան, Մատենադարան, № 2374) մանրանկարներից բացի, մի քանի նմուշներ են պահպանվել ձեռագրերի անվանաթերթերի նկարազարդումներում և լուսանցքներում, որոնցից են Հեթում Բ արքայի Ճաշոցի (1286թ., Երևան, Մատենադարան, № 979), 1448թ. Ավետարանի (Աղջոց վանք, ծաղկող՝ Ստեփանոս Առընջեցի, գրիչ՝ Գալուստ, Վիեննա, Մխիթարյան միաբանության մատենադարան, № 787) և Գրիգոր Տաթևացու «Մեկնութիւն Դաւթի Սաղմոսների» ձեռագրում զետեղված «Գրիգոր Տաթևացին իր աշակերտների հետ» (1449թ., Կաֆա, Ղրիմ, Երևան, Մատենադարան, № 1203) նկարները և մի քանի որմնանկար ու սրբապատկեր:

Ի տարբերություն բյուզանդական արվեստի՝ հայ արվեստում «Օրանտա»  Աստվածածինը ներկայացված է գահակալ և Մանուկ Հիսուս գոգին նստած: Մինչդեռ բյուզանդական արվեստում «Օրանտա»  Աստվածածինը մշտապես պատկերվում է հասակով մեկ կանգնած, կամ մինչև գոտկատեղ և հիմնականում առանց Մանուկ Հիսուսի: Մեր մանրանկարը բյուզանդական արվեստի գործերի հետ համեմատելիս նկատվում է ևս մի կարևոր տարբերություն: Եթե 11-13-րդ դարերի բյուզանդական արվեստում «Օրանտա» Աստվածածինը ներկայացվում է միայնակ կանգնած, ապա մեր մանրանկարում ավելացել է Հիսուսի պատկերով վահանը:

Աստվածածինը աղոթելու դիրքով է պատկերվում նաև տերունական այլ տեսարաններում (օրինակ՝ «Համբարձում», «Աբրահամը և Աստվածածինը Եդեմի այգում»):

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

20.12.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․