Որդեգրություն

 Որդեգրություն|Ordegrutyun

Սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս,

Այսօրվա ավետարանական ընթերցումը Պողոս Առաքյալի Գաղատացիներին ուղղված նամակի 4–րդ գլխի 3-18 համարաներն է, ինչի մասին էլ Ձեզ հետ պետք է կիսեմ իմ մտորումները: Նախ ընթերցեմ տվյալ հատվածը:

            «Նույնպես և մենք. մինչ երեխա էինք, բնության տարերային ուժերին էինք ծառայում։ Իսկ երբ ժամանակը իր լրումին հասավ, Աստված ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց կնոջից և մտավ օրենքի տակ՝ փրկելու համար նրանց, որ օրենքի տակ էին, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք։ Եվ որովհետեւ դուք որդիներ եք, Աստված մեր սրտերի մէջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր։ Ուստի, ծառա չես, այլ՝ որդի, և եթե որդի ես, ապա և՝ ժառանգ Աստծու։ Այն ժամանակ, մինչ Աստծուն չէիք ճանաչում, ծառայում էիք նրանց, որոնք ի բնե աստուածներ չէին. իսկ այժմ որ ճանաչեցիք Աստծուն, մանավանդ որ Աստված էլ ճանաչեց ձեզ, ինչպե՞ս էք վերադառնում նորից դեպի տկար ու խեղճ տարերային ուժերը, որոնց, նորից, ուզում եք ձեզ գերի դարձնել։ Պահում եք հատուկ օրեր, ամիսներ, եղանակներ և տարիներ։ Վախենում եմ, որ մի գուցե ի զուր եմ աշխատել ձեզ համար։ Եղե՛ք՝ ինչպես ես, քանզի ես էլ ձեզ նման եղա, եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ. դուք ինձ ոչ մի վնաս չեք տվել։ Դուք գիտեք, որ տկար մարմնով ավետարանեցի ձեզ առաջին անգամ: Եվ չանարգեցիք ու չարհամարհեցիք այն փորձությունները, որ կրում էի իմ մարմնի վրա. այլ իբրև Աստծու հրեշտակ ընդունեցիք ինձ, իբրև Քրիստոս Հիսուս։ Իսկ արդ, ո՞ւր է ձեր երանությունը։ Վկայում եմ ձեզ. եթէ հնար լիներ, ձեր աչքերը կհանեիք ու կտայիք ինձ։ Հիմա ինչո՞ւ թշնամի դարձա ձեզ, որ ճիշտը խոսեցի։ Նրանք բարի դիտավորությամբ չէ, որ հետաքրքրվում են ձեզանով, այլ ուզում են արգելք լինել ձեզ, որպեսզի նախանձախնդիր լինեք իրե՛նց համար։ Բայց լավ է մի՛շտ նախանձախնդիր լինել բարի բաներին և ոչ թե միայն այն ժամանակ, երբ ձեր մեջ եմ,»։ (Գաղ. 4:3-18)

Սիրելի հավատացյալներ սկզբի համար նախ պարզենք, թե որտեղ էր գտնվում այդ վայրը և ինչու էր Պողոս առաքյալն անհրաժեշտ համարում այս նամակն ուղղել այնտեղի  քրիստոնյաներին:

            Գաղատիան Փոքր Ասիայի մի շրջան էր` Պոնտոսի, Կապադովկիայի և Թրակիայի հարևանությամբ: Այս շրջանը նախկինում բնակեցված էր հույներով, այնուհետև Ք.Ա. երրորդ դարում այստեղ տեղափոխվեցին նաև գաղիացիներն ու հրեաները:

            Պողոս առաքյալի նամակ ուղղելու պատճառը գաղատացիներին՝ դեպի քրիստոնեական եկեղեցիները Պաղեստինից ներթափանցած կեղծ ուսուցիչների և նրանց տարածած սուտ ուսուցումների մասին տագնապալի լուրերն էին:

 Հետևաբար, տեղի քրիստոնյաներին վտանգ էր սպառնում շեղվելու ճշմարիտ քրիստոնեությունից` դեպի հուդայականություն, քանի որ նրանք սովորեցնում էին, որ քրիստոնյաները պարտավոր են թլպատություն կատարել (Գաղ. 2:12,14), հետևել Մովսիսական Օրենքի որոշ կետերին և հատուկ օրերին (Գաղ. 4:10): Եվ ահա Պողոս առաքյալի նպատակն էր պաշտպանել իր քրիստոնյա եղբայրներին այդ կեղծ ուսուցումներից:

            Առաքյալն իր նամակի սկզբում այսպես է ասում. «Նույնպես և մենք. մինչ երեխա էինք, բնության տարերային ուժերին էինք ծառայում»: (Գաղ. 4:3) Երեխա ասելով առաքյալը բնականաբար նկատի չունի մեր երեխա լինելու հանգամանքը` տարիքային առումով, այլ` մտավոր վիճակը, Աստծո մասին սխալ պատկերացումներ ունենալը: Նա  ցույց է տալիս, որ Աստված ի սկզբանե ցանկանում էր շնորհել մեզ իր օրհնությունները, սակայն, քանի դեռ մենք գտնվում էինք մեր «մանկության» վիճակում, թողեց մեզ բնության տարերային ուժերի ներքո, այսինքն նորալուսինների ու շաբաթների, որովհետև այս օրերը կապված են արևի և լուսնի ընթացքից: Այդ պատճառով նրանք, ովքեր այժմ առաջնորդում էին քրիստոնյա գաղատացիներին օրենքի իշխանության ուղղությամբ, անում էին ոչ այլ ինչ, քան նորից իրենց կատարյալ հասակից նրանց տանում էին ետ` դեպի մանկություն: Այսինքն տան տիրոջ կարգավիճակից տանում էին կրկին ստրկության վիճակի: Այնուհետև առաքյալը շարունակում է. «Իսկ երբ ժամանակը իր լրումին հասավ, Աստված ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց կնոջից և մտավ օրենքի տակ՝ փրկելու համար նրանց, որ օրենքի տակ էին, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք»: (Գաղ. 4:4-5) Առաքյալն այստեղ մատնացույց է անում Քրիստոսի մարմնավորման նպատակն ու բարի ներգործությունը: Մեկը` չարից ազատագրումն է, մյուսը`բարիքի շնորհումը և երկուսն էլ հնարավոր էր կատարել միմիայն Նրա միջոցով: Պարզենք, թե որոնք էին այդ բարիքները: Նախ` ազատագրումն օրենքի անեծքից և երկրորդը` որդեգրությունը: «Որդեգրություն ընդունենք» ասելով, առաքյալը ակնհայտորեն ցույց է տալիս, որ որդեգրությունը վաղուց մեզ համար էր նախատեսված` ինչպես որ խոստացված էր Աբրահամին, սակայն մեր անհասունության պատճառով մեզ չէր տրվում: Իսկ Աբրահամին խոստացված ժառանգությունը հենց որդեգրությունն էր, իսկ ժառանգությունն ընդունում է զավակը` որդին: Սույն միտքը զարգացնելով, առաքյալը շարունակում է. «Եվ որովհետեւ դուք որդիներ էք, Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր։ Ուստի, ծառա չես, այլ՝ որդի, և եթե որդի ես, ապա և՝ ժառանգ Աստծու»: (Գաղ. 4:6-7) Այս տողերը սովորեցնում են, որ Աստվածորդու Հոգին աստվածային բարեշնորհության միջոցով թափանցեց մեր սրտերից ներս և սովորեցրեց մեզ Աստծուն Հայր կոչել: Եվ իսկապես, ինչպե՞ս մենք կկարողանայինք Աստծուն Հայր կոչել, եթե որդեգրությունը չընդունեինք և Նրա որդիները չդառնայինք: Այսպիսով, եթե Աստվածային բարեշնորհությունը մեզ ազատել է ստրկությունից, մանկական վիճակից հասցրել է հասունության և մենք դարձել ենք որդիներ ու ժառանգորդներ` ոչ թե հասարակ մի ունեցվածքի, այլ աստվածայինի, և Աստծո Միածին Որդու հետ համաժառանգորդներ ենք, ապա ծայրահեղ անմտություն և երախտամոռություն չի՞ լինի արդյոք հրաժարվել մեզ որդեգրություն պարգևած հավատքից և վերադառնալ նախկին ստրկական վիճակին:

Այնուհետև Պողոս Առաքյալը բացատրում է. «Այն ժամանակ, մինչ Աստծուն չէիք ճանաչում, ծառայում էիք նրանց, որոնք ի բնէ աստվածներ չէին. իսկ այժմ որ ճանաչեցիք Աստծուն, մանավանդ որ Աստված էլ ճանաչեց ձեզ, ինչպէ՞ս էք վերադառնում նորից դեպի տկար ու խեղճ տարերային ուժերը, որոնց, նորից, ուզում էք ձեզ գերի դարձնել: Պահում եք հատուկ օրեր, ամիսներ, եղանակներ և տարիներ»: (Գաղ. 4:8-10) Այս տողերը նա ուղղում է ճշմարիտ հավատքի դարձած հեթանոսներին` ցույց տալու համար, որ օրեր պահելը նույնպես կռապաշտություն է և այժմ նրանք առավել մեծ մեղք են գործում, քան նախկինում: Նախկինում, ասում է նա, նրանք գոնե չէին ճանաչում Աստծուն և ապրում էին խավարի ու մոլորությունների մեջ, և դրա հետևանքով ծառայում էին արևին ու լուսնին: Իսկ այժմ, երբ բարեգութ Աստված դուրս բերեց նրանց հոգիները խավարից ու արժանացրեց Իր ճշմարիտ գիտությանը, ապա այդքանից հետո ինչպե՞ս են նորից ետ դառնում դեպի տկար ու խեղճ տարերային ուժերը, որոնք զուրկ են ամենայն մտքից ու զգացմունքից և անկարող են նրանց խոստացված ժառանգությունը պարգևել և որևէ հոգևոր օգուտ բերել: «Վախենում եմ, որ մի գուցե ի զուր եմ աշխատել ձեզ համար։ Եղե՛ք՝ ինչպես ես, քանզի ես էլ ձեզ նման եղա, եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ.»: (Գաղ. 4:11-12) Առաքյալն այլևս չի թաքցնում  իր վախն ու մտահոգությունն այն մասին, թե արդյոք զուր չէր եղել իր աշխատանքը նրանց համար: Սակայն դա ձևակերպում է հարցական շեշտադրումով, դրանով իսկ ցույց տալով, որ գաղատացիները դեռևս ամբողջությամբ պարտություն չէին կրել իրենց հավատքի մարտում, այլ դեռևս հույս կար, որ նրանք գոնե առաքյալի ջանքերը հիշելով ու գնահատելով` դարձի կգան: Այնուհետև նա իր սեփական օրինակն է բերում ասելով, որ ինքն էլ ժամանակին հրեական օրենքի հետևորդն էր, սակայն թողեց այն և հետևեց Քրիստոսի ճշմարիտ ուղղուն: Եվ նրանց եղբայրներ անվանելով` ևս մեկ անգամ հիշեցնում է Մկրտության միջոցով տրվող բարեշնորհության մասին, որով ամենքը Հայր Աստծուց ծնվելու մեծագույն շնորհին արժանացան: Այնուհետ շարունակում է. «…դուք ինձ ոչ մի վնաս չեք տվել։ Դուք գիտեք, որ տկար մարմնով ավետարանեցի ձեզ առաջին անգամ: Եվ չանարգեցիք ու չարհամարհեցիք այն փորձությունները, որ կրում էի իմ մարմնի վրա. այլ իբրև Աստծու հրեշտակ ընդունեցիք ինձ, իբրև Քրիստոս Հիսուս»: (Գաղ. 4:12-14) Տարբեր նախատինքներից հետո Պողոս Առաքյալը խոնարհություն է ցուցաբերում, որպեսզի եղբայրներն ի Քրիստոս մոլորության մեջ չընկնեն` կարծելով, թե առաքյալն ատելությունից մղված է իրենց հանդիմանում՝  հավաստիացնելով, որ նրանք իրեն ոչնչով չեն վնասել և ինքն ատելության պատճառ չունի: Ընդհակառակը, նշում է, որ հիշում է, թե ինչպես նրանք` գայթակղությանը չտրվելով, չխորշեցին իրենից, որ կրած բազմաթիվ վտագների ու հալածանքների հետևանքով տկարացել ու վիրավոր էր, այլ ընդհակառակը՝ հասարակ մահկանացուից ավելի ընդունեցին ու պատվեցին նրան: Հետո առաքյալն իր արդարացի տարակուսանքն է հայտնում նրանց վերաբերմունքի փոփոխության առումով. «Իսկ արդ, ո՞ւր է ձեր երանութիւնը։ Վկայում եմ ձեզ. եթե հնար լինէր, ձեր աչքերը կհանեիք ու կտայիք ինձ։ Հիմա ինչո՞ւ թշնամի դարձա ձեզ, որ ճիշտը խոսեցի»։ (Գաղ. 4:15-16) Իրավմամբ զարմանքի է արժանի այն փաստը, որ այս մարդիկ նախկինում այնքան երախտապարտ էին առաքյալին, որ իրենց աչքերից էլ առավել էին գնահատում նրան ու իր քարոզները, իսկ այժմ կասկածանքով ու թշնամությամբ էին լցվել նրա հանդեպ: Սրա համար նա ուրիշ պատճառ չի տեսնում, քան այն փաստը, որ բացահայտ ասել էր նրանց ճշմարտությունն ու երևան հանել օրենքի առումով նրանց մոլորությունները: Սակայն դա պիտի ստիպեր նրանց ավելի մեծ սիրով լցվել դեպի առաքյալը, քանի որ դրանով նա, մեկ անգամ ևս, իր սերն ու հոգատար խնամքն էր ցուցաբերել իրենց հանդեպ: Եվ շարունակելով իր հոգատարությունը` զգուշացնում է նրանց` ասելով. «Նրանք բարի դիտավորությամբ չէ, որ հետաքրքրվում են ձեզանով, այլ ուզում են արգելք լինել ձեզ, որպեսզի նախանձախնդիր լինեք իրե՛նց համար։ Բայց լավ է մի՛շտ նախանձախնդիր լինել բարի բաներին և ոչ թե միայն այն ժամանակ, երբ ձեր մէջ եմ»։ (Գաղ. 4:17-18) Սրանով նա կրկին անգամ բացատրում է, որ նախանձախնդրությունը գովելի է միայն այն պարագային, երբ մեկն ուզում է օրինակ վերցնել մյուսի առաքինությունը, իսկ չար է այն դեպքում, երբ ձգտում է առաքինասերին հեռացնել առաքինությունից: Ու հենց դրան էլ ձգտում են հասնել այդ կեղծ ուսուցիչները` փորձելով զրկել նրանց ի Քրիստոս կատարյալ հավատքից և տանել դեպի օրենքի ավելի ցածր ու անկատար վիճակը, որպեսզի իրենք գրավեին ուսուցիչների պատվավոր տեղը, իսկ գաղատացի քրիստոնյաները, որ առավել բարձր ու երանելի վիճակում էին գտնվում, նրանց որպես աշակերտներ ենթարկվեին: Սակայն Պողոս Առաքյալի կամքն էր տեսնել նրանց բոլորից առավել հաստատուն` իրենց ճշմարիտ ուղու մեջ և կատարյալ օրինակ` բոլորի համար: Հետևաբար երանելի է այն վիճակը, երբ աշակերտը պահպանում և ընթանում է իր ստացած գիտելիքի ուղիով` ոչ միայն ուսուցչի ներկայության, այլև նրա բացակայության ժամանակ, քանզի դա է այն հոգևոր կատարյալ վիճակը, որ Աստծո բարեգթությամբ շնորհվել է մեզ և ակնկալվում է, որ բոլորս պիտի ընթանանք այդ ճշմարիտ ճանապարհով միայն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

19.10.14
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․