25 Նոյեմբեր, Բշ
«Օրհնեցե՛ք և մի՛ անիծեք…» (Հռոմ. 12:14)
Մի մարդ հարցրեց ինձ. «Քառասնօրյա պահքի շրջանում ինչո՞ւ ենք երգում. «Դու նրանց գլխին չարիք կուտակեցիր, ո՛վ Տեր, չարիք ավելացրիր երկրի փառավորվածների վրա» (Ես. 26:15): Չէ՞ որ դա անեծք է»: Պատասխանեցի. «Երբ բարբարոսները պատերազմի են գնում որևէ ժողովրդի վրա՝ կամենալով ոչնչացնել այն, և ժողովուրդն աղոթում է, որ չարիք պատահի նրանց, այսինքն, որպեսզի ջարդուխուրդ լինեն նրանց մարտակառքերը, հիվանդանան նրանց ձիերը, որպեսզի ինչ-որ բան խանգարի նրանց, դա լա՞վ է, թե՞ վատ: Սուրբ Գիրքը հենց այդ նկատի ունի, որ նրանք խոչնդոտի հանդիպեն իրենց ճանապարհին: Դա անեծք չէ»:
- Հա՛յր, իսկ անեծքը ե՞րբ ուժ ունի:
- Անեծքը միայն այն ժամանակ ուժ ունի, երբ անարդարության հետևանքով է լինում: Օրինակ, եթե մի կին ծաղրի մեկ այլ կնոջ, որը տառապում է, կամ որևէ չարիք պատճառի նրան, և տուժողն անիծի, ապա անարդարացիորեն վարվողի սերունդը կընդհատվի: Այսինքն, եթե ես չարիք եմ պատճառում մեկին և նա անիծում է ինձ, ապա նրա անեծքն ուժ ունի: Աստված թույլ է տալիս, որ անեծքներն ուժ ունենան, ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, թույլ է տալիս, որ մի մարդ սպանի մյուսին: Սակայն, եթե անարդարություն չի եղել, ապա անեծքը հետ է վերադառնում նրան, ումից դուրս է եկել:
- Իսկ ինչպե՞ս կարելի է անեծքից ազատվել:
- Մեղքերի խոստովանությամբ և ապաշխարությամբ: Ես շատ այդպիսի դեպքեր գիտեմ: Անեծքից տուժած մարդիկ, ովքեր գիտակցել են, որ իրենց անիծել են, որովհետև մեղավոր են եղել ինչ-որ բանում, մեղքերի խոստովանության են գնացել, ապաշխարել են, և նրանց բոլոր դժբախտությունները դադարել են: Եթե մեղավորն ասի. «Տե՛ր Աստված, ես այս ու այս անարդարությունն եմ գործել, ների՜ր ինձ»,- և ցավով ու անկեղծորեն իր մեղքերը պատմի հոգևորականին խոստովանության ժամանակ, ապա Աստված կների նրան, քանի որ Նա Աստված է:
- Իսկ պատիժվում է միայն այն մարդը, ում ուղղվա՞ծ է անեծքը, թե՞ նրան էլ, ումից դուրս է գալիս:
- Նա, ում ուղղված է անեծքը, տանջվում է այս կյանքում: Սակայն նա, ումից դուրս է գալիս անեծքը, տանջվում է այս կյանքում և կտանջվի նաև մյուսում, որովհետև եթե չխոստովանի իր մեղքն ու չապաշխարի, ապա այնտեղ կպատժվի որպես հանցագործ: Դե լավ, ենթադրենք՝ ինչ-որ մեկն իսկապես նեղացրել է քեզ: Բայց քեզ նեղացնող մարդուն անիծելով՝ կարծես ատրճանակ ես առնում ձեռքդ ու սպանում նրան: Ի՞նչ իրավունքով ես այդպես վարվում: Քեզ նեղացնողն ինչ էլ արած լինի, դու նրան սպանելու իրավունք չունես: Եթե մարդ անիծում է մեկին, նշանակում է, որ նրա մեջ չարություն կա: Մարդ անիծում է մեկին, երբ ողջ ուժով ու վրդովմունքով չարիք է ցանկանում նրան:
Եթե մարդ իրավացի է ու անիծում է, ապա դա մեծ զորություն ունի: Հատկապես զորեղ է այրու անեծքը: Հիշում եմ, մի ծեր կին մի ձիուկ ուներ, որին թողնում էր անտառեզրին՝ արածելու, իսկ քանի որ անհանգիստ ձի էր՝ պինդ կապում էր պարանով : Մի անգամ այդ նույն գյուղից երեք հարևանուհի անտառ գնացին՝ փայտ հավաքելու: Նրանցից մեկը հարուստ էր, մյուսը՝ այրի, իսկ երրորդը՝ որբ ու շատ աղքատ: Կապած ձին տեսնելով՝ ասացին. «Եկեք վերցնենք պարանն ու փայտերը կապենք»: Նրանք պարանը երեք մասի բաժանեցին ու ամեն մեկը մի մաս վերցրեց իրեն: Իսկ ձին փախավ: Պառավ կինը եկավ, չգտավ ձիուն ու սկսեց վրդովվել: Սկսեց ամեն տեղ փնտրել ու մի լավ չարչարվեց մինչև գտավ: Վերջապես, երբ գտավ, զայրույթով ասած. «Թող այդ պարանով քարշ տան նրան, ով այն վերցրել է»: Որոշ ժամանակ անց այն հարուստ հարևանուհու եղբայրը խաղ էր անում զենքով (որ իտալացիներից հետո էր մնացել), մտածելով, որ այն լիցքավորված չէ: Բայց պարզվեց, որ լիցքավորված է, կրակոց լսվեց և փամփուշտն այդ հարուստ կնոջ կոկորդը մտավ: Պետք էր հիվանդանոց տանել նրան: Որոշեցին փայտե աստիճանին պառկեցրած տանել, պատգարակի պես, և որպեսզի վիրավորը վայր չընկնի անհրաժեշտ էր աստիճանին կապել նրան: Եվ ահա գտան այն գողացված պարանի կտորը, բայց չբավականացրեց: Վազեցին հարևանների տուն, բերեցին մյուս երկու կտորներն էլ, կապեցին խեղճին ու հիվանդանոց տարան: Այսպիսով իրականացավ պառավ կնոջ անեծքը: Վերջիվերջո խեղճը մահացավ, Աստված հոգին լուսավորի: Տեսե՛ք, թե ում վրա ազդեց անեծքը՝ հարուստի, որը նյութական կարիք չուներ: Մյուս երկու կանայք աղքատ էին, ուստի իրենց հանցանքը մեղմող հանգամանքներ ունեին:
Հայր Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի