22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
1. Պահեցողությունը պետք է զգուշությամբ գործել, քանի որ սատանան կարող է կորստի մատնել թե պահեցողությունը, թե պահողին՝ մղելով նրան անպարկեշտ բամբասանքների գիրկը, ինքն իրեն ավելի գերադաս համարելով մյուսներից (Անտոն Անապատական):
2. Օգտագործիր ամենահասարակ և էժան կերակուրը (Անտոն Անապատական):
3. Քո հացդ կեր լռությամբ և չափավորապես, նաև տես, որ կերակուրդ լինի համեստ (Անտոն Անապատական):
4. Մի կեր այնքան, որ ամբողջովին հագենաս (Ատոն Անապատական):
5. Չորեքշաբթի և ուրբաթ օրերը պահքը մի լուծիր (Անտոն Անապատական):
6. Հավաքույթների և հյուրասիրությունների մի շտապիր գնալ (Անտոն Անապատական):
7. Եթե ջահել ես, ձեռքդ ուտելիքներին մի մեկնիր մյուսներից առաջ (Անտոն Անապատական):
8. Իսկույն մի մեկնիր ձեռքդ քեզ առաջարկված ուտելիքին (Անտոն Անապատական):
9. Մարմնի պահքը դա հոգու սնունդն է (Հովհան Ոսկեբերան):
10. Ճարպակալած որովայնը նուրբ մտքեր չի ծնի (Հովհան Ոսկեբերան):
11. Մի լսիր ինքնահաճո մարդկանց, որոնք իրենց դարձրել են որովայնի և մարմնական կրքերի ստրուկներ (Եփրեմ Ասորի):
12. Գինին մի խմիր մինչև գինովանալդ, չնայած, որ քեզ համոզում են ընկերներդ (Եփրեմ Ասորի):
13. Եթե ուզում ես հաղթահարել որկրամոլությունը, սիրի՛ր չափավորությունը, Աստծո վախն ունեցիր ու կհաղթես (Եփրեմ Ասորի):
14. Կերակրի և խմիչքի չափից ավելի օգտագործումը միայն տվյալ պահին է հաճելի, իսկ հաջորդ օրը տհաճությամբ ենք մտածում այդ մասին (Եփրեմ Ասորի):
15. Հոգու հարստությունը պահեցողությունն է (Հայր Պիմեն):
16. Երբ Դավիթը կռվում էր առյուծի դեմ, ապա նրա կոկորդից էր բռնում: Մենք էլ, եթե մեր կոկորդն ու որովայնը զսպենք, ապա Աստծով կհաղթենք անտեսանելի թշնամուն (Հայր Պիմեն):
17. Հոգին ոչնչով այնքան չի խոնարհվում, ինչքան, երբ մեկը զսպում է իրեն կերակրից (Հայր Պիմեն):
18. Եթե թագավորն ուզում է թշնամու քաղաքը գրավել, ապա նա ամեն բանից առաջ կտրում է այդ քաղաքը սնող ճանապարհները, ու քաղաքացիները սովից նեղվելով՝ հանձնվում են, որպեսզի չմեռնեն: Այսպես է լինում մարմնավոր ցանկությունների հետ, երբ մարդը կենցաղվարում է պահքով և ծոմով, ապա ցանկությունները ուժասպառ են լինում նրա հոգում (Հովհաննես Կոլով):
19. Քանի որ պահք չպահելով վռնդվեցինք դրախտից, այդ պատճառով էլ պահեցողություն անենք, որ նորից դրախտ մտնենք (Բարսեղ Կեսարացի):
20. Ատի՛ր ուտեստեղենի տենչանքը (Աբբա Եսայի):
21. Եթե մարդը չարհամարհի իր մարմինը, չի կարող աստվածային լույսը տեսնել (Աբբա Եսայի):
22. Ոչ մի տեսակի կերակուր՝ թե հասարակ, թե համեղ, ցանկասիրաբար մի կեր (Աբբա Եսայի):
23. Պահքը սանձ է մեղքի համար (Հայր Եպարքոս):
24. Պահեցողությունը մաքրում է հոգին, վեհացնում միտքը, չափի ու հակակշռի տակ է պահում կրքերը, ցրում է ցանկության ամպերը, մարում է սեռական կրակը և վառում է ճշմարտության լույսը (Օգոստինոս Երանելի):
25. Հացը կշռով կեր, իսկ ջուրը՝ չափով, ու շնության ոգին կփախչի քեզանից (Եվագր Պոնտացի):
26. Վախկոտ զինվորը դողում է փողի ձայնից, իսկ որկրամոլը` մոտակա պահքի ազդարարումից (Նեղոս Սինայեցի):
27. Համ ու հոտի հաճույքը մեռնում է արդեն իսկ, երբ կերակուրը անցնում է կոկորդով, բայց հասնելով գերեզման` (ստամոքս), այնտեղ կենդանացնում է կրքոտությունը (Նեղոս Սինայեցի):
28. Կերակրի չափավոր օգտագործումը, հայրերի կարծիքով, այնպես պետք է լինի, որ կերակրի ամենօրյա օգտագործումից հետո դեռ քաղց զգաս: Կերակրի այսպիսի օգտագործումը կպահի հոգին և մարմինը հավասարակշռված վիճակում, և ետ կպահի մարդուն ծայրահեղորեն պահքին ու ծոմապահությանը տրվելուց, որով տկարանում է մարմինը, ետ կպահի նաև գերհագեցումից, որը ճնշում է հոգին (Հովհաննես Կասիան):
29. Սրբերից մեկն ասել է. «Եթե տրվում ես հիշաչարությանը, ապա հիշաչար եղիր դևերի դեմ, թե թշնամանում ես, ապա թշնամություն տածիր մարմնիդ հանդեպ, քանի որ մարմինը՝ ստանալով իրենը, մեծ պատերազմ է մղում հոգու դեմ» (Աբբա Իսիքիա):
30. Պահքի զորությունը և նրա նշանակությունը մենք հասկանում ենք թեկուզ և այն բանից, որ այն համեմատաբար ավելի ատելի է թշնամու համար: Երբ գալիս են ինձ մոտ՝ խղճի խայթից մղված կամ խոստովանության նպատակով, ես մյուս պատվերների հետ միասին, միշտ խորհուրդ եմ տալիս պահել Սուրբ պահքերը: Ամեն ինչի հետ համաձայնվում են, միայն թե, երբ գործը հասնում է պահքին, սկսում են. «Չեմ կարող, չեմ ուզում» և այլն: Թշնամին միշտ հրահրում է, նա չի ուզում, որպեսզի պահվեն Սուրբ պահքերը (Բարսիլիսկոս Մեծ):
31. Հարց. -Ինչի՞ց է լինում, որ ես ուզում եմ զսպել որովայնս և քչացնել կերակուրը, բայց չեմ կարողանում: Եթե անգամ քչացնում եմ, ապա նորից, որոշ ժամանակ անց, վերադառնում եմ իմ նախկին չափին, նույնը նաև խմիչքին է վերաբերվում:
Պատ. -Թող Աստված հիշի քո սերը, եղբայր իմ, որ հիշեցրեցիր ինձ իմ կրքերի մասին, քանզի ես ինքս էլ տառապում եմ դրանով: Ոչ ոք չի կարող ձերբազատվել սրանից, բայց միայն նա, ով այս չափին հասնելով ասաց. «Հեծությանս ձայնից հաց ուտելս մոռացա: Ոսկորս մարմնիս կպավ» ( Սաղմ. 101:5-6): Այսպիսի մարդը շատ շուտով կկարողանա նվազեցնել սնունդն ու խմիչքը, քանզի արցունքը նրա հաց կդառնա, և վերջապես հանգում է նույն բանին, որ սկսում է Սուրբ Հոգով սնվել: Հավատա ինձ, եղբայր, ես այդպիսի մի մարդ գիտեմ, որ հոգևոր սննդից այնպիսի հիացմունք է ապրում, որի քաղցրությունից ամբողջ շաբաթ մոռանում է մարմնավոր սննդի մասին: Եվ երբ հասնում է հացի ժամը, մի տեսակ զզվանքով, չի կամենում ուտել: Իսկ ուտելիս, դատապարտում է ինքն իրեն՝ ասելով. ինչո՞ւ ես մշտապես այս հոգևոր վիճակում չեմ կարողանում մնալ: Եվ կամենում է այս դիրքի մեջ ավելի առաջանալ: Իսկ մենք, եղբայրս, որտե՞ղ ենք գտնվում, գնանք մեռնենք: Ներիր ինձ, որ սեփական գործերիցս ոչինչ չգտա գլուխ գովելու, և ի ափսոսանք ինձ, ուրիշի գործով եմ հպարտանում (Բարսիլիսկոս Մեծ):
32. Կերակրով հագենալը՝ շնության մայրն է, իսկ ճնշված որովայնը՝ մաքրության (Հովհաննես Սանդուղք):
33. Թշնամին հզոր պատերազմ է մղում մեր սրտերում` հագեցած որովայնի միջոցով (Հովհաննես Սանդուղք):
34. Իմացիր, որ դևը հաճախ գրգռում է ստամոքսը և մարդուն չի թողնում կշտանալ, եթե նույնիսկ մարդ խժռի Եգիպտոսի ամբողջ ուտելիքը և խմի Նեղոսի ողջ ջուրը:
Որկրամոլը պահքի ժամանակ հաշվում է, թե ինչքան է մնացել մինչև Զատիկը, և շատ օրեր առաջ ուտեստեղեն է պատրաստում: Որկրամոլության ծառան խորհում է, թե ինչ ուտելիքներով պիտի մեծարի տոնը, իսկ Աստծո ծառան մտածում է, թե ինչ շնորհներով ինքը հարստանա (Հովհաննես Սանդուղք):
35. Երբ օտարական է գալիս, որկրամոլը ամբողջովին ծանրաբեռնըվում է սիրո վրա, որ մղվում է որկրամոլության կողմից և մտածում, որ առիթը եղբորը հյուրասիրելու, իրեն համարել է թույլտվության պատճառ: Ուրիշների գալուստը նա համարում է պատճառ թույլտվության՝ գինի օգտագործելու, և իբր, ծածկում է դիմացինից իր պահեցողությունը, դառնում է որկորի ստրուկը (Հովհաննես Սանդուղք):
36. Որկրամոլների սրտում երազանքներ են կերակրի մասին, իսկ արտասվողների սրտում՝ մտածումներ են վերջին օրվա և տանջանքների մասին (Հովհաննես Սանդուղք):
37. Տիկը, երբ այն փափկացնում են, շատ ավելի հեղուկ է իր մեջ կրում, իսկ եթե աչքաթող անեն այն՝ կչորանա և առաջվա տարողունակությունը չի ունենա: Որովայնը ծանրաբեռնողը լայնացնում է այն, իսկ ով պատերազմում է որկրամոլության դեմ, նրա որովայնը կամաց-կամաց սկսում է ձգվել, իսկ ձգված վիճակում այն էլ չի կարող շատ կերակուր ընդունել, և այդժամ, բնականորեն, իր վիճակից ելնելով, կդառնա պահեցող (Հովհաննես Սանդուղք):
38. Դևերի պետն ընկած արուսյակն է, իսկ կրքերի գլուխը՝ որկրամոլությունը (Հովհաննես Սանդուղք):
39. Երբ նստում ես սեղանի շուրջ, որը լի է ուտեստեղենով, քո մտավոր աչքերով պատկերացրու մահը և դատաստանը, քանի որ նման ձևով կարող ես գոնե մի քիչ զսպել շատակերության կիրքը: Երբ խմում ես, միշտ հիշիր քացախն ու լեղին քո Տիրոջ, և այս ձևով կարող ես հասնել ժուժկալության սահմանագծին, կամ ծայրահեղ դեպքում, կխոնարհեցնես խորհուրդները (Հովհաննես Սանդուղք):
40. Ոմանք ասում են, երբ մեր անձը ցանկանում է տարբեր ուտեստներ, ապա պետք է նրան ճնշել հացով ու ջրով, սակայն սա նույնն է, թե փոքր երեխային ասես, որ մի քայլով բարձրանա հոգևոր աստիճանի ամենավերին գագաթը: Եվ այսպես, ասենք որպես հերքում այս խորհրդին. եթե անձը ցանկանում է ամենատարբեր ուտեստեղեն, ապա նա փնտրում է իր բնությանը բնորոշ բաներ և սրա համար հակառակ մեր խորամանկ որկորի, պետք է ցուցաբերել խելամիտ զգուշավորություն: Եվ երբ չկա զորեղ պայքար մարմնի կողմից և ընկնելու առիթ չի նախատեսվում, այդժամ հեռացնենք առաջնահերթ, պարարտացնող կերակուրը, հետո՝ այրող, բորբոքող կերակուրը և հետո նոր՝ հաճույք պատճառողը: Թե հնարավոր է, տուր որկորիդ չափավոր և հեշտամարս կերակուր, որպեսզի դրանցով հագենաս և ազատվես նրա անկուշտ ագահությունից, և արագ մարսողության միջոցով ազատվես բորբոքումից, ինչպես պատուհասից: Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ կերակուրներից շատերը, որոնք փքում են փորը, բորբոքում են վավաշոտություն (Հովհաննես Սանդուղք):
41. Որովայնին իշխողը չորացնում է հեշտանքը, և նրա միտքը չի գերեվարում տռփանքը (Աբբա Փաղաքիա):
42. Սիրում ես համեղ կերակուր: Իսկ ո՞վ չի սիրում, միայն նա, ով համտեսել է Երկնային Խաղաղությունը և սանձում է որովայնը՝ այս պարոնին, որ բազում չարիքների աղբյուր է (Հոգեշահ գրքերից):
43. Ինչպե՞ս ճարպկորեն է կարողանում թշնամին վիժեցնել մեր բարի գործերը: Պահքից հետո հաղթում է անժուժկալությամբ և անչափավորությամբ, երկյուղալի և գորովալից աղոթքի րոպեներից հետո՝ ծիծաղով և դատարկաբանությամբ: Եվ այսպես, ամեն ինչում, ամենուր և միշտ կանի իրենը` մեր անվճռականության, անհոգության և անզգուշության պատճառով (Հոգեշահ գրքերից):
44. Ժուժկալությունը սովի է մատնում դևերին, որովհետև նրանց կերակուրը համեղ ուտեստներն են: Սակայն ոմանք հյուծվելով չափազանց պահեցողությունից և ժուժկալությունից, հեռացել են Աստծուց (Հոգեշահ գրքերից):
45. Ճաշի ժամանակ մտքում աղոթելը կկանխի շատակերությունը ( Հոգեշահ գրքերից ):
46. Մի նստիր ճաշի՝ զայրացած վիճակում, թշնամին ինչ-որ մեկի հանդեպ զայրույթ է գրգռում քո մեջ, որպեսզի ի վնաս քեզ դարձնի կերակուրդ և ըմպելիքդ («Հոգևոր Պատերազմ» գրքից):
47. Պահեցողության պատճառով մեծամտանալը անմտություն է, քանի որ կարո՞ղ է արդյոք վարպետը մեծամտանալ նրանով, որ ինքը շատ գործիքներ ունի, եթե նա դրանցով ոչ մի օգտակար բան չի անում: Եվ այդպես էլ պահքը և մնացած բոլոր մարմնավոր ջանքերը միջոց են՝ առաքինություն ձեռք բերելու, և ոչ թե իրենք են հանդիսանում առաքինություն (Հայր Զոսիմա):
48. Մի՛ նեղիր ինքդ քեզ պահքերով ու ծոմապահությամբ, ընդհակառակը, պարարտացրու մարմինդ կերակուրներով, արածդ որդերի համար փառավոր ճաշ պատրաստելուց այլ բան չի, զվարճացրու ինքդ քեզ ոգելից ըմպելքիներով, բայց մի օր մի կաթիլ ջրի կարոտ պիտի քաշես և այն էլ՝ հավիտյան գտնելու կարողություն չպիտի ունենաս: Ինչպես առածն է ասում. «Որկրամոլները իրենց գերեզմաններն իրենց ատամներով են փորում» (Տեր Գաբրիել քահանա):
49. Երբ պահեցողությունը լինում է նիհարելու և առողջությունը վերականգնելու նպատակով, որքան էլ որ օգտակար լինի, կրոնական արժեք չի ներկայացնում (Շնորհք Պատրիարք):
50. Զղջումը, աղոթքը, ապաշխարությունն անբաժան պետք է լինեն պահեցողությունից, քանի որ սրանք են հիմնական պայմանները, որտեղ գործում է Աստծո բուժիչ ու քավիչ զորությունը (Շնորհք Պատրիարք):
51. Պահքն ու հաճույքն իրար հակադիր երևույթներ են (Շնորհք Պատրիարք):
52. Ծոմապահությամբ և պահեցողությամբ է լինում մարմնի առողջությունը: Ով առողջ և զորավոր է, նա կարող է չափավորապես հեռու մնալ համեղ ու սննդարար կերակուրներից և ըմպելիքներից՝ դրանով ճնշել մարմինը, սպանել ախտավոր կրքերը, զգայական բաղձանքների անկարգ ցանկությունները, որպեսզի կարողանա իր մարմնի անդամները ծառայեցնել Աստծուն՝ սպասավորելով հիվանդներին, թաղելով անտեր մեռելներին, ուխտի գնալ սրբազան վայրերը, համբերել վշտերին, ճգնություններին, մինչև իսկ մարմինը տալ գանակոծության կամ մահվան` Աստծո սիրո համար: Սրանցով նվաճված մարմինը կհնազանդվի հոգու կամքին: Ինչպես որ մարմինը կերակուրներով զորանալուց՝ տկարանում է հոգին, այնպես էլ պահեցողությամբ մարմինը տկարանալուց` զորանում է հոգին: Ըստ դրա. «Երբ տկարանում եմ՝ այն ժամ զորանում եմ» (Բ Կոր. 12:10), ուրեմն պետք է ճնշել մարմինը ծոմով, պահեցողությամբ և չափավորությամբ, որ հլու հնազանդ ծառայի Աստծուն մինչև վերջ (Պողոս պատրիարք):
53. Բոլորն էլ պարտավոր են պահել պահեցողության կանոնները, որ կարգել է սուրբ Եկեղեցին: Իսկ եթե մեկը պահքը ավելորդ և անօգուտ համարի, կգայթակղվի և կգայթակղեցնի, մեծապես մեղանչելով, որովհետև դատեց սուրբ հայրերին, որոնք Սուրբ Հոգով կարգեցին եկեղեցու կանոնները (Պողոս պատրիարք):
54. Հովիվը, եթե իր շանը շարունակ ոչխարի մսով կերակրի, նրան գայլ կդարձնի, իսկ եթե մեկն իր մարմինը հարատև պարարտ կերակրով սնի, ապա կդարձնի իրեն գազան և արդեն ըմբոստացած, այլևս չի հնազանդվի հոգու կամքին, այլ բռնադատելով՝ կծառայեցնի իր հաճույքներին (Պողոս Պատրիարք):
55. Վա՜յ նրան, ով ծառայում է և անվարձ մնում, բայց վայի վրա էլ ավելի վայ, ով ծառայում է որկրամոլությանը և մարմնին, ու տուժում է դրանից: Եվ վայ նրան, ով ոչ սանձ է դնում նժույգի բերանին, ոչ վախենում է գահավեժ լինելուց, և ոչ ժուժկալությամբ նվաճում է մարմինը, այլ անտարբեր է վերահաս գլորման հանդեպ (Պողոս պատրիարք):
56. Որովայնամոլության և արբեցության կուռքերը փշրենք ժուժկալությամբ, քաղցով և ծարավով, որպեսզի չլինի թե հարուստի հետ շիկացած հնոցի մեջ այրվենք և մի կաթիլ ջրի անարժան գտնվենք (Սարգիս Շնորհալի):
57. Առաջին պատվիրանը պահքն է, որ Աստված տվեց Ադամին՝ ասելով. «Բոլոր պտուղներից կեր»: Սա ուտիքի համար էր: «Բայց միայն մեկ պտղից մի կեր» (Ծննդ. 2:16-17), սա էլ պահքի համար էր: Ադամը, քանի որ պահեցողություն չարեց, զրկվեց դրախտից և չարչարանքների այս աշխարհը ժառանգեց: Ուստի, եթե մենք սրբությամբ պահք պահենք, կվերադառնանք դրախտ՝ մեր հայրենի տունը (Հովհաննես Երզնկացի):
58. Եթե մեկը չորեքշաբթին և ուրբաթը, շաբաթապահքը և կամ այլ պահք լուծարի ... թող ապաշխարի: Որովհետև չորեքշաբթին Քրիստոսի մատնության օրն է, իսկ ուրբաթը՝ խաչելության. իսկ բոլոր պահքի օրերը սահմանված են սուգի ու տրտմության և մեր մեղքերի համար ապաշխարելու նպատակով (Հովհաննես Երզնկացի):
59. Մի սիրիր ուտելիքը և ըմպելիքների հագուրդը, եթե ոչ՝ մարմինդ կդարձնես պոռնկության քաղաք ու սատանայի ամրոց (Եզնիկ Կողբացի):
60. Ով այս կյանքում մարմինն է գիրացնում, հավիտենական հանգիստ չի մտնի (Եզնիկ Կողբացի):
61. Տրտմեցնող բնավորությունդ սանձի՛ր չորակերությամբ և սրտիդ խստությունը փափկացրու տքնությամբ, մարմնիդ ցանկությունը վերացրո՛ւ նեղությամբ, ապա կկարողանաս վերցնել Քրիստոսի Խաչը: Սիրտդ սովորեցրու սիրել ցեղակցիդ, մարմինդ էլ այնպես սիրիր, ինչպես կսիրես նենգավոր մարդուն (Եզնիկ Կողբացի):
62. Ուստի աղաչում եմ՝ եթե անգամ շատ ուտելիք և ըմպելիք ունենաք ձեր ձեռքում և տանը, ձեր հոգիները խնայելով՝ ագահությամբ ու որկրամոլությամբ մի՛ վարվեք դրանց հետ, այլ ...պարկեշտությամբ և օրինավոր կերպով: Եվ ինչ ձեզանից նվազեցնում եք ըստ Աստծո պատվիրանի՝ ի սեր կարոտյալ և չքավոր եղբայրների, ծերերի և տկարների, նրա՛նց տվեք, որով ձեր հոգիների համար կրկնակի բարիք կամբարեք (Ներսես Շնորհալի):
63. Առաջին սուրբերը, երբ կամենում էին մերձենալ Աստծուն, նախ մաքրվում էին պահքով, ապա մերձենում Մաքուրին և աստվածատեսներ լինում: Իսկ ովքեր հեռացան պահքից, հեռացան Աստծու շնորհներից և բազում չարիքներով չարչարվեցին: Ահա Ադամը հեռացավ պահքի պնդությունից և դուրս ելավ դրախտից դեպի տատասկոտ երկիրը: Նոյի ժամանակների ազգի որդիները հեռացան պահքի պնդությունից և համաջինջ ջրհեղեղով սատակվեցին և հեղձվեցին: Եբրայեցի ժողովուրդը հեռացավ պահքի պնդությունից, և ընտիրները սատակվեցին (Սաղմ. ՀԷ 31): Սոդոմի բնակիչները հեռացան պահքից, և կայծակների հրացայտ անձրև տեղաց նրանց վրա: Եվ տուժեցին բոլոր նրանք ովքեր արհամարհվեցին Աստծուց և Նրա ողորմությունից հեռացան (Հովհան Մանդակունի):
64. Պահք է նաև, երբ մարդ բնական քնի կարիքը միայն սպառի և ցանկության քուն չունենա, այլ միայն առաջինով գոհանա և ապա, վեր կենալով, գործի կամ աղոթի (Հովհան Մանդակունի):
65. Ովքեր որովայնին են ծառայում, հնարավոր չէ, որ լինեն Աստծո հավատարիմ ծառա, քանզի ովքեր պահքով սրբանում և սրբվում են, ոչ միայն անօրենությունների պղծություններն են սրբում, այլև սուրբ Աստծուն իրենց մեջ են բնակեցնում (Հովհան Մանդակունի):
66. Այս է սուրբ և աստվածահաճ պահքը, և սրանով են ընդունելի լինում բոլոր վշտաբեր ճգնությունները, որ բժշկում են մեղքերով վիրավորվածներին, սատանայից գերվածներին, կանգնեցնում անoրենությամբ կործանվածներին, հարություն տալիս ամբարշտությամբ հիվանդացածներին, սրբում պղծությամբ աղտեղվածներին, մաքրում ու արդարացնում պահողներին և մեծապայծառ լույսով կանգնեցնում Աստծո ահավոր և լուսավոր Բեմի առաջ. և պահեցողները Նրա հետ ժառանգում են անանց բարության վայելչություններն ի Քրիստոս Հիսուս՝ ի Տեր մեր: Նրան փառք հավիտյանս հավիտենից. ամեն (Հովհան Մանդակունի):
67. Վարդապետներն ասում են, որ ամեն կերակուր բաժանվում է երկու մասի: Մեկը, որ երկրի տարերքից՝ այսինքն, տունկերից և բույսերից է առաջ գալիս, պահոց կերակուր է: Մյուսը կենդանական է և կամ առաջանում է կենդանուց, ինչպիսիք են միսը, կաթը և նման այլ բաները, հանդիսանում են, որպես ուտիքի կերակուր: Եվ պետք է իմանալ և այն, որ պահոց կերակուրը հասարակ է և ամեն օր էլ կարելի է օգտագործել թե՛ պահքի, թե ուտիքի ժամանակ: Իսկ ուտիքի կերակուրը միայն ուտիքի ժամանակ է թույլատրելի և ոչ պահքի, քանի որ ուտիքի կերակուրն ունի զանազանություն, այսինքն՝ կենդանու մարմինը և այն, որ առաջանում է կենդանուց: Պահքն էլ ունի զանազանություն: Առաջինը կոչվում է պահք, երկրորդը՝ սրբապահք և երրորդը ծոմապահք: Պահքն այն է, որի ժամանակ ուտիքի կերակուր չի օգտագործվում, ինչպես որ ասացինք, այլ պետք է ուտել միայն այն, ինչը պտուղներից և բույսերից է: Իսկ սրբապահքն այն է, որի ժամանակ պահոց կերակուրից էլ որոշ բան զատվում: Չնայած տունկերից է առաջ գալիս, սակայն պարարտացնում է մարմինը, ինչպիսիք են ձեթը, գինին և նմանօրինակ այլ բաներ: Ըստ Սուրբ Գրքի, ձեթը և յուղը միանման կերպով պարարտացնում են մարմինը, իսկ գինին առաջացնում է հարբեցողություն և բորբոքում է մեղքի ցանկությունը: Սրանցից պետք է հրաժարվել սրբապահքերի ժամանակ: Ծոմապահքի ժամանակ օգտագործվում է միայն հաց և ջուր, իսկ մնացած ամեն բաներից պետք է հրաժարվել: Եվ այս միջոցով անձը մաշեցնում է մարմինը սովով և ծարավով, Աստծու սիրուց ելնելով, և բերանին արգելք է դրվում փափուկ, անուշահամ կերակուրների համար, ու մարմինն սկսում է տկարանալ մեղքի գործեր գործելու համար: Սա է պահքի արժանիքը (Գրիգոր Տաթևացի): (Ոչ վաղ անցյալում մեծ պահոց շրջանի պահքը պահվում էր միայն կիրակի, շաբաթ օրերին և Ավետյաց տոնին, իսկ մնացած օրերը սրբապահք էր: Մեծ պահոց առաջին շաբաթը և վերջին՝ Ավագ շաբաթը ծոմապահք էր, այսինքն՝ միայն հաց և ջուր, իսկ Սուրբ Հաղորդության մոտենալու ժամանակ, այսպես կոչված՝ անսվաղ, այսինքն՝ բացարձակապես ոչինչ չօգտագործել, հրաժարվել հացից և ջրից: Այսօր, քանի դեռ կոնկրետացված կարգ չկա, ամեն մարդ պետք է կողմնորոշվի ըստ իր կարողության, կամ ըստ հոգևոր հոր խորհրդի: Քանի որ պահքի հանդեպ անհոգ գտնվելը մեղք է և վնասակար հոգուն, իսկ ուժերից վեր պահեցողությունը ոչ միայն անօգուտ է, այլ նույնպես խիստ վնասակար, քանի որ հայրերն ասում են. «Ինչը որ ուժերից վեր է, սատանայից է»:
68. Բարեկենդանը պահքի սկիզբն է: Ինչպես մենք այսօր ստանում ենք պահքի պատվիրանը մարգարեներից, առաքյալներից ու ավետարանիչներից, այնպես էլ առաջին մարդը դրախտում Տիրոջից պատվիրան ստացավ. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի կեր» (Ծննդ. Բ 16:17): Եվ ըստ այդ օրենքի՝ ամեն ծառից ուտելը խորհրդանշում է բարեկենդանը, իսկ մեկից չուտելը, որը դրախտի մեջտեղում է, խորհրդանշում է պահքը, որը բարեկենդանի և Զատկի մեջտեղում է: Արդ, բարեկենդանի ու Զատկի օրերը պահքի հետ միասին, կազմում են հիսուն օրը, որը հոբելյանական թիվ է և խորհրդանշում է մեր ազատությունը մեղքերի ծառայությունից ու դարձը՝ դեպի մեր հայրենին, ըստ հոբելյանի օրենքի (Ղևտ. ԻԵ 10): Բարեկենդանի օրը վանքերում, անապատներում, ամենուր չափավոր վայելքներ է թույլատրվում, որը վերցված է Եղիային ուղղված հրեշտակի խոսքից. «Ելի՛ր, կե՛ր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Գ Թագ. ԺԹ 7), և այդ երկար ճանապարհը քառասնօրյա պահքի շրջանն է: Ինչպես օրինակ՝ հասնելով լեռան ստորոտին՝ գրաստի վրայից վերցնում ենք բեռները՝ թույլ տալով մի որոշ ժամանակ արածել, նույնպես և վարվում ենք բարեկենդանի ժամանակ, քանի որ պահքի լեռն ենք բարձրանալու:
Բարեկենդանը խորհրդանշում է հոգու ամբողջովին փարթամացած առաքինությունները, իսկ պահքը՝ չարությունը, որովհետև չարությունից հոգին նվազում է ու կարոտում ամեն բարիքների, ինչպես մարմինն է նվազում պահքից (Վարդան Արևելցի): (Ըստ եկեղեցական օրացույցի, բարեկենդանի օրը պահք է, և եկեղեցում կատարվում են պահոց ժամակարգություններ, սակայն կերակրի տեսանկյունից այդ օրը ուտիք է:)
69. Նավակատիքը թարգմանվում է ուրախության և նորոգման տոն: Ամբողջ տարում երեք տեսակի օրեր կան՝ պահք, ուտիք և սրա միջինը, որը նավակատիք է կոչվում, քանի որ մարդը երեքից է գոյացել, հոգուց, մարմնից և երկուսի խառնումից՝ անձից: Պահքը հոգու համար է, ուտիքը՝ մարմնի, իսկ նավակատիքը՝ անձի: Նմանապես և կերակուրը երեք տեսակի է լինում, նախ՝ միսը, որը կատարյալ կենդանուց է առաջ եկել: Կենդանին կատարյալ է կոչվում, երբ շնչավոր է, ունի հինգ զգայարաններ և շարժվում է: Եվ այս կերակուրը ուտիքին ուտելու համար է: Իսկ խոտը, ընդեղենը և պտուղները պահքի կերակուրներ են, քանի որ անզգա են և անշարժ, այսինքն՝ տեղից տեղ չեն տեղափոխվում և չունեն շունչ: Իսկ նավակատիքի կերակուրը այս երկուսի, այսինքն՝ կենդանիների և բույսերի միջինն է, ինչպես ձուկը, ձուն և կաթնամթերքը: Քանի որ ձուն և կաթը կենդանուց են, սակայն կենդանիներ չեն, իսկ ձուկը կենդանի է կատարյալ զգայարաններով ու շարժմամբ, սակայն օդ չի շնչում, որի համար էլ պակաս է (Ստեփանոս Օրբելյան):
Նյութերը վերցված են <<Խրատանի ապաշխարության>> գրքից: