22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Երբ Հայոց երկրում պտղաբերում և հասունանում է հայկական երկրի խորհրդանիշ «ամենահայկական ծառը»՝ ծիրանենին, ապա դա հուշում է կինոսերներին, որ մոտ է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի մեկնարկը՝ ծիրանօրհնեքը, և մեկշաբաթյա ֆիլմերի դիտումները: Տասներեք տարի անընդմեջ ԱՀԹ-ի տարբեր եկեղեցիներում հավատավոր հայորդիները, կինոսերները և արտերկրից ժամանած հյուրերն առիթ են ունենում մասնակիցը լինելու «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկն ազդարարող ծիրանօրհնեքի արարողությանը: Այս տարի՝ հուլիսի 10-ին, ծիրաններով լի զամբյուղները զարդարել էին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու բակը և Սբ. Խորանը՝ ծիրանաբույրը տարածելով:
Մինչ Սբ. Պատարագի արարողությունը եկեղեցու համայնքը, հոգևորաց դասը և թեմի երիտասարդական կառույցները Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի և թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ դիմավորեցին ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանին, ում հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանը: Արարողությանը ներկա էին փառատոնի հիմնադիր-տնօրեն կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Հարություն Խաչատրյանը, արտերկրից ժամանած հյուրեր, թեմի երիտասարդական կառույցները և հավատացյալ հայորդիներ:
Հավարտ Սբ. Պատարագի Սրբազան Հոր ձեռամբ ծիրանի օրհնության կարգ կատարվեց: Նավասարդ Սրբազանն իր ողջույնի ու օրհնության խոսքն ուղղեց փառատոնի բացման առթիվ: Արարողության ավարտին Սրբազան Հայրն ու փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանն օրհնված ծիրանը հյուրասիրեցին ներկաներին:
Կարինե Սուգիկյան