«Ով առատորեն է սերմանում, առատորեն էլ կնհձի»

Փետրվարի 4-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Ավետիքյան կարիքավոր ընտանիքին: Չորս հոգուց բաղկացած ընտանիքը վարձակալությամբ բնակվում է Հաղթանակ թաղ. 5-րդ փ., 34 տ. հասցեում: Տունը զուրկ է տարրական կենցաղային պայմաններից. տանիքը և պատուհաններն անմխիթար վիճակում են: Ջեռուցող սարքեր չունենալու պատճառով՝ ընտանիքը փորձում է գազօջախով տունը ջեռուցել: Ընտանիքի մայրը՝ Գայանե Ներսիսյանն (34 տ.) ասաց, որ ամուսինը մշտական աշխատանք չունի, և իրենք դժվարանում են տան և կոմունալ վարձերը վճարել, իրենց ամենօրյա կարիքները հոգալ: Ընտանիքի հետ զրույցից հետո Տեր Գրիգորը նրանց հանձնեց եկեղեցու սոցծրագրերի մշտական աջակից ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի կողմից տրամադրած դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար) և սննդի փաթեթներ, որ տրամադրել էր համայնքը: Ավետիքյան ամուսիններն անչափ զգացված էին Տեր Գրիգորի այցից, նրանք իրենց երախտագիտությունը հայտնեցին աջակից Վարդանյան ընտանիքին և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին:

Անկեղծորեն և առատաձեռնորեն ողորմողը չի աղքատանա, քանի որ մերձավորին ձեռք մեկնել՝ նշանակում է սերմանել, իսկ առատորեն սերմանողը առատորեն էլ կհավաքի: Պողոս առաքյալը՝ որպես հիշեցում, զգուշացնում է. «Հիշեցե՛ք՝ ով քիչ է սերմանում, քիչ էլ կհնձի, իսկ ով առատորեն է սերմանում, առատորեն էլ կհնձի» (Բ Կորնթ. 9:6): Եկեղեցու հայրերից Ս. Եփրեմ Ասորին էլ իր հերթին նշում է. «Ով ագահորեն է սերմանում, նրան ապագա կյանքում չի տրվի առատորեն հնձելու հնարավորություն: Իսկ, ով սերմանում է առատորեն, նա Աստծո օրհնությամբ կյանք կհնձի աշխարհի ավարտին»:

Ողորմած մարդը նախ իրեն է օգնում, զորացնում է իր աղոթական կյանքը և նմանվում Աստծուն, Ով Իր մեծագույն ողորմածությամբ, հանուն մարդկության փրկության, Իր Որդուն աշխարհ ուղարկեց. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 3:16):

 

Կարինե Սուգիկյան

04.02.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․