«Երբեմն պատահում է,- հիշում է միտրոպոլիտ Անտոնի Սուրոժսկին,- որ մարդը փորձում է պահք պահել, հետո ձախողվում է և զգում, որ պահած պահքը պղծել է, և ոչինչ չի մնացել իր սխրանքից: Իրականում ամենևին էլ այդպես չէ: Աստված այլ կերպ է նրան նայում: Ես դա սեփական օրինակով կարող եմ բացատրել: Երբ բժիշկ էի, մի շատ աղքատ ռուս ընտանիքով էի զբաղվում: Գումար չէի վերցնում նրանցից, քանի որ չունեին: Բայց Մեծ պահքի վերջերին, որը ես շատ խիստ էի պահում՝ բոլոր կանոններով, ինձ ճաշի հրավիրեցին: Եվ պարզվեց, որ պահքի ողջ ընթացքում նրանք գրոշները հավաքել էին, որպեսզի մի փոքրիկ ճուտ գնեն և հյուրասիրեն ինձ: Նայեցի այդ ճտին և նրանում տեսա պահքի սխրանքիս ավարտը: Իհարկե, կերա մի կտոր: Չէի կարող վիրավորել նրանց: Հետո գնացի խոստովանահորս մոտ և պատմեցի, թե ինչ դժբախտություն է պատահել ինձ, որ պահքի ողջ ընթացքը, կարելի է ասել, կատարելապես պահել եմ, իսկ այժմ՝ Ավագ շաբաթին, մի կտոր հավի միս եմ կերել: Հայր Աֆանասին նայեց ինձ ու ասաց. «Գիտե՞ս ինչ, եթե Աստված նայեր քեզ ու տեսներ, որ ոչ մի մեղք չունես և մի կտոր հավի միսը կարող է պղծել քեզ, Նա կպաշտպաներ քեզ դրանից: Բայց Նա նայեց քեզ ու տեսավ, որ այնքան մեղսավորություն կա քո մեջ, որ ոչ մի հավ չի կարող ավելի պղծել քեզ»: Կարծում եմ շատերը կարող են այս օրինակը մտապահել, որպեսզի կանոններին կուրորեն չհետևեն, այլ առաջին հերթին ազնիվ մարդիկ լինեն: Այո, ես այդ հավից մի կտոր կերա, բայց կերա այն ոչ որպես ինչ-որ պիղծ բան, այլ որպես մարդկային սիրո պարգև: Հայր Ալեքսանդր Շմեմանի գրքերից մեկում նա ասում է, որ աշխարհում ամեն ինչ ոչ այլ ինչ է, եթե ոչ Աստծու սերը: Եվ նույնիսկ կերակուրը, որն ուտում ենք, Աստծու սերն է, որն ուտելի է դարձել»:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը