Քրիստոնեական եկեղեցիներում պատկերների օգտագործելը սկսել է շատ վաղ ժամանակներից: Դեռևս քրիստոնեության ծագման արշալույսին հավատացյալները սովորություն դարձրին եկեղեցու պատերը զարդարել Տիրոջ, Աստվածամոր և սրբերի պատկերներով, որպեսզի ներշնչվեն և օրինակ վերցնեն նրանց կյանքից ու հավատքից: Հայ եկեղեցին ոչ միայն ընդունել է պատկերների օգտագործումը, այլև նրանց մատուցում է պատշաճ հարգանք: Այդ հարգանքն ու մեծարանքը, որ ընծայում ենք պատկերներին, մեր միտքն առ Աստված բարձրացնելով, պատկերինը չէ, այլ Աստծունը՝ Ում անունով որ եկեղեցին օծում է այն: Պատկերի օծման և օրհնության կարգում այդպես էլ ասվում է, որ Աստված այդ պատկերը դարձնի «պատճառ երկրպագութեան համագոյ Երրորդութեան»:
Փրկչական, Աստվածամոր և այլ սրբերի պատկերների գործածությունը ծնունդ է առել առաջին դարից և ծաղկում ապրել 4-րդ դարից հետո:
Հայ եկեղեցում պատկերները տեղադրվում են որոշ կարգով. Ավագ Սեղանի վրա դրվում է Աստվածամոր պատկերը Մանուկ Հիսուսը գրկին, խորանի ներսում՝ 12 առաքյալների, խորաններում և մատուռներում՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի և Սուրբ Ստեփանոս Նախավկայի պատկերները, մկրտարանում՝ Մկրտության պատկերները:
Հայ եկեղեցին պատկերների վերաբերյալ ունի սահմանված հետևյալ կարգը.
1. Ինչպես ամեն մի սպասք, աստվածպաշտական իր, որ մտնում է եկեղեցի, օրհնվում և օծվում է՝ առանձնացվելով հետագա օգտագործման համար, այնպես էլ պատկերները աղոթքով և օծմամբ են կախվում տաճարներում: Այլապես չօծված պատկերները եկեղեցում բարեպաշտության առարկա չեն կարող լինել: Պատկերները օրհնվում և օծվում են Սուրբ Մյուռոնով Մայր Մաշտոցի կանոնի համաձայն:
2. Եկեղեցում դրվելիք պատկերները պետք է նկարված լինեն կտավի վրա յուղաներկով:
3. Մերժում է թղթի պատկերների և արձանների օգտագործումը:
4. Պատկերները պետք է նկարված լինեն վարպետորեն, որպեսզի կարողանան հավատացյալի ջերմեռանդությունը շարժել:
5. Բացի Տերունական և Տիրամոր պատկերներից եկեղեցում ընդունված է ունենալ առաքյալների, հատկապես բեմի աջ և ձախ պատերին Սբ. Թադեոս և Սբ. Բարդուղիմեոս առաքյալների, ինչպես նաև մարգարեների և այլ սրբերի պատկերներ: