Քրիստոսի մանկության պատկերաշարի ուշագրավ թեմաներից մեկը «Փախուստ Եգիպտոսն» է: Այս թեմային հայ մանրանկարչության ոչ բոլոր դպրոցներում են անդրադարձել: Տպավորիչ ու ինքնատիպ կերպով է լուծված «Փախուստ դեպի Եգիպտոս» հորինվածքը ձեռ. № 6319-ում, ուր Մարիամը՝ մանուկը գրկին, ոտքով գնում է Եգիպտոս: Առջևից քայլում է Հովսեփը. նրանք փախչում են թագավորի մանկասպան հրամանից: Նկարում չկա միջավայրն արտահայտող որևէ մանրամաս, և այդ լռությունը դիտողի մեջ առաջ է բերում հուզական ապրումներ: Այդ պատկերը հառնում է կենդանի տպավորությամբ և ընտանիքի նկատմամբ ջերմ զգացումով: Հատկապես ազդու են դեմքերը, հասարակ, երբեմն կոպիտ թվացող այդ դիմագծերը շատ արտահայտիչ են:
Միջնադարյան քրիստոնեական պատկերագրության մեջ «Փախուստի» թեման ներկայացվել է մեծ մասամբ ընդհանուր մի սխեմայով. առջևից քայլող Հովսեփից հետո մանկանը գրկած և ավանակի վրա նստած Մարիամն է: Կան դեպքեր, երբ մանուկը նստած է Հովսեփի ուսերին, իսկ Մարիամը՝ կամ ավանակի, կամ ձիու վրա: Առավել բնորոշ օրինակ է Վասիլ II մենոլոգիումի (979-986 թթ.) մանրանկարը, որտեղ և՛ Մարիամը, և՛ երեխան ավանակի վրա են: Պալերմոյի Պալատինյան մատուռում Մարիամը ձիու կամ ավանակի վրա է, իսկ մանուկ Հիսուսը՝ քայլող Հովսեփի ուսերին: Այս նույն սխեմայի նման է Կահրիե-Ջամիի, «Փախուստի» պատկերը: Առավել հնագույններն են Ռավեննայի Մաքսիմիլիանոսի տաճարում (XIդ.), «Էջմիածնի» ավետարանի փղոսկրե կազմի վրա (VI-VII դդ.), Վենետիկի Ս. Մարկոս եկեղեցում (XII-XIII դդ.) հանդիպող պատկերները և այլն: Կան դեպքեր, երբ Եգիպտոս փախուստի ժամանակ մանուկը քայլում է մոր և հոր կողքից:
Հիշարժան է գերմանական Մետցի դպրոցի գործ համարվող Ավորիայի (տուփ) X դարի քանդակապատկերը: Այդտեղ մանուկը գրկին Մարիամը նույնպես քայլում է. ըստ որում, մասնագետները դա համարում են սակավադեպ արխաիկ օրինակ: Փաստորեն XIII դ. վերջում ապրող հայ մանրանկարչի ձեռքի տակ եղել է «Եգիպտոս փախուստի» շատ հնամենի մի տարբերակ:
№ 7651 Ավետարանում «Փախուստ դեպի Եգիպտոս» նկարում շարժումը ձախից դեպի աջ է, Մարիամը, դիմահայաց արևելյան ձևով, նստած է ավանակին, իսկ Հովսեփը մանուկ Քրիստոսին կրում է ուսերի վրա, ընդ որում նկարիչը դիմել է ավելի բնական ձևի. Մարիամը ավանակի հետ առաջին պլանում է, Հովսեփը մանկան հետ՝ երկրորդ, այնպես որ ավանակի գլուխը նկարված է Հովսեփի հագուստի ֆոնին: Այնուհետև Հովսեփը, երեխան ուսերին, պրոֆիլից է պատկերված՝ շարժվելով դեպի առաջ: Սուրբ ընտանիքը շարժվում է դեպի տաճարը: Թեպետ վերջինիս մասին խոսք չկա Մատթեոսի մոտ, բայց հնուց այն ընդունված է եղել պատկերագրության մեջ (VI-VII): Հովսեփը ներկայացված է որպես հիսունն անց ծերուկ, պալիում հագած, ինչպես ընդունված էր Արևելքում և Բյուզանդիայում, VI-VII դարերից: № 7651 Ավետարանում տեքստը և նկարները ուղեկցում են միմյանց, մեկը ներկայացնում է մյուսին: Ուշագրավն այն է, որ Փարիզի Ազգային գրադարանի cod. gr. 74 Ավետարանում Մանուկը Եգիպտոսի ճանապարհին նկարված է Աստվածամոր գրկում, իսկ այնտեղից Նազարեթ վերադառնալիս՝ Հովսեփի ուսերին: № 7651 Ավետարանի նկարիչը կարծես այդ վերադարձի նկարներից վերցրել է այն դրվագը, որ Փարիզի Ազգային գրադարանի gr. 74-ում Մանուկ Քրիստոսը նստած է Հովսեփի ուսերին՝ Նազարեթ վերադառնալու ճանապարհին:
Կիլիկյան դպրոցի միջնադարյան մանրանկարիչ Սարգիս Պիծակի լուսանցանկարները ունեն շեշտված նշանային բնույթ, այսինքն՝ վերցվում է տվյալ հատվածի բովանդակությունը բնորոշող մի պերսոնաժ կամ սխեմատիկ առարկա: «Փախուստ դեպի Եգիպտոս» թեման լուսանցքում ներկայացված է Հովսեփի երազում հայտնված հրեշտակով, որն զգուշացնում է՝ Մանուկ Հիսուսին և մորը փախցնել Եգիպտոս, խուսափելու համար Հերովդեսի զայրույթից (Մատթեոս 2:13-14):
Ռշտունիքի Ս. Հակոբ եկեղեցու հարավային թևում տեղադրված «Փախուստ դեպի Եգիպտոս» նկարում Աստվածամայրը դիմահայաց դիրքով նստել է ավանակի վրա՝ Հիսուս մանկանը գիրկը դրած: Ետևից քայլում է Հովսեփը՝ գավազանն ուսին: Մյուս ձեռքով նա ցույց է տալիս Աստվածամորն ու որդուն:
Ի դեպ, ավետարանական բնագրում որոշակիորեն չի նշվում, թե Մարիամը Մանուկ Հիսուսին ինչպես է տարել Եգիպտոս. «…Եւ նա յարուցեալ, առ զմանուկն եւ զմայր իւր գիշերի՝ եւ գնաց յԵգիպտոս» (Մատթեոս 2:14): Ընդամենը մի փաստ և ոչ նկարագրություն, որը կոնկրետացվել և լրացվել է նկարիչների երևակայությամբ:
Կազմեց Գայանե Սուգիկյանը