Պատուհանից բացվող տեսարանը

Հիվանդասենյակում երկու ծանր հիվանդ էր պառկած: Նրանցից մեկը պառկած էր պատուհանի մոտ, մյուսը՝ դռան:

- Պատուհանից ի՞նչ է երևում,- մի անգամ հարցրեց դռան մոտ պառկածը:

- Օ՜հ,- աշխուժացավ նրա հարևանը,- ես տեսնում եմ երկինքը, կենդանիներ հիշեցնող ամպերը, մի լճակ ու անտառը հեռվում…

Ամեն օր պատուհանի մոտ պառկածն իր հարևանին պատմում էր, թե ինչ է կատարվում պատուհանից այն կողմ:

Նա նավակ էր տեսնում, մեծ ձուկ բռնած ձկնորսների, լճափին խաղացող երեխաների, պատանի սիրահարների՝ ձեռք ձեռքի տված ու փայլուն աչքերով միմյանց նայող:

Իսկ նրա հարևանին այդ ընթացքում տանջում էր չար նախանձը: «Արդարացի չէ,- մտածում էր նա,- այդ ո՞ր արժանիքների համար են նրան պատուհանի մոտ պառկեցրել, որ գեղեցիկ տեսարաններով զմայլվի, իսկ ես միայն գունաթափ դուռն եմ տեսնում»:

Մի անգամ պատուհանի մոտ պառկած հիվանդը սկսեց սաստիկ հազալ ու խեղդվել: Նա փորձում էր ձգվել դեպի բուժքրոջը կանչելու կոճակը, բայց չէր կարողանում հասնել, քանի որ ցնցվում էր սաստիկ հազից: Հարևանը հետևում էր այս ամենին: Նա հանգիստ կարող էր սեղմել կոճակը, բայց չարեց:

Որոշ ժամանակ անց առաջինը լռեց ու նրա մարմինը ձգվեց անկողնու վրա:

Երբ նրան տարան, հարևանը բուժքրոջը խնդրեց իրեն տեղափոխել պատուհանի մոտ: Բուժքույրը նրա խնդրանքը կատարեց: Նրա անկողինը տեղափոխեց մյուս մահճակալի վրա, օգնեց հիվանդին տեղափոխվել և երբ համոզվեց, որ ամեն ինչ կարգին է, ուղղվեց դեպի դուռը, բայց նրան կանգնեցրեց հիվանդի զարմացած բացականչությունը.

- Ինչպե՜ս: Այս պատուհանը մռայլ պատին է նայում: Բայց մեռնողը պատմում էր ինձ, որ անտառ է տեսնում, լիճ, ամպեր մարդկանց… Նա ինչպե՞ս կարող էր այդ ամենը տեսնել այս պատուհանից:

Բուժքույրը թախիծով ժպտաց.

- Նա ընդհանրապես չէր կարող ոչինչ տեսնել, Ձեր հանգուցյալ հարևանը կույր էր:

- Այդ դեպքում ինչո՞ւ էր… Ինչո՞ւ էր այդ ամենը պատմում ինձ:

- Երևի ուղղակի ցանկանում էր մի փոքր քաջալերել Ձեզ…

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

12.10.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․