5 Հոկտեմբեր, Շբ
Ո՜ւր են հասել այսօրվա երեխաները: Մեկ խոսք անգամ չեն կարող հանդուրժել: Էլ ուր մնաց «կեչու շիլան»* հանդուրժեն: Երեխաներն անհարգալից են, շատ եսասեր ու նյարդաթուլագար: Նրանք չարաշահում են ազատությունը: Երեխան ծնողներին հայտարարում է. «Ես ձեզ ոստիկանություն կտանեմ»: Վերջերս տասնհինգամյա մի դեռահաս այնպիսի զանցանք գործեց, որ հայրն ապտակեց նրան: Այդժամ որդյակը ոստիկանություն գնաց, սեփական հոր դեմ հայց ներկայացրեց և նրան դատարանի առջև կանգնեցրեցին: Դատի ժամանակ հայրն ասաց. «Դուք անարդար դատ եք վարում իմ նկատմամբ: Քանի որ, եթե ես այն ապտակը չտայի որդուս, ապա նա բանտում կհայտնվեր: Եվ նրա համար ձեր սիրտը չէ, որ կցավեր, այլ իմը»: Այդ խոսքերից հետո նա բռնեց պատանի «հայցվորին», երկու ապտակ հասցրեց և ասաց. «Ահա այս ապտակների համար ինձ դատեք, այլ ոչ թե այն մեկի: Այժմ ինձ բանտ նստեցրեք, որովհետև հենց այնպես հարվածեցի նրան»:
Ուզում եմ ասել, թե ուր են հասել երեխաները: Այդպիսին է նրանց այժմյան «մտածելակերպը»: Նախկինում ծնողները մեզ նախատում էին, կարող էին գոտիով էլ ծեծել, բայց մեր մտքում չարություն չկար: Նույնիսկ գոտին քնքշանքի տեղ էինք ընդունում՝ առանց հակաճառելու, առանց խորանալու, թե արդյո՞ք շատ ենք մեղավոր, թե՞ այնքան էլ չէ: Մենք հավատում էինք, որ գոտին էլ է մեզ համար օգտակար: Մենք գիտեինք, որ ծնողները սիրում են մեզ և երբեմն շոյում էին, երբեմն՝ համբուրում, երբեմն՝ վզակոթին տալիս, որովհետև և՛ ծնողի ապտակը, և՛ ծնողի քնքշանքը, և՛ ծնողի համբույրը, այդ ամենը, ինչպե՞ս ավելի լավ արտահայտվեմ, այդ ամենը սիրուց է: Երբ ծնողներն իրենց երեխաներին ծեծում են, իրենց սեփական ծնողական սիրտն է տառապում, իսկ երբ երեխաները ծնողներից ծեծ են ընդունում, ապա նրանց միայն այտն է ցավում: Ստացվում է, որ սրտի ցավն ավելի ուժեղ է, քան ապտակինը: Մայրն ինչ էլ իր երեխաներին անի՝ հանդիմանի, ծեծի, շոյի, այդ ամենը սիրուց է անում, այդ ամենը մայրական միևնույն սիրող սրտից է բխում: Սակայն, երբ երեխաները դա չեն հասկանում և անամոթաբար են խոսում, հակաճառում են ու կամակորություն անում, Աստծո շնորհը վանում են իրենցից: Իսկ դրանից հետո արդեն օրինաչափություն է, որ համապատասխան դիվական ազդեցությունն ընդունեն:
- Հա՛յր, իսկ մի՞թե վայրի ծնողներ չեն լինում:
- Այո՛, լինում են: Սակայն նման ծնողներ ունեցող երեխաներին Աստված է օգնում: Աստված անարդար չէ: Վայրի տանձենիներն էլ են առատ պտուղ տալիս: Աթոսում, դեպի իմ խուցը տանող ճանապարհի եզրին մի վայրի սալորենի է աճում: Բերքի առատությունից նույնիսկ տերևները չեն երևում: Ճյուղերը կոտրվում են դրանց ծանրությունից: Իսկ մշակովի ծառերը [հաճախ] ընդհանրապես չեն պտղաբերում, չնայած որ դրանք սրսկում են:
* Դարձվածք, խորհրդանշորեն նշանակում է պատիժ զանցանքի համար: Հնում Ռուսաստանում ճիպոտ էին պատրաստում կեչու կեղևազուրկ ճյուղերից և դրանով երեխաներին ծեծում խուլիգանության և անկարգության համար: Ծնողական պատժի այդ ձևը հիմնականում ընդունված էր գյուղացիական ընտանիքներում: Երբեմն այն կիրառում էին նաև դպրոցներում: Կեչու ճիպոտները «շիլա» էին կոչվում այն պատճառով, որ խրձի մեջ շատ ճյուղեր կային, և այն պատճառով, որ նման պատիժը միշտ ջերմություն էր առաջացնում մարմնում: Որոշ վայրերում գործածվում էր «կեչու լապշա» արտահայտությունը: Ժողովուրդն ասում էր. «Կեչին խելք է տալիս», «Կեչու շիլայով կերակրել», «Կեչու շիլա տալ»: Այժմ «կեչու շիլա» ճիպոտները դասվում են ֆիզիկական պատիժների շարքին, որոնց կիրառումն արգելված է օրենքով:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի