Նախ և առաջ պետք է Աստծո Արքայությունը փնտրենք: Դա՛ պետք է մեր հոգսը լինի, իսկ մնացածը ավելիով կտրվի (Մտթ. 6:33, Ղուկ. 12:13): Եթե մարդն ինքն իրեն կորցնում է այս կյանքում, ապա կորցնում է իրեն հատկացված ժամանակը, զուր տեղն է վատնում այն: Եթե չի կորցնում և պատրաստվում է մյուս կյանքին, ապա նրա երկրային կյանքն իմաստ ունի: Եթե մյուս կյանքի մասին մտածես, ապա շատ բան է փոխվում: Իսկ այստեղ հարմար դասավորվելու մասին մտածելով՝ մարդը տանջվում է, ուժասպառ լինում ու գնում դեպի հավիտենական տառապանք:
Զգոն եղե՛ք, որպեսզի չվարակվեք անհամբեր անհանգստությամբ և երկրային գործերի հանդեպ մոլի տարվածությամբ. «Հիմա սա պիտի անենք, հետո՝ մյուսը…», որովհետև Արմագեդոնը ձեզ այդ վիճակում կգտնի (Հայտ. 16:15, 16): Շինարարությունների, վերանորոգումների և այլ գործերի հետ կապված անհամբեր անհանգստությունն արդեն իսկ դիվական բան է: Կարգավորումների բռնակը դեպի Քրիստոսը պտտեք, այլապես միայն առերևույթ կթվա, թե Քրիստոսով եք ապրում ձեր կյանքը, իսկ ներսում աշխարհիկ իմաստակությունները կմնան, և վախենամ ձեզ հետ էլ չպատահի այն դժբախտությունը, ինչը հիմար կույսերի հետ պատահեց:
Միայն բարի գործեր չէ, որ ունեին իմաստուն կույսերը (Մտթ. 25:1-13), այլ նաև բարի հոգս՝ նրանք աչք չէին փակում, անտարբեր չէին: Հիմար կույսերն անտարբեր էին և չէին ձգտում արթնության: Այդ պատճառով էլ Տերն ասաց. «Արթուն կացեք» (Մտթ. 25:13): Նրանք կույսեր էին, բայց հիմար, անխելք: Եթե կույսը ծնված օրվանից բանականություն չունի, ապա դա օրհնություն է Աստծուց: Նա առանց քննությունների կանցի մյուս կյանք: Իսկ եթե բանականություն ունի, սակայն անմտորեն է ապրում, ապա Ահեղ Դատաստանի օրն արդարանալու ոչինչ չի ունենա:
Իսկ Մարթայի ու Մարիամի հետ պատահած դե՞պքը, որի մասին պատմվում է Ավետարանում: Տեսնո՞ւմ եք, թե հոգսը Մարթային ինչպես հասցրեց այնտեղ, որ նա իրեն որոշակի առումով անամոթաբար պահեց: Ամեն ինչից դատելով՝ Մարիամն սկզբում օգնում էր նրան, բայց տեսնելով, որ Մարթան չի պատրաստվում ավարտել իր գործերը, թողեց նրան ու հեռացավ: «Ինչպե՞ս զրկվեմ իմ Քրիստոսից՝ հանուն աղցանների ու թխվածքաբլիթների,- մտածեց Մարիամը»: Կարելի է կարծել, թե Քրիստոս նրանց տուն էր գնացել Մարթայի նրբահամ կերակուրներն ուտելու համար: Եվ հենց դա խոցեց Մարթային և նա ասաց. «Տե՛ր, քո հոգը չէ՞, որ քույրս ինձ մենակ է թողել իմ գործի մեջ» (Ղուկ. 10:40):
Ուրեմն ուշադիր լինենք, որպեսզի մեզ հետ էլ չպատահի այն, ինչ Մարթայի հետ պատահեց: Եկեք աղոթենք, որպեսզի բարի Մարիամներ դառնանք:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի