Պետք է սկսելու ցանկություն ունենալ

- Հա՛յր, անփութությունն ինձ որտեղի՞ց:

- Անփութությո՞ւնը: Նրանից, որ մեջդ… մեղր* չկա: Երևում է՝ չգիտես, թե հոգևոր քաղցրությունն ինչ է:

- Իսկ անփութության շրջանից հետո անհրաժեշտ է աստիճանաբա՞ր հունի մեջ մտնել: Առաջին օրը մեկ անգամ տերողորմյայով աղոթել, երկրորդ օրը՝ երկու և այդպես շարունա՞կ:

- Անհրաժեշտ է սկսելու ցանկություն ունենալ, քեզ հարկադրել՝ սկիզբը դնելու: Նույնիսկ երբ մարդը հոգնել է, եթե իրեն մի փոքր հարկադրում է, ապա հոգնածությունն անցնում է, և նա իրեն լավ է զգում: Այդ ոչ մեծ հարկադրանքը մեծ նշանակություն ունի, որովհետև Աստծուն մեր ցանկությունն է անհրաժեշտ միջամտելու համար, և մեզ հենց Աստվածային միջամտությունը կփրկի:

- Հա՛յր, նույնիսկ երբ ժամանակ ունեմ, հոգևոր գործունեությամբ զբաղվելու ցանկություն չկա:

- Այո, երբեմն պատահում է, որ ախորժակ չի լինում, և այդ ժամանակ որոշակի հարկադրանք է պահանջվում: Երբ մարդն անառողջ է, նա ախորժակ չունի, սակայն իրեն ստիպում է՝ ուտելու: Ախորժակ կա-չկա, նա նախ ինչ-որ թեթև բան է ուտում, որովհետև ստամոքսը չի ընդունում, իսկ այնուհետև ախորժակն աստիճանաբար գալիս է: Եթե չուտի, ինչպե՞ս ոտքի կկանգնի: Այդպես էլ դու, չպետք է քեզ քամահրանքով վերաբերվես, որովհետև կվնասվես: Պետք է թեթև հոգևոր սնունդ ընդունես, մինչև աստիճանաբար ուշքի կգաս: Պետք է մի քիչ ջանալ, սկսել:

- Իրականում ինձ համար սկսելն է դժվար՝ հոգևոր գործունեությանը վերադառնալը:

- Որովհետև ձեթդ մնացել-ծանրացել է: Մի քիչ երկրպագություն արա, մի քիչ կարդա, մի քիչ տերողորմյայով աղոթիր, որպեսզի սիրտդ ջերմանա: Ասա՛. «Ընդամենը հինգ երկրպագություն կանեմ»: Եթե շարժիչը գործի ընկնի, հետո չես կարողանա կանգնեցնել, արգելակի անհրաժեշտություն կզգացվի:

 

* Հունարենում «անփութություն» բառը հնչում է «ամելիա» (μέλια), իսկ «մեղր»-ը՝ «մելի» (μέλι), նշանակում է՝ «ամելիա»-ն կարելի է բացատրել որպես մեղրի բացակայություն (խմբ.):

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

30.01.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․