Փոքրիկ զոհողությունների մեծ արժեքը

Փոքրիկ զոհողությունների մեծ արժեքը | Poqrik Zohoghutyunneri Mets Arjeqy

«Լվացվածին ուրիշ բան պետք չէ, բայց միայն ոտքերը լվանալ» (Հովհ. 13.10):

Ա.

Երբ Պետրոսը, Հիսուսի սաստող նկատողությունից ազդված, ջերմագին ցանկություն է հայտնում, որ Հիսուս ոչ միայն նրա ոտքերը, այլև գլուխն ու ձեռքերն էլ լվանա, իբրև բնաբան ընտրված այս հակիրճ դիտողությամբ Փրկիչը փակում է հարցը՝ միևնույն ժամանակ առաքյալների ողջ խմբին ավանդելով մի պատգամ, որում բովանդակվում է ոտնլվայի խորհրդի բարոյական ողջ արժեքը:

Օրինակը վերցված է կյանքի սովորական մի պարագայից: Լոգանք ընդունողը իբրև վերջին գործողություն պետք է ոտքերն էլ լվանա, քանի որ առանց դրա մարմնի լվացումը թերի կլիներ:

Դրվագի իմաստը հետևյալն է. առավելություններով, հոգեկան ու բարոյական բազմապիսի շնորհներով զարդարված լինելը բավական չէ: Եթե դու հոժարակամություն չունես՝ քո շնորհներից բաժին հանելու ուրիշներին, եթե քո մեջ տկար է այլոց օգտակար լինելու և ծառայելու փափագը, ուրեմն զուր է և՛ տաղանդդ, և՛ հավատքդ, և՛ նույնիսկ սիրտդ:

Ինչպես ոտքերի զորեղությունն է անհրաժեշտ մարմինն ու գլուխը վեր պահելու համար, այդպես էլ հույժ կարևոր է ծառայասիրության ոգին մյուս վսեմ հատկությունները արժևորելու համար: Նաբուգոդոնոսորի արձանը կործանվեց, քանի որ թեպետ գլուխը ոսկուց էր, կուրծքը՝ արծաթից, բայց ոտքերը կավից էին: Ծառայասիրության զգացումից է կախված մարդու բարոյական ողջ արժեքը:

Բ.

Այդ զգացումը ծնունդ է տալիս մի շարք գործերի, որոնք թերևս էապես փոքրիկ զոհողություններ կամ երկրորդական պարտականություններ են, սակայն մեծ կարողություն ունեն բարձրագույն առաքինություններն իրենց լրումին հասցնելու տեսանկյունից:

Այստեղ կարելի է մատնանշել դրանցից մի քանիսը, օրինակ՝ բարյացակամությունը, քաղցրաբարոյությունը, բարեկրթությունը և այլն: Չէ՞ որ մեկ բաժակ ջուրը արժեքավոր բան չէ, սակայն ինչպիսի՜ բերկրանք է առաջացնում այն խմողի սրտում, երբ մատուցվում է սիրով: Ավետարանը իբրև այդ արարքի վարձատրություն սահմանում է Երկնքի արքայությունը, այսինքն՝ հոգևոր երանության ողջ գանձարանը:

Ինքնին ի՞նչ արժեք ունի գորովանքով լեցուն արցունքը, որ խոսքի զորությունից էլ տկար է թվում: Բայց ինչպիսի՜ բուժիչ ազդեցություն է այն թողնում տարակույսի ու տրտմության պատճառով ընկճված սրտի խորքում, երբ կարողանում ես այդ արցունքի միջոցով հոգուդ ժպիտը փոխանցել:

Հաճախ կարևորություն չենք տալիս մեր արարքների պարզությանը, բայց դիմացինիդ վստահությունը շահելու համար այդ պարզությունը երբեմն ավելի ազդեցիկ է լինում համայն պերճախոսությունից: Սրտերին տիրելու արվեստն ավելի շուտ հասարակ պարզության մեջ է, քան մտացածին ձևականությունների:

Ֆիզիկական աշխարհում ուժը հաճախ թաքնվում է շա՜տ փոքր արարածների մեջ: Մանրէի թույնն ավելի վտանգավոր է, քան կատաղած գազանի ժահրը: Երկամյա մանկան ուղեղում ավելի շատ գիտակցություն կա, քան փղի վիթխարի գլխում:

Այդպես է նաև բարոյական աշխարհում: Սկզբնապես չնչին սերը, աննշան համակրանքները երբեմն ավելի մեծ հրաշքներ են գործում, քան մեծ ու հանդիսավոր զոհողությունները: Եվ երբեմն էլ փոքրիկ ծառայությունները փառահեղ առաքինություններից ավելի փրկարար դեր են կատարում:

«Լվացվածին ուրիշ բան պետք չէ, բայց միայն ոտքերը լվանալ»:

Գ.

«Հանի՛ր կոշիկներդ ոտքերիցդ, և ապա միայն առաջ գնա»:

Հավատը զորավոր էր Մովսեսի մեջ, նա գիտակից էր իր կոչմանը, բայց այդ ամենը տակավին բավական չէր: Նրան մի բան պակասում էր. ոտքերի մաքրությունն էր դա:

Հավատքի դաշտում, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ Աստծու սիրո բոցով սրբագործված կյանքը, կամքի ու սրտի, հոգու և մտքի սքանչելի առաքինությունների կողքին ու դրանց հետ լծորդաբար պիտի հանդես գան նաև կյանքի ու բարքի շնորհները, առանց որոնց մի բան թերի կլինի:

Ինչպես ծաղիկն է մեռնում մի բուռ հողի պակասի պատճառով, այդպես էլ սերն է թառամում մաղձով ու դառնությամբ լցված մթնոլորտում: «Զիջողությամբ և քաղցրաբարոյությամբ ավելի դյուրին է շահել մարդկանց սրտերը, քան փորձի ու գիտության լույսով»,- ասում է Ոսկեբերանը: Դա մարդկային մտքի կառուցվածքն է. այն ընդվզում է ամեն մի խստության դեմ: Ամեն ինչ պետք է քաղցրությամբ լցված լինի և ոչ թե բռնությամբ:

Կոպտությունը ամեն բան կորստյան է մատնում, տրտմեցնում է սրտերը, ատելություն է ծնում և անգամ բարի բան անելիս այնքան տհաճությամբ է դա անում, որ չի կարողանում ուրախացնել այդ բարիքի հասցեատիրոջը: Մինչդեռ քաղցրաբարոյությունն, ընդհակառակը, գրավում է մարդու սիրտը, բացում է այն և իր բարի խորհուրդներով լցնում:

Դա՛ է սերը, դա՛ է քաղցրությունը: Սերը հոգու կյանքն է, հոգին իսկ է: Երկրորդը վաղանցիկ մի շունչ է միայն, բայց առանց դրա առաջինն ապրել չի կարող: Սիրով առլեցուն սիրտն անօգուտ է ջանում, եթե օծված չէ քաղցրությամբ:

Դ.

Առաքինությունների բուն արժեքը նրանց «հաղորդականության» մեջ է: Իրենք իրենց մեջ ամփոփված ու մեկուսացած բարոյական և հոգևոր առավելությունները հավասար են ոչնչության: Ինչպես որ քայլելու համար ոտքն է մարմնին անհրաժեշտ, այդպես էլ հաղորդակցվելու, ուրիշներին «փոխանցվելու» ընդունակությունն է անհրաժեշտ հոգուն:

Որքան էլ հզոր ու կենդանի լինի հավատդ, ի վերջո տանջանք կդառնա քեզ համար, եթե չկարողանաս այն ծառայեցնել մարդկանց սասանված բարոյական արժեքներն ամրապնդելուն: Հույսերդ կվերածվեն պատրանքների, եթե թևածեն միայն երևակայությանդ վանդակում, և ի վերջո սերդ կվերածվի հիմարության, եթե միայն քո սեփական սիրտը կարողանա ջերմացնել:

Գտի՛ր և ընտրի՛ր շնորհներդ տարածելու ուղիները, դրանցից ակնկալած երջանկությունդ ստացիր ա՛յն մխիթարությունից, որն ուրիշները պիտի ստանան քո շնորհիվ:

Չկա ավելի անբարո մտածում, քան այն սկզբունքը, ըստ որի՝ նպատակն արդարացնում է միջոցները: Ո՛չ, որքան վեհ է նպատակը, այնքան ազնիվ պիտի լինեն միջոցները: Տղմոտ խողովակը պղտորում է մաքուր աղբյուրից բխող զուլալ ջուրը: Եթե միջոցներդ անազնիվ են, ապա նպատակդ կորցնում է գաղափարական գեղեցկությունը: «Մաքրի՛ր ոտքերդ»: Այս պարզ խոսքում վսեմ մի պատգամ կա. ազնի՛վ միջոցներով գործադրիր բոլոր բարի նպատակներդ:

Ե.

Մի շարք հին ժողովուրդների համար ոտքերը նաև բարոյական նշանակություն ունեին: «Ոտքերի ամոթխածություն» (pieds pudiques) կոչվող մի զգացում կար, որն ընդգծում էր ոտքերի կարևորությունը: Թեև այդ սովորությունը գործածությունից դուրս եկավ, բայց դրա ազդեցությունը մնաց լեզվի մեջ:

«Ոտք» հասկացությունը երբեմն փոխաբերաբար նշանակում է «ուղղություն, ճանապարհ, ընթացք» և նույնիսկ «նկարագիր»: Երբ Ժողովողն ասում է. «Զգուշացի՛ր ոտքերիցդ», այդ իմաստն է ակնարկում: Այդ միտքն է թաքնված նաև ժողովրդական ողջամիտ խոսքում. «Մարդուն կարելի է դատել ավելի շուտ նրա գնացած վայրերով, քան արտաբերած խոսքերով»: Սողոմոնն էլ ասում է. «Աստված վեց բանից ամենաշատն է գարշում. չարակն նայվածքից, չարախոս լեզվից, չարախոհ սրտից, չարագործ ձեռքից, չարամիտ վկաներից ու չարագնաց ոտքերից»:

Ուրեմն «ոտքերը մաքուր պահել»՝ նշանակում է այս օրվա խորհրդի թելադրանքով կյանքի պարկեշտ ընթացք ունենալ, պարկեշտ ուղղության հետևել և այդպիսով ինքդ քեզ պատրաստել ծառայություն մատուցելու:

Զ.

«Որպեսզի լվացվողը լիովին սրբվի, պետք է ոտքերն էլ լվանա»: Աշակերտներին անթերիորեն ավանդվել էին հոգևոր ու բարոյական պարտականություններ: Քրիստոս, իբրև վերջին պատգամ, ծառայության ու խոնարհության դասն է ուսուցանում: Հիսուսի նպատակն էր հասկացնել, որ աշակերտների ավետարանական բոլոր ներշնչումները առ ոչինչ կդառնային, եթե նրանք չունենային ծառայասիրության վերոնշյալ ոգին:

 

Թորգոմ արք. Գուշակյան, «Դպրեվանքյան քարոզներ», Փարիզ, 1929 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

21.02.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․