Փրկարար ուղի, որով ընթանում են երիտասարդները

Մայիսի 1-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեց Կոտայքի թեմի սրբավայրեր: Մինչ ուխտի ճանապարհ անցնելը ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, Տեր Վահանի գլխավորությամբ, միասնաբար աղոթեցին:

Առաջին սրբավայրը, ուր այցելեցին երիտասարդ ուխտավորները, Մեղրաձորի Ս. Աստվածածին եկեղեցին էր (19-րդ դ.): Հանուն հայրենիքի խաղաղությանն ուղղված միասնական աղոթքի ավարտին, Տեր Հայրն ընթերցելով և մեկնելով ավետարանական այն հատվածը, ուր Քրիստոս Իրեն անվանում է կյանքի հացը (Հովհ. 6:48-52), հորդորեց երիտասարդներին Քրիստոսի ներկայությամբ ապրել, որպեսզի կյանք ունենան, առավել ևս հավիտենական կյանք. «Թող ձեզ համար քրիստոնեությունը լինի կենդանի հավատք, ներկան կառուցելու կարևորագույն ուղի, ապագայի տեսլական։ Թող ձեզ համար կարևոր լինեն առ Աստված ունեցած հավատքը, Աստծու հետ անցնելիք մեր ճանապարհը, պատվիրանապահությունը, Աստծու առաջ ծնրադրումը, Սուրբ Պատարագների պարգևած մեղքերի խոստովանությունն ու թողությունը, Աստծու հետ հաղորդակցումը»։

Հաջորդ սրբավայր հասնելու համար՝ երիտասարդ ուխտավորները հաղթահարեցին Մեղրաձոր գյուղի  հարավային հատվածում գտնվող անտառապատ բարձունքը: Ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա գտնվող Թեժառույքի վանական համալիրում (13-րդ դ.) երիտասարդները, Տեր Վահանի գլխավորությամբ, մասնակից եղան Խաղաղական ժամերգությանը: Նրանք հերթական անգամ Տիրոջ ողորմությունը հայցեցին՝ հայրենիքի խաղաղության և սահմանների անսասանության համար: Սիրո ճաշով եզրափակվեց երիտասարդների ուխտավորների ուխտի ուղին, որ հերթական անգամ զորացրեց  նրանց՝ ընթանալու Տիրոջ մատնանշած և դեպի փրկության առաջնորդող ուղով:  

Ուղիները, որոնցով ընթանում է մարդ երկրի վրա, թվում է, թե բազմաթիվ ու բազմազան են, ինչպես մարդկային գործունեությունը: Բայց իրականում դրանք երկուսն են՝ մեկը մեղքի ուղին է, մյուսը՝ առաքինության: Առաջին ուղին Ավետարանը կոչում է լայն (Մատթ. 7:13), որ հրապուրում է մարդկանց հարստությամբ, հաճույքներով և այն ամենով, ինչը շոյում է մարդու զգացումներն ու սիրտը: Այսինքն՝ այդ ուղով ընթանում են նրանք, որ դարձել են իրենց կրքերի ու մեղքերի գերին՝ մի կողմ թողնելով Քրիստոսի պատվիրանների բարի լուծը (Մատթ. 11:30): Իսկ մյուս ուղին, ըստ Ավետարանի, կոչվում է նեղ, քանի որ դրանով ընթացողները հանդիպում են բազմաթիվ խոչընդոտների ու դժվարությունների, դրանով ընթացողներն ուրանում են իրենց անձը, վերցնում խաչը և հետևում Քրիստոսին (Մարկ. 8:34): Նրանք, խոնարհությամբ ու զոհողությամբ հաղթահարելով մի շարք փորձություններ, Աստծու ողջ սպառազինությամբ շարունակական պատերազմ են մղում փրկության թշնամիների դեմ (Եփես. 6:10-18):

Լայն ճանապարհն, ըստ Փրկչի խոսքի, տանում է դեպի կործանում (Մատթ. 7:13), ուր հավիտենական տանջանք է (Մատթ. 25:46) և հավիտյանս հավիտենից չարչարվելու են մեղավորները (Հայտն. 20:10): Իսկ ​​նեղ ճանապարհը դեպի կյանք է տանում (Մատթ. 7:14), խոստացված հավիտենական կյանք (Եբր. 9: 15), դեպի կենդանի Աստծու քաղաք՝ երկնային Երուսաղեմ, ուր ո՛չ մահ գոյություն կունենա, ո՛չ սուգ, ո՛չ ողբ, ո՛չ ցավ և ո՛չ հոգնություն, որովհետև նախկիններն անցան գնացին (Հայտն. 21:4):

 

Կարինե Սուգիկյան

02.05.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․