5 Դեկտեմբեր, Եշ
Երբ նպատակը ճանապարհ է ընկնում այն հասնում է իր հանգրվանին, քանզի նպատակն ուղղորդողը` իրագործման այն մեծ ուժն ու հավատն է, որն անգամ մեծ դեգերումներից, միևնույն է ափ է հասցնում: Աստծո հանդեպ հավատարմության և ինքնանվիրաբերման ապացույցը նաև ուխտավոր լինելու առաքելությունն է, որը ճանապարհ գնալու իրավունքը ստանում է հենց Բարձրյալից:
Յուրաքանչյուր քրիստոնյա ուխտավորի համար փրկությունը կամ Աստծո ճանապարհը սկսում է Սուրբ քաղաքից`Երուսաղեմից, երանելի մի սրբավայր, որտեղ` անգամ օդի մեջ, անբացատրելի խաղաղություն կա, անասելի զորություն և օրհնություն, ինչն էլ խոնարհեցնում է հոգիդ լռությամբ: Այստեղ ամեն ինչ հոգեբավ ու հոգեհարազատ է այնքան, որ թվում է, թե հենց սա է քոնը, քո որոնածը. և այդժամ է, որ գիտակցում ես. – Պատվելի Խաչի ծանրությունը սրբորեն կրելու թանկ իրավունքը ընծայվեց նաև քեզ:
Աչքերս երանության բերկրանքն ապրեցին քեզ տեսնելով` Երուսաղեմ, սիրտս խանդավառված երկրպագեց քեզ` նվիրական քաղաք, հոգուս տաճարը լուսավառվեց... և ես ծնկած փարվեցի Սուրբ հողիդ… Փրկության ճանապարհ ելած հայ ուխտավորների` «Մահտեսիների» նավում ես միակը չեմ: Կանթեղված հոգիներում լույսեր վառած հիսուն հավատացյալներին աստվածային կամքն էր մեկտեղել, համախմբել ու Տիրոջ ճշմարիտ լույսի նվիրական հետքերով գնալու նավը նստեցրել: Նպատակը հանգրվանեց Սինա լեռան բարձունքին բազմած սուրբ Հարության տաճարում: Աստվածային լույսի առատությունից հոգիդ մի պահ կանգ է առնում, ուզում ես տարածվել, ձուլվել ու անէանալ… որքան խոստովանանք, զղջում, սեր և ապաշխարություն են ներառել իրենց մեջ տաճարի զորաց այս պատերը… Քանի, քանի գոցված և քարացած սրտեր են տաճարի ներսում բացվել, խոնարհված հոգով մխիթարություն հայցել… - Տեր, բաց իմ առջև Քո ողորմության դուռը, քանզի դու չեկար կանչելու արդարներին, այլ` մեղավորներին ապաշխարության: Սրբագույն կամարների ներքո Քրիստոսի գերեզմանն է ու Գողգոթան` խաչելությունն ու հրաշափառ հարությունը: Իրականը միախառնվել է երկնայինին. Հոգիդ աղավնու պես ճախրանքի ելած շարունակ ձգվում է դեպի վեր, չէ որ Լույսի առկայությունը այստեղ անսահման է: Կաթիլ առ կաթիլ այն հավաքվում և մի ողջ հոգեգոյություն է ստեղծում ` սուրբ էությունից: Հոգիդ վերստին նորոգվելու պահանջ է դնում, Տիրոջ գրկում քեզ վերագտնելու աստվածային խորհրդին մոտեցնում: Ուզում ես ճերմակով պատվել, մոմերը հոգուդ տաճարում վառել, փառաբանման և երկրպագության աղոթք մրմնջալ, արտասուքով զղջալ, օրհնաբանության պատարագը դեպ երկինք առաքել ու աղաղակել. – Տեր մեր, Հիսուս Քրիստոս, բաց է իմ սիրտը քո առաջ, եկ և հավերժ բնակվիր դու այնտեղ:
Տիրոջ Հարության սրբավայրի իրականության մեջ սուրբ պատարագին ամեն օր ես հաղորդակից լինում, ողջ գիշեր տաճարում խոկալու պատվին արժանանում: Երուսաղեմը սրբազան ծեսերի խորհրդավորություն է. Կեսգիշերից ժամեր անց, Հարության Տաճարի ներսում, հույներից հետո, լսվում է հայերին ևս մեծագույն իրավունք վերապահված ոսկեղենիկ մայրենիով մատուցվող շարականների, սաղմոսների ու աղոթքների` հոգիդ ներդաշնակող, Տիրոջ փառաբանումը: Սա միակ վայրն է, ուր մարդկային կյանքն ու հոգեվիճակը միասնական կերպարի ու գույնի մեջ կարող են դրսևորվել: Աշխարհիկ բոլոր երևակայություններն այստեղ անհետանում են և արդարության զանգը Տաճարի ներսում հոգուդ հետ ներդաշնակության ոստն է պատվաստում, սակայն հունձքի ընտրությունը քո սրտին թողնում: Երանելի են ուխտավորները. Սրբոց երկնակամարում` սուրբ եկեղեցիներն ու սրբավայրերն ամենուր են: Ներքին ձայնը մշտապես պահանջ է դնում. Հավասարապես հագեցնել հոգու քաղցը, սրտին լսելի և աչքին տեսանելի դարձնել գոյություն ունեցող բոլոր սրբատեղիները, մասնակիցը լինել քրիստոնեական ծիսակատարություններին, հանդիսավոր թափորներին:
Սուրբ երկրում Սուրբ Ծննդյան հրաշափառությունն է` ԽՈՐՀՈՒՐԴԸ ԽՈՐԻՆ: Բեթղեհեմյան աստղի սուրբ սեղանին, ուր և ծնվեց Քրիստոսը, հայոց հոգևոր երևելիների մի զգալի ընտրանի` բազում նվիրյալների մասնակցությամբ, Աստվածահայտնությունն ավետող ժամերգությունների ու պատարագների վեհաշուք հանդիսություն է իրականացնում: Յուրաքանչյուր ուխտավոր` սպասավորության կանչին ընդառաջ, վառվող մոմերը պարզած` օրվա խորհուրդն ազդարարող լուսապայծառ երթին է միացել:
Իրար հաջորդող սուրբ պատարագներ, ճրագալույց, Նախատոնակ, Ջրօրհնեք…
Տիրոջ ծննդյան սրբավայրը վերածվել է հոգու երգեհոնի, սուրբ խնկաբույրով օծված և փառաբանման աղոթքներով հագեցած օդը ջերմացել է նվիրյալ հավատացյալների հոգու ցնծությունից: Բոլորի շուրթերին Աստվածահայտնության օրհնաբանված Մեծ Ավետիսն է. – Քրիստոս ի մեջ մեր ծնվեցավ…
Սուրբ երկրում հոգևոր տաճարների ու սրբավայրերի մի ողջ համաստեղություն կա, որոնք ներդաշնակորեն շղթայված են միմյանց: Մարդասեր Աստծո բարեհաճ աջը ամենուր ուղեկցում է քեզ: Քրիստոսի հետքերով ուխտագնացությունը`լինի դա սուրբ եկեղեցի, լեռ, գետ, այգի, թե մասունք, միևնույն է այդ ամենին հաղորդակից ես լինում հրաշքի լեզվով, յուրաքանչյուր սուրբ դռնով ներս մտնելիս, անգամ դեպի այդ ճանապարհը տանող արահետն անցնելիս, թեկուզ և Վերնատունն ու Հորդանանը հեռվից վայելելիս` նորովի վերագտնելու, վերաիմաստավորվելու սուրբ զգացումը` Արդարության Ճանապարհով, ուղեկցում է քեզ դեպի Անսահմանություն: Քանզի Աստծո Լույսը տարածվող է: Կափառնայում` նավով շրջելիս, ոչ այնքան հեռու հորիզոնից ծովի ալիքները հասանելի են դարձնում Բարձրյալի այստեղ շաղ տված բարեբեր այն հունդերը, որոնք արգասիքն են մարդկության փրկության: Փրկչի աստվածային հայտնությունները ծիլ են տալիս, արմատավորվում միայն բարեբեր հողում:
Ուխտավորի պարտքն է լինել ջահակիր, Սուրբ երկրից ժառանգած Աստծո Լույսը, խորհուրդն ու օրհնությունը տարածել նաև մայր հայրենիքում, սեփական ժողովրդի հոգում:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
Սուսաննա Աբրահամյան